Health Corner

Պերտեսի հիվանդություն (մանկական տարիքի)

Հիվանդության պատճառը վերջնականապես պարզաբանված չէ։ Ըստ երևույթին, նշանակություն ունեն բազմաթիվ գործոններ՝ քրոնիկական միկրոտրավմա, մեխանիկական գերծանրաբեռնում, ոսկրացման անոմալիաներ, նյութափոխանակության խանգարումներ և այլն։

 

(ԱԶԴՐՈՍԿՐԻ ԳԼԽԻԿԻ ԷՊԻՖԻԶԻ ՕՍՏԵՈԽՈՆԴՐՈՊԱԹԻԱ, ԱԶԴՐՈՍԿՐԻ ԳԼԽԻԿԻ ԱՍԵՊՏԻԿ ՆԵԿՐՈԶ)

Հիվանդության պատճառը վերջնականապես պարզաբանված չէ։ Ըստ երևույթին, նշանակություն ունեն բազմաթիվ գործոններ՝ քրոնիկական միկրոտրավմա, մեխանիկական գերծանրաբեռնում, ոսկրացման անոմալիաներ, նյութափոխանակության խանգարումներ և այլն։

 

Հիվանդությունը զարգանում է մեծ մասամբ 5-12 տարեկանում։ Որպես կանոն, ախտահարվում է մեկ հոդը, հաճախ՝ աջ հոդը։ Երկկողմանի ախտահարում հազվադեպ է լինում։ Տղաները մի քանի անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան աղջիկները։ 
Հիվանդության վաղ ախտանիշներից են ցավն ու կաղալը։ Երեխաները ազդրոսկրի մեծ տամբիոնի շրջանում նշում են «ձգման» զգացում։ Հենց այդ շրջանում էլ հայտնաբերվում է կարծր սահմանափակ այտուց։ Վաղ և մշտական ախտանիշներից է նաև մկանների ատրոֆիան, որը հիվանդության սկզբնական փուլում առավել նկատելի է հետույքային մկանների շրջանում։ Պերտեսի հիվանդության կլինիկայում առանձնահատուկ տեղ են գրավում վեգետատիվ անոթային խանգարումները։ Վերջիններս ավելի արտահայտված են միակողմանի ախտահարման դեպքում։ Կլինիկորեն դա արտահայտվում է ոտնաթաթերի գունատությամբ, սառնությամբ և ուժեղացած քրտնարտադրությամբ, ներբանային մակերեսի մաշկի կնճռոտմամբ («լվացարարուհու մաշկ»)։


Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվող ախտանիշները նկարագրվում են հիվանդության հաջորդաբար զարգացող հինգ շրջաններին համապատասխան.

 

  1. I շրջանում դիտվում է ազդրոսկրի գլխիկի էպիֆիզի սպունգանման ոսկրի և ոսկրածուծի նեկրոզ։ Այս շրջանի վերջում ազդրոսկրի վզիկի հարէպիֆիզային գոտում կարող են հայտնաբերվել քայքայման օջախներ։ Ազդրոսկրի վզիկը կարճանում է, լայնանում է, իսկ արտաքին ուրվագիծը կորացած տեսք է ստանում։ Այս շրջանը տևում է 6 ամիս։
  2. II շրջանում նկատվում են ճնշման (իմպրեսիոն) կոտրվածքներ։ Վերջիններս զարգանում են թերկոտրվածքների և նեկրոզված ոսկրային հեծանիկների միմյանց մոտենալու և իրենց ամրությունը կորցնելու հետևանքով։ Էպիֆիզի ստվերը խտանում է, կորցնում իրեն բնորոշ կառուցվածքը, բարձրությունը նվազում է, հոդաճեղքը համապատասխանաբար լայնանում։
  3. III շրջանում զարգանում է էպիֆիզի բեկորավորում (ֆրագմենտացիա)։ Էպիֆիզի նեկրոզված ոսկրային խորության մեջ շարակցական հյուսվածքի ներաճ է կատարվում։ Ազդրոսկրի գլխիկը բաժանվում է առանձին բեկորների, իսկ վզիկում տարբեր մեծության կիստաներ են գոյանում։ Այս շրջանը տևում է 1-3 տարի։
  4. IV շրջանում տեղի է ունենում վերականգնում (ռեպարացիա): Բեկորային ստվերները անհետանում են, և էպիֆիզն ամբողջությամբ փոխարինվում է նոր գոյացող ոսկրով։
  5. V շրջանը վերջնային է և համապատասխանում է ազդրոսկրի գլխիկի ձևի ու կառուցվածքի վերականգնմանը։ Բարեհաջող ելքի դեպքում գլխիկի բարձրությունը մոտավորապես հավասարվում է առողջ հոդի բարձրությանը։ Սակայն նույնիսկ ամենաբարեհաջող ելքի դեպքում, ազդրոսկրի գլխիկի բարձրությունը վերականգնվում է ոչ ավելի, քան 85%-ով։ Նվազ բարեհաջող արդյունքի դեպքում ազդրոսկրի գլխիկը սնկանման ձև է ունենում և լրիվ չի ծածկվում հոդափոսով (Վ.Վ. Ֆուրդյուկ, Radulescu)։ Ազդրի վզիկը կարճանում է և կարող է ձևավորվել ենթահոդախախտում։ Այս խմբի հիվանդների մոտ ստեղծվում են բարենպաստ պայմաններ այլաձևող արթրոզի վաղ զարգացման համար։

 

Բուժումը։ Տրվում է հանգիստ և հոդի թերբեռնվածություն (ձգում, ազդրային հոդի գիպսակապ), որը պետք է լինի երկարատև, տարիներ շարունակ և զուգակցվի անաբոլիկ ստերոիդների կրկնվող կուրսերով, արյան միկրոշրջանառությունը բարելավող դեղամիջոցներով։ Ցավային համախտանիշը նվազեցնելու նպատակով տրվում են սալիցիլատներ, ինդոմեթացին և այլն։ Առաջարկվում են նաև վիրաբուժական տարբեր մեթոդներ։

 

 

Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company