Encyclopedia

Պատմության արշալույսը Հին Հռոմում

Հռոմի պատմությունը սկզբնավորվել ու ծավալվել է Իտալիայում`   Ապենինյան թերակղզում:

Հին Իտալիայի բնական պայմանները և ազգաբնակչությունը 

Իտալիայի ափերը երեք կողմից ողողում են Միջերկրական ծովի ջրերը: Ալպյան լեռները հյուսիսից բաժանում են երկիրը մնացած Եվրոպայից: Իտալիայի մասն են կազմում նաև հարակից կղզիները, որոնցից ամենամեծը Սիցիլիան է: 
Հյուսիսում կան ջրառատ գետեր, արգավանդ դաշտեր, առատ բուսականություն, հարավը քարքարոտ է, սակավահող: Ընդերքը հարուստ է պղնձով, անագով, երկաթով, ոսկով ու արծաթով:
Հնուց ի վեր Իտալիայում բնակվում էին տարբեր ցեղեր ու ցեղախմբեր: Նրանք զբաղվում էին երկրա գործությամբ, անասնապահությամբ, արհեստներով: Հյուսիսում ապրող ժողովուրդներից հայտնի էին էտրուսկները, Միջին Իտալիայում՝ լատինները, իսկ հարավում՝ հույները, որոնք գաղութացման ալիքով էին այստեղ հաստատվել: 
 
Հռոմը թագավորական դարաշրջանում 
 
Հռոմ քաղաք–պետությունը հիմնվել է Ք.ա. 753 թ. Միջին Իտալիայում՝ Տիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա: Համաձայն ավանդույթի`   Հռոմի հիմնադիրը հերոս Հռոմուլոսն էր: Նա միավորել էր հարևան ցեղերը`   տալով քաղաքին ու պետությանը իր անունը: Սկսվել էր Հռոմի պատմության արքայական դարաշրջանը, որը տևեց մոտ երկու հարյուր հիսուն տարի: Այդ ընթացքում միմյանց հաջորդեցին յոթ արքա: 
Հռոմում դեռևս պահպանվել էին տոհմացեղային կենցաղի շատ վերապրուկներ: Հասարակական կյանքի կարևորագույն օղակն ընտանիքն էր: Հայրը բացարձակ իշխանություն ուներ կնոջ և զավակների նկատմամբ: Արյունակից ընտանիքները միավորվում էին տոհմի մեջ`   առաջնորդի ղեկավարությամբ: Տոհմերն իրենց հերթին միավորվում և կազմում էին ցեղ, որի առաջնորդն ընտրվում էր ամենաազդեցիկ տոհմերի ավագներից:
Ցեղին պատկանող ընդհանուր հողատարածքը պարբերաբար վերաբաժանվում էր ըստ տոհմերի և ընտանիքների անդամների: Հետագայում այդ կարգը խախտվեց: Ավելի ուժեղներն իրենց ամրակցեցին մեծ ու բերրի հողակտորներ: Այդուհանդերձ, հողի միակ սեփականատերը ցեղն էր: Այդ իրավունքը փոխանցվեց հռոմեական պետությանը, որի հողատարածքները կոչվում էին հասարակական դաշտ: Ցեղակիցները, ապա նաև հռոմեական քաղաքացիները ձևականորեն ունեին հավասար իրավունքներ և պարտականություններ: Սակայն գերակայում էր տոհմական ավագանին:
Բոլոր չափահաս տղամարդիկ, Հռոմի քաղաքացի ճանաչվելով, իրավունք էին ստանում ընտանիք կազմելու և հասարակական դաշտից հողակտոր ձեռք բերելու: Նրանք դառնում էին նաև զինվոր`   պատրաստ կյանքով պաշտպանելու հայրենիքը: Քաղաքացիների իրավունքն էր մասնակցել Աշխարհաժողովին: 
Տոհմերի ավագները (շուրջ 300 հոգի) կազմում էին հռոմեական պետության գերագույն մարմինը`   Ծերակույտը (Սենատ): Այն որոշումներ էր կայացնում պետական կյանքի բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ և հետևում դրանց կատարմանը:
Պետության գլուխ կանգնած էր արքան, որի իշխանությունը, սակայն, ժառանգական չէր: Նրան ընտրում էր Ծերակույտը`   Աշխարհաժողովի հավանությամբ: Արքան գերագույն քուրմն էր, ռազմական առաջնորդը և դատավորը:
 
Հանրապետական կարգի հաստատումը
 
Տոհմացեղային վերապրուկները խոչընդոտում էին պետության կայացմանը:
Հռոմի արքա Սերվիոս Տուլիոսը Ք.ա. VI դարի կեսերին բարենորոգումներ կատարեց: Իրականացրեց տարածքային և վարչական բաժանում: Քաղաքացիներին բաժանեց դասերի՝ ըստ նրանց տարեկան եկամտի չափի: Այսինքն`   մարդկանց հասարակական դիրքը որոշվում էր նրանց վաստակով, բայց ոչ սոսկ ծագմամբ:
Այդ բարենորոգումները տեղիք տվին ներքին հակասությունների: Դրանից օգտվելով`   Հռոմի վերջին արքան՝ Տարքվինիոսը, որոշեց իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Նա, իրեն վեր դասելով օրենքներից, բռնություններ գործադրեց: Արդյունքում Հռոմի բնակչությունը Ք.ա. 510 թ. արտաքսեց արքային:
Աշխարհաժողովը և Ծերակույտը որոշեցին Հռոմում վերացնել արքայական իշխանությունը և հաստատել հանրապետություն (ռեսպուբլիկա): Սակայն վաղ Հռոմեական հանրապետությունում կրկին գերիշխում էր ավագանին: Նրանից էին ընտրվում պետության բարձրագույն պաշտոնյաները`   կոնսուլները:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.