Encyclopedia

Հռոմեական քաղաք-պետությունը Ք.Ա. V–II դարերում

Յուրաքանչյուր բնիկ հռոմեացի մտնում էր որևէ տոհմի և ցեղի մեջ: Հասարակության առաջ նրանց ներկայացնում էին ավագները: Այդ պատճառով էլ նրանք կոչվում էին պատրիկ (հայր ունեցող, այսինքն՝ ազնվածին): Նրանք բոլորը Հռոմի լիիրավ քաղաքացիներ էին:

Պատրիկների և պլեբեյների պայքարը

Պատրիկները իրավահավասար էին և պետության նկատմամբ ունեին հավասար պարտավորություններ:
Սակայն ժամանակի ընթացքում այլ վայրերից Հռոմում էին վերաբնակվել բազմաթիվ մարդիկ: Վերաբնակվածները չունեին Հռոմի քաղաքացու կարգավիճակ: Այլ խոսքով`   նրանք չէին կարող օգտվել հասարակական դաշտից, մասնակցել պետական մարմինների աշխատանքներին: Պատրիկները նրանց բոլորին արհամարհանքով անվանում էին պլեբեյներ՝ եկվորներ:
Ք.ա. V դարի սկզբից մինչև Ք.ա. III դարի կեսերը պլեբեյները պայքարում էին իրավահավասարության համար: Ի վերջո նրանք հասան իրենց նպատակին՝ ստիպելով պատրիկներին գնալ զիջումների: Նրանք իրավունք ձեռք բերեցին ստանալու հողակտոր, մասնակցելու Աշխարհաժողովին, ընտրվելու Ծերակույտի (սենատի) կազմում, զբաղեցնելու բարձրագույն պետական, ռազմական և քրմական պաշտոններ: Վերացվեց պարտային ստրկությունը: Օրինականացվեց պատրիկների և պլեբեյների ամուսնությունը: Ստեղծվեցին գրավոր օրենքներ՝ այսպես կոչված Տասներկու տախտակների օրենքները:
Պատրիկների և պլեբեյների աստիճանական միավորմամբ կազմավորվեց միասնական հռոմեական ժողովուրդը: Պատրիկների և պլեբեյների վերնախավից ձևավորվեց նոր ավագանի:
 
Հանրապետության կառուցվածքը
 
Պատրիկների և պլեբեյների պայքարի ընթացքում Հռոմում ամրապնդվեց ժողովրդավարությունը: Մեծացավ Աշխարհաժողովի դերը: Այն հրավիրվում էր ամիսը մեկ կամ երկու անգամ քաղաքից դուրս՝ Մարսյան դաշտում: Քաղաքացիները քննարկում և քվեարկում էին կարևորագույն հարցեր: Այստեղ էին ընտրվում և հաշվետվություն ներկայացնում պետական բոլոր պաշտոնյաները:
Պետական մյուս կարևոր հաստատությունը Ծերակույտն էր, որը վարում էր պետության ընթացիկ գործերը: Ի տարբերություն Աշխարհաժողովի՝ Ծերակույտը գործում էր մշտապես: Նրա ընդունած որոշումները հաստատվում էին Աշխարհաժողովում:
Ք.ա. III դարից սկսած՝ Ծերակույտի դերը կտրուկ աճեց: Դրա կազմում արդեն ընտրվում էին պատրիկների և պլեբեյների վերնախավի այն ներկայացուցիչները, ովքեր վարել էին պետական բարձր պաշտոններ և աչքի ընկել արիությամբ ու առաքինությամբ:
Աշխարհաժողովի և Ծերակույտի որոշումներն ի կատար էր ածում կառավարությունը: Վերջինս գլխավորւմ էին երկու կոնսուլները: Նրանք օժտված էին գերագույն իշխանությամբ: Կոնսուլներն առաջնորդում էին նաև բանակը, պետությունը ներկայացնում միջազգային հարաբերություններում:
Հունաստանի նման, Հռոմում ևս բոլոր պաշտոնյաներն ընտրվում էին մեկ տարով: Նրանք ենթակա էին օրենքներին և զանցանքի համար պատասխանատու էին դատարանի առաջ: Պաշտոնյաները ծառայության համար չէին վարձատրվում. դա պատվի գործ էր:
 
Հռոմեական բանակը
 
Բանակը յուրահատուկ տեղ ուներ հռոմեական պետությունում, որի կորիզը լեգիոնն էր: Այն կազմված էր հատուկ պատրաստություն անցած 6 հազար զինվորից: Լեգիոնը բաժանվում էր հարյուրյակների: Դրանցից վեցը կազմում էին մեկ գումարտակ: Ստորաբաժանումներից յուրաքանչյուրն ուներ իր հրամանատարը, որն անվերապահորեն ենթարկվում էր վերադասին: Զինվորների ընտիր մարզվածությունը, սպառազինությունը և երկաթյա կարգապահությունը լեգիոնը դարձրին ժամանակի լավագույն ռազմական ուժը:
Տարբեր բնագավառներում կատարված բարեփոխումները Հռոմը դարձրին զորեղ պետություն:
Հռոմը սկսեց քայլեր ձեռնարկել ամբողջ Իտալիան իրեն ենթարկելու ուղղությամբ: Այդ գործընթացը տևեց Ք. ա. VI դարից մինչև Ք. ա. III դարի կեսերը: Հռոմն առաջնորդվում էր «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքով:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.