Encyclopedia

Հունաստանը Ք.Ա. V դարում

Ք.ա. VI դարի վերջին պարսիկներն իրենց տիրապետությունը հաստատեցին Փոքր Ասիայի առափնյա հունական պոլիսների վրա՝ Միլեթ, Եփեսոս, Հալիկառնաս:

Հույն–պարսկական պատերազմները (Ք.ա. 500–449 թթ.) 

Պարսիկներ վերացրին ժողովրդավարական կարգերը և իշխանությունը հանձնեցին իրենց հնազանդ տիրաններին: Դրանից հետո պարսիկները նպատակ դրեցին գրավելու Էգեյան ծովի կղզիները և Բալկանյան Հունաստանը: 

Ք.ա. 490 թ. Աքեմենյան Իրանի բանակն ափ իջավ Ատտիկայի առափնյա Մարաթոնի դաշտում: Սակայն աթենական աշխարհազորը Միլթիադեսի գլխավորությամբ կատարյալ հաղթանակ տարավ: 
Պարսիկների գլխավոր արշավանքը տեղի ունեցավ Ք.ա. 480–479 թթ.: Արշավանքը ղեկավարում էր Քսերքսես արքան: Պարսիկներին դիմագրավելու նպատակով աթենական առաջնորդ Թեմիստոկլեսը մշակեց ծովային պատերազմի ծրագիրը: Դրա էությունը հետևյալն էր. ստեղծել ռազմական ուժեղ նավատորմ և ապագա պատերազմի ելքը վճռել ծովում, որտեղ հակառակորդը թույլ էր: 
Այս անգամ պարսից հարյուր հազարանոց բանակը հյուսիսից մտավ Հունաստան: Թերմոպիլյան կիրճում Սպարտայի արքա Լեոնիդասը փորձեց կանգնեցնել հակառակորդին, բայց ուժերը խիստ անհավասար էին: Նա ընկավ իր 300 մարտիկների հետ: Սերունդների հիշողության մեջ Լեոնիդասը մնաց իբրև հերոսության ու փառքի մարմնացում:
Հակառակորդը ներխուժեց Ատտիկա, որտեղից բնակչությունը հասցրել էր տեղափոխվել Սալամին կղզի: Սալամինի ծովածոցում աթենական նավատորմը փայլուն հաղթանակ տարավ: Քսերքսեսը թողեց իր բանակը և վերադարձավ: Նա այլևս չէր հավատում իր հաղթանակին: 
Դրանից հետո պատերազմն ընթացավ Էգեյան ծովի կղզիներում և Փոքր Ասիայում: Ի վերջո Ք.ա. 449 թ. կնքվեց հաշտության դաշնագիր: Պարսիկները հրաժարվում էին նվաճողական ծրագրերից և խոստանում այլևս չմիջամտել Հունաստանի ներքին գործերին:
Հույն–պարսկական պատերազմներն ավարտվեցին հունական պոլիսների հաղթանակով:
 
Պերիկլեսյան դարաշրջանի Աթենքը (Ք.ա. 444–429 թթ.) 
 
Հույն–պարսկական պատերազմների ընթացքում Հունաստանում տեղի ունեցավ ժողովրդավարության հետագա խորացում: Կատարվեցին բարենորոգումներ, որոնք իրենց տրամաբանական ավարտին հանգեցին ականավոր պետական գործիչ Պերիկլեսի օրոք: Տասնհինգ տարի անընդմեջ նա ընտրվեց առաջին ստրատեգոս: 
Պերիկլեսը կարգավորեց Աթենքի հասարակական կյանքի բոլոր կողմերը՝ կարևորելով նախ և առաջ քաղաքացիության հարցը: Քաղաքացի ճանաչվեցին շուրջ 50 000 չափահաս տղամարդիկ, որոնց ծնողները աթենացիներ էին: Կանայք ու երեխաները, ինչպես նաև բազմաքանակ օտարերկրացիները, որոնք բնակվում էին Ատտիկայում, քաղաքացի չէին համարվում: Աթենացիների հետ նրանք կազմում էին երկրի ազատ բնակչությու նը՝ մոտ 350 000 մարդ: 
Նրանց հակադրված էին անազատները՝ մեծ մասամբ օտար ծագումով ստրուկներ: Նրանք պատկանում էին իրենց տերերին, իրավազուրկ էին և կազմում էին Ատտիկայի բնակչության մոտ 20 տոկոսը: 
Պերիկլեսն օրենքով սահմանեց քաղաքացիների իրավահավասարությունը: Անկախ իրենց ունեցվածքային, մտավոր ու կրթական մակարդակից՝ Աթենքի քաղաքացիներն օրենքի առաջ հավասար էին: Պետական պաշտոն վարելու համար սահմանվեց աշխատավարձ: Ամենաաղքատ քաղաքացիներն անգամ հնարավորություն ստացան մասնակցելու պետական գործերին: 
Մեծացավ Աշխարհաժողովի դերը: Այն ընդունում էր պետական բոլոր օրենքները և հետևում դրանց կատարմանը: Աշխարհաժողովը պարբերաբար քննարկում էր բոլոր պաշտոնյաների հաշվետվությունը, որոշում արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրները: Իսկ ընթացիկ խնդիրները լուծում էր Պետական խորհուրդը, որը ենթակա էր Աշխարհաժողովին:
Պերիկլեսյան Աթենքը դարձավ արվեստների և գիտության կենտրոն: Այստեղ ապրում ու ստեղծագործում էին շատ նշանավոր պատմագիրներ, իմաստասերներ, թատերագիրներ, ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ: Քաղաքում կառուցվեցին բազմաթիվ տաճարներ, պետական ու բնակելի շինություններ: Աթենքը վերածվեց Հունաստանի մշակութային կենտրոնի:
 
Պոլիսային կարգի անկումը 
 
Ք.ա. 431–404 թթ. Հունաստանում ընթացավ այսպես կոչված Պելոպոնեսյան պատերազմը: Հույները կռվում էին միմյանց դեմ՝ հողի, հարստության և ազդեցության համար: Հիմնական ախոյանները Աթենքը և Սպարտան էին: Իրանի նյութական օժանդակությամբ Սպարտան կորզեց հաղթանակը:  Պատերազմը քայքայեց երկրի տնտեսությունը, սրեց նեքին հակասությունները: Դրան հետևեցին սովն ու համաճարակը: Այս ծանր պայմաններում հունական զարգացած պոլիսներում միաձույլ դեմոսը սկսեց վերասերվել ամբոխի: Նրան օտար դարձան բարձր գաղափարները: Ի հայտ եկավ քաղաքական գործիչների մի նոր սերունդ, որն առաջնորդվում էր ոչ թե հասարակության, այլ սեփական շահերով:
Նրանց կոչում էին ամբոխավարներ: Ընտրակաշառքով և գեղեցիկ խոստումներով նրանք ժողովրդին դարձնում էին կույր գործիք:
Ընդունված է համարել, որ այս իրադարձություններով ավարտվեց Հին Հունաստա-նի դասական դարաշրջանի պատմությունը:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.