Encyclopedia

Վանի թագավորությանն Առաջավոր Ասիայի հզոր տերության

Վանի թագավորությունը նշանակալից չափով ամրապնդվեց Իշպուինիի գահակալության շրջանում։

Նա և նրա որդի Մենուան (Ք.ա. 810-786 թթ.) մեծապես ընդարձակեցին իրենց թագավորության տարածքը՝ ծավալվելով դեպի Արածանի գետի հովիտը և Ուրմիո լճի ավազանի հարավային շրջանները։ Սակայն Վանի թագավորությունն էապես հզորացավ Մենուայի օրոք։ Նրան հաջողվեց իրեն ենթարկել ոչ միայն Հայկական Լեռնաշխարհի մեծ մասը, այլև համառ պայքար սկսել Ասորեստանի դեմ՝ Առաջավոր Ասիայում քաղաքական գերիշխանության հասնելու համար։ Նրա օրոք գրավվեցին Այրարատյան դաշտի հարավային մասը, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մի շարք շրջաններ, Դիաուեխի երկիրը, իսկ Մասիս լեռան հյուսիսային փեշերին կառուցվեց Մենուախինիլի քաղաքը։

Մենուայի կառավարման շրջանում նվաճված ցեղերի վրա պետության գերիշխանությունն ապահովելու համար կառուցվում են հզոր ամրոցներ ոչ միայն տերության կենտրոնական երկրամասերում, այլև ծայրամասային մարզերում։ Մենուան ավարտեց դեռևս Սարդուրի Ա-ի ժամանակ սկսված մայրաքաղաք Տուշպայի պաշտպանական կառույցների շինարարությունը։ Արքունիքը հոգ էր տանում գյուղատնտեսության զարգացմանը՝ մեծ ուշադրություն նվիրելով, առաջին հերթին, այգիների և ցանքատարածությունների ընդլայնմանը։ Մենուայի ժամանակներից սկսած երկրում մեծ զարկ տրվեց ջրանցքաշինությանը, որի շնորհիվ յուրացվեցին և ոռոգվեցին ընդարձակ հողատարածություններ։ Թագավորը Հայոց ձոր (այժմ՝ Խոշաբ) գետից 72 կմ երկարությամբ ջրանցք կառուցեց մինչև պետության մայրաքաղաք Տուշպա։ Ջրանցքն այնքան լավ էր կառուցված, որ գործում է մինչև այսօր՝ ջուր մատակարարելով Վանի բնակիչներին և այգիներին։ 
 
Ջրանցքի ամբողջ երկարությամբ Մենուայի թողած արձանագրություններից մեզ են հասել 14-ը, որոնցում նա աստվածների անունից սպառնում է բոլոր նրանց, ովքեր կջարդեն արձանագրությունը և կփորձեն իրենց վերագրել ջրանցքի կառուցումը։ Ավելի ուշ հայերը ջրանցքը կոչում էին Շամիրամի ջուր`   Ասորեստանի թագուհի Շամիրամին վերագրելով դրա կառուցումը։ Մեծ նվաճումների և Ասորեստանի դեմ մղած հաջող կռիվների արդյունքում Վանի թագավորությունը վերածվեց Առաջավոր Ասիայի հզորագույն տերության։
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.