Encyclopedia

Հին Սպարտան և Աթենքը

Սպարտան Բալկանյան Հունաստանի հարավում էր՝ Լակոնիայում: Հնագույն ժամանակներում այստեղ ապրում էին աքայացիները: Ք.ա. XII դարում երկրամասը գրավեցին դորիական ցեղերը:

Սպարտայի հասարակական կարգը

Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ սպարտիատներից և հելոտներից:
Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց: Հողը պատկանում էր համայնքին: Սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով: Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը:
Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով: Վերջիններս պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել սահմանված չափի հարկ՝ բնամթերքով:
Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին. ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու: Ունեին իրենց ընտանիքը և փոքրիկ տնտեսությունը: Հելոտները զուրկ էին տարրական իրավունքներից: 
 
Սպարտայի պետական կառավարումը
 
Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքա: Ըստ ավանդույթի՝ նրանք սերում էին հերոս Հերակլեսից: Արքաների իշխանությունը ժառանգական էր:
Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:
Կառավարման մարմիններից էր Աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները: Աշխարհաժողովը հրա վիր վում էր ամի սը մեկ անգամ: Իրավասությունները սահմանափակ էին:
Հատկանշական էին սպարտացիների համատեղ ճաշկերույթները: Տարբեր տարիքի ու դիրքի 15–20 տղա մարդ ամեն օր ճաշում էին միասին: Դա առիթ էր մտերմիկ շփման: Քննարկվում էին պետական կարևոր հարցեր: Համատեղ ճաշկերույթները նպաստում էին սերունդների միջև փորձի փոխանակմանը և կապի ամրապնդմանը:
Պետության հզորության հիմքը բանակն էր:
Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում (Պելոպոնես): Սպարտայի կողմն անցան նաև Միջին Հունաստանի այնպիսի զարգացած պոլիսներ, ինչպիսիք էին Կորնթոսը և Մեգարան: Եվ Ք.ա. VI դարում ձևավորվեց Պելոպոնեսյան միությունը:
 
Աթենքը Ք.ա. VII–VI դարերում
 
Աթենական պոլիսը Միջին Հունաստանի Ատտիկա մարզում էր: Ք.ա. VII դարում աստիճանաբար ձևավորվեց Աթենքի քաղաքական կարգը: Անցումը պետականության ուղեկցվում էր տոհմային ավագանու և դեմոսի միջև սուր բախումներով: Երկրում տիրող լարված իրավիճակը շտկելու նպատակով Աթենքի կառավարիչ Սոլոնը Ք.ա. 594 թ. բարենորոգումներ ձեռնարկեց: Նա վերացրեց պարտային ստրկությու նը: Պետության միջոցներով փրկագնեց այն աթենացիներին, որոնք ստրկության էին վաճառվել արտերկիր: Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին: Ըստ ունեցվածքի՝ աթենացիներին բաժանեց չորս խավի՝ հիմք ընդունելով նրանց տարեկան եկամուտը: Ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ:
Սոլոնը բարեփոխեց նաև աթենական պետությունը: Սկսեց պարբերաբար հրավիրել Աշխարհաժողովի (էկլեսիա) և ժողովրդական դատարանի նիստեր: Դրանց մասնակցելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները: Գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունևոր քաղաքացիները: Սոլոնը համոզված էր, որ դա պետք է շահագրգռի աղքատներին՝ հարստանալու և հավասարվելու նրանց:
Կատարեց նաև դրամական բարեփոխություն՝ դյուրացնելով Ատտիկայի առևտրական հարաբերությունները այլ երկրների հետ:
Սոլոնից հետո, սակայն, իրավիճակն Աթենքում ավելի սրվեց: Պայքար սկսվեց տարբեր խմբավորումների միջև: Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և որպես տիրան կառավարեց երեսուն տարի:
Նա շարունակեց էվպատրիդների հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը: Ստեղծվեց ոստիկանություն, ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենքն ու արդարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր:
Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը: Էգեյան ծովի ավազանում հաստատվեց Աթենքի տնտեսական գերակայությունը:
Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը: Բանաստեղծները կարգաբերեցին Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմների տեքստերը:
Կլիսթենեսը շարունակեց իր նախորդների բարենորոգումները: Նա դարձավ ժողովրդավարական կարգերի իրական կերտողը: Կլիսթենեսը Ք.ա. 506 թ. Ատտիկայի տարածքը բաժանեց վարչական տասը շրջանների: Դրանք իրենց հերթին բաժանված էին գյուղերի, որոնք կառավարում էին պետական պաշտոնյաները: Աթենացիներն սկսեցին ապրել համապետական օրենքներով:
Պետական խորհրդի կազմում քաղաքացիներն սկսեցին ընտրվել առանց ունեցվածքային տարբերությունների: Նույն
սկզբունքով ստեղծվեց կառավարման նոր բարձրագույն մարմինը՝ ստրատեգոսների խորհուրդը: Ստրատեգոսները տասն էին՝ ընտրված ամենահեղինակավոր քաղաքացիներից:
Կլիսթենեսի նորամուծություններից էր նաև օստրակիզմի իրավունքը: Դրա էությունն այն էր, որ ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով լքում էր Աթենքը: Օստրակիզմը կարևոր դեր խաղաց աթենական ժողովրդավարության կայացման գործում:
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.