Encyclopedia

Ջութակ

Ջութակը (իտալերեն՝ violino) լարային աղեղնավոր երաժշտական գործիք է, ջութակների ընտանիքում (ալտ, թավջութակ, կոնտրաբաս) ռեգիստրով ամենաբարձրն է: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:

Ջութակն ունի չորս լար: Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի սոլ, առաջին օկտավայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի): Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցիկատոն:

Չափը չի գերացանցում 600 մմ: Ուսուցման ժամանակ օգտագործվում են 1/16, 1/8, 1/4, 1/2 չափերը, քանի որ երեխաներն սկսում են պարապել երեք տարեկանից: Նվագելուց գործիքը պահում են ուսի վրա:

Պատմություն
 
Ծագել է VIII դարում արաբների կողմից եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ վարկածի՝ միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից: Ջութակի դասական տեսակը մշակվել է XV - XVI դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում:
 
XVI - XVIII դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվել են ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ: Վերջնականապես հաստատվել է ջութակի կառուցվածքը, մշակվել գործիքի յուրահատուկ տեմբրը:
 
Կրեմոնայի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են և համարվում են չգերազանցված: Ջութակը՝ որպես մենակատարային համերգային գործիք, մեծ դեր է խաղացել երաժշտական արվեստի պատմության մեջ:
 
XVII - XVIII դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը (մենանվագ սոնատ, կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր: Ջութակների ընտանիքը կազմում է սիմֆոնիկ նվագախմբի կորիզը:
 
Կատարողներ
 
XVII - XVIII դարերում ստեղծվել է ջութակի ընդարձակ երկացանկ: Ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում մեծ դեր են խաղացել՝ Նիկոլո Պագանինին, Լ.Աուերը, Ջ. Վիոտին, Ռ. Կրեյցերը, Ա. Վյոտանը, Է. Իզային, Հ. Վեյնյավսկին, Ֆ.Կրայսլերը, Ջ. Էնեսկուն, Դ Օյստրախը, Ի. Մենուհինը, Հայֆիցը, Ի. Ստեռնը, Լ. Կոգանը և այլք:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.