Encyclopedia

Վանի թագավորության ծնունդն ու ամրապնդումը

Ք.ա. IX դարում Հայկյանների Այրարատյան թագավորության՝ Ասորեստանից կրած պարտությունների հետևանքով Հայկական լեռնաշխարհում ծնունդ է առնում մեկ այլ պետություն։ Վերջինս նրա արքաների թողած սեպագիր արձանագրությունների մեջ կոչվում է Բիայնիլիի թագավորություն, իսկ ասորեստանյան արձանագրություններում՝ Ուրարտու։ Եվ քանի որ Բիայնիլի անունից ծագում է Վան քաղաքի անունը, պատմագիտության մեջ ընդունված է այն կոչել Վանի կամ`   համաձայն ասորեստանյան անվանման, Ուրարտուի թագավորություն։

Սկզբում այն փոքր պետություն էր, որ դժվարությամբ դիմադրում էր ասորեստանյան արշավանքներին։ Սակայն քաղաքական բարենպաստ պայմանների շնորհիվ այն աստիճանաբար տարածվում է և ծավալվում։ Շուրջ մեկ դարի ընթացքում զենքի ուժով Վանի թագավորությունն իր իշխանությունն է հաստատում Հայկական լեռնաշխարհի մեծ մասի վրա։ Ասորեստանցիները, որ սկզբում բախվել էին Այրարատյան թագավորության հետ, վերջինիս անունը Ուրարտու արտասանությամբ տարածեցին նոր հանդես եկած պետության վրա։ Վանի թագավորության հիմնադիրը եղել է Սարդուրի Ա-ն, որն իր մայրաքաղաք Տուշպայի (Վանի) կառուցման մասին թողած արձանագրության մեջ իրեն կոչում է «Մեծ արքա, տիեզերքի արքա, Նաիրի երկրի արքա, արքաների արքա, որը բոլոր թագավորներից հարկեր է ստացել»։

Աղբյուր`   Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.