Encyclopedia

Վանի թագավորությունը վերջին գահակալների օրոք։ Թագավորության անկումը։

Սարդուրի Բ-ին հաջորդած Ռուսա Ա-ն (Ք.ա. 735-713 թթ.) հսկայական ջանքեր գործադրեց պետության հզորությունը վերականգնելու համար։ Նա մեծ նվաճումներ կատարեց Սևանա լճի ավազանում և նրանից արևելք ու հարավ ընկած տարածքներում։

Ամենուրեք կառուցվում էին ամրոցներ՝ պետության իշխանությունը նվաճված երկրներում ամրապնդելու համար։ Նա ստիպված էր ծանր կռիվներ մղել Հյուսիսային Կովկասից ներխուժած կիմմերական ցեղերի դեմ, որոնք սկզբում ծանր հարվածներ հասցրին Վանի թագավորությանը։ Ի վերջո Ռուսայի դիվանագիտությունը հաղթեց, և վտանգավոր թշնամին նրա հորդորներով շարժվեց դեպի Փոքր Ասիա։ Կիմմերները հաստատվեցին Կապադովկիայում, որը նրանց անունով ստացավ Գամիրք անվանումը։ Այստեղից նրանք հաճախակի հարձակվում էին Ասորեստանի վրա։

Վանի թագավորությունը ծանր հարված ստացավ Ռուսա Ա-ի գահակալության վերջին շրջանում։ Ռուսա Ա-ն սկզբում ամեն կերպ խուսափում էր Ասորեստանի հետ բախումից։ Իսկ երբ պարզ դարձավ, որ դա անհնար է, նա սկսեց վարել արտաքին ակտիվ քաղաքականություն։ Դրան ի պատասխան, ասորեստանյան բանակը Ք.ա. 714 թ. ներխուժեց թագավորության կենտրոնական երկրամասերը։ Թշնամին՝ անխնա ավերելով ու ավարի ենթարկելով երկիրը, անգթորեն ոչնչացնում էր ոչ միայն բնակավայրերը, այլև այգիներն ու ցանքսերը։ Վերադարձի ճանապարհին թշնամին հարձակվեց Վանի թագավորությանը ենթակա Մուծածիրի իշխանության վրա, որտեղ գտնվում էր թագավորության գլխավոր աստված Խալդիի հռչակավոր մեհյանը։ Մեհյանը, որն իր ոճով հիշեցնում էր Գառնիի տաճարի նախատիպը, ավերվեց և կողոպտվեց։
 
Այսուհանդերձ, դրանից հետո կիմմերական ցեղերի և այնուհետև քաղաքական ասպարեզում հայտնված սկյութական ցեղերի արշավանքները նշանակալից չափով մեղմացրին հակամարտությունը երկու երկրների միջև։ Բախումները նրանց միջև գործնականում դադարեցին։ Վանի թագավորությունը հզորության մի փայլատակում էլ ունեցավ Ռուսա Բ-ի օրոք (Ք.ա. 685-645 թթ.)։ Նա հայտնի էր շինարարական աշխատանքներով Տուշպայում և Այրարատյան դաշտում, որտեղ նրա ջանքերով կառուցվեց Թեյշեբաինի քաղաքը (ներկայիս Կարմիր բլուրը Երևանի տարածքում)։ Թեյշեբաինին աստիճանաբար վերածվեց երկրամասի տնտեսական կենտրոնի և հյուսիսային կարևոր ռազմական հենակետի։ Հնարավոր եղավ կասեցնել սկյութների արշավանքները, և վերջիններս անգամ բարեկամական հարաբերություններ հաստատեցին Ռուսա Բ-ի հետ։ Ռուսա Բ-ից հետո հիշատակվում են ևս մի քանի գահակալներ, սակայն նրանք չկարողացան վերականգնել պետության երբեմնի հզորությունը։ Վանի թագավորությունը գնալով թուլանում էր։ Շուտով նրա մի մասում հանդես եկավ Պարույր Սկայորդու թագավորությունը, որը Մարական թագավորության կողմից ճանաչվեց Հայոց թագավոր։
 
Աղբյուր`   Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.