Encyclopedia

Միջին քարի դարը (մեզոլիթը) Հայկական լեռնաշխարհում

Մարդկային հասարակությունը շատ ավելի արագ սկսեց զարգանալ Միջին քարի դարի (մեզոլիթ) և Նոր քարի դարի (նեոլիթ) շրջաններում։ Միջին քարի դարը Հայկական լեռնաշխարհում տևել է Ք. ա. XII-ից մինչև XI հազարամյակը։

Հնագիտական պեղումները հավաստում են, որ մարդն արդեն հայտնաբերել էր նետն ու աղեղը։ Դա հեշտացրել էր վայրի կենդանիների որսը։ Բնականաբար մեծացավ մարդու սննդի մեջ մսի չափաբաժինը։ Իսկ միսը նպաստում էր մարդու ուղեղի զարգացմանը։ Այդ ժամանակ ընտելացվել էր նաև շունը`   որսորդի հավատարիմ օգնականը։

Միջին քարի դարի մարդը հավաքչությունից անցում է կատարում պարզունակ բրիչային հողագործության։ Դա նպաստեց մարդու բուսական, հատկապես հացահատիկային սննդի պաշարների մեծացմանը։ Որսորդությունից անցում կատարվեց վայրի կենդանիների ընտելացմանը, ինչն էլ նպաստեց անասնապահության առաջացմանը։ Վերջինս նպաստում էր սննդի կայուն պաշարների ավելացմանը՝ միս, կաթ, անասնապահական մթերքներ, բուրդ, կաշի և այլն։ Խիստ մեծացավ տղամարդու դերը՝ կապված որսորդության, ձկնորսության և անասնապահության զարգացման հետ։ Կանայք նախկինի պես զբաղվում էին հավաքչությամբ, բրիչային հողագործությամբ և երեխաների դաստիարակությամբ։
 
Այդ բոլորի արդյունքում աճեց բնակչության քանակը։ Մարդկային հոտը, որ բազմանալով բաժանվում էր երկու և ավելի մարդկային հոտերի, մարդկային հասարակության զարգացման հետևանքով սկսեց բաժանվել մոր գծով արյունակից հարազատների խմբերի։ Դրանք կոչվում էին տոհմեր կամ տոհմային համայնքներ։ Տոհմերը նոր հողեր մշակելու, ձկնառատ և որսի կենդանիներով հարուստ տարածքներ յուրացնելու համար ՝բաժանվելով տեղափոխվում էին նոր տարածքներ։ Ազգակից տոհմերը միասին կազմում էին ավելի խոշոր միավորում՝ ցեղ։ 
 
Աղբյուր`  Lib.armedu.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.