Encyclopedia

Պաշտանմունքը և կրոնը նախնադարյան Հայաստանում

Նախամարդը ոչ մի պատկերացում չուներ պաշտամունքի մասին։ Միայն այն ժամանակ, երբ առաջացավ բանական մարդը, նա փորձեց իմանալ՝ ինչու է անձրև գալիս, կայծակ խփում, հրաբուխ ժայթքում կամ ովքեր են իր նախնիները։

Դրանց պատասխանը չգտնելով՝ այն վերագրեց նախնիներին, կուռքերին, չար ու բարի ոգիներին։ Տոհմերը սովորոբար կարծում էին, թե իրենք առաջացել են որևէ կենդանուց, բույսից կամ առարկայից։ Հաճախ իրենց տոհմերը կոչում էին դրանց անուններով (արծվի, աղավնու, արջի, ցուլի, կաղնու կամ օձի) տոհմեր։ Չհասկանալով բնության մեջ տեղի ունեցող բնական երևույթները (ձյուն, անձրև, կարկուտ, կայծակ, հեղեղ)՝ մարդն սկսեց պաշտել դրանք։ Օրինակ ջրի պաշտանմունքին էին նվիրված ձկնակերպ քարե կուռքերը, որոնց մեր ժողովուրդը կոչում է վիշապներ։

Բնության զարթոնքը, ծառերի ծաղկումը, մահը, հիվանդությունը վերագրում էին բարի և չար ոգիներին։ Զոհեր էին մատուցում նրանց՝ խնդրելով խնայել ու բարյացվակամ լինել իրենց նկատմամբ։ Նախնադարի մարդը կարծում էր, որ մահացածների հոգիները միշտ հետևում են իրենց, հաջողություն կամ անհաջողություն բերում։ Դրա համար նրանց զոհեր էին մատուցում, որ բարյացակամ լինեն, չպատժեն, չանիծեն։ Աստիճանաբար ձևավորվում է կրոնը։ Առաջանում են սիրո, պտղաբերության, որսորդության, անասնապահության և այլ աստվածություններ։
 
Նախնադարյան հասարակության մարդու հավատալիքներն իրենց պատկերումը գտան նոր ձևավորվող արվեստի մեջ։ Մեզ են հասել քարից ու կավից, մետաղներից ու ոսկրից պատրաստված մեծ ու փոքր արձաններ և ժայռերին փորագրված ժայռապատկերներ։ Հատկապես մեծ արվեստով են արված Սյունիքի և Գեղամա լեռների ժայռապատկերները։ Դրանք պատկերում են մարդկանց, կենդանիների, որսի, պաշտամունքային ծիսական շուրջպարերի ու աշխատանքի տեսարաններ։ Ուսումնասիրությունները պարզել են, որ հնում մարդիկ լավ գիտեին իրենց շրջապատող աշխարհը, կենդանիների վարքը, բուսական աշխարհը, օրվա և տարվա տևողությունն ու եղանակները, թռչունների ձվադրման շրջանը և այլն։
 
Աղբյուր`   www.lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.