Health Corner

Ազդրի բնածին հոդախախտում

Հենաշարժական ապարատի ամենահաճախ հանդիպող բնածին ձևախախտումն է (դեֆորմացիան), որն աղջիկների մոտ 5-7 անգամ ավելի հաճախ է լինում, քան տղաների, և բացատրվում է աղջիկների կոնքի կառուցվածքի առանձնահատկություններով։

 

Հենաշարժական ապարատի ամենահաճախ հանդիպող բնածին ձևախախտումն է (դեֆորմացիան), որն աղջիկների մոտ 5-7 անգամ ավելի հաճախ է լինում, քան տղաների, և բացատրվում է աղջիկների կոնքի կառուցվածքի առանձնահատկություններով։
Հեղինակների մեծ մասը ազդրի բնածին հոդախախտման հիմնական պատճառը համարում է կոնքազդրային հոդի տարրերի սաղմնային զարգացման արատը։ Նշված ախտաբանության ձևավորման մեջ որոշակի դեր ունեն նաև ժառանգականությունը, մեխանիկական, ֆիզիկական, քիմիական տարբեր գործոնները և այլն։

 

Հոդախախտումն արտահայտվում է թերաճած ազդրի գլխիկով, որը տեղաշարժված է լինում թույլ զարգացած ու թեքված հոդափոսի նկատմամբ։ Ելնելով կոնքազդրային հոդի տարրերի խանգարման աստիճանի արտահայտվածությունից, գործնական տեսանկյունով տարբերում են հետևյալ շեղումները՝ նախահոդախախտում, ենթահոդախախտում և հոդախախտում։

 

Նախահոդախախտում՝ երբ երեխաները ծնվում են կոնքազդրային հոդի ձգված հոդաշապիկով և նրանց ազդոսկրագլխի խոռոչում նկատվում է ազդրի գլխիկի հոդախախտ։ Ենթահոդախախտի դեպքում ազդրի գլխիկը տեղաշարժվում է վեր և դուրս, բայց չի հեռանում լիմբուսի սահմաններից։ Հոդախախտման ժամանակ ազդրի գլխիկը կորցնում է իր շփվող մակերեսը հոդափոսի (քացախամանի) հետ, դուրս է գալիս հոդաերիզի սահմաններից և շրջվում դեպի հոդափոսը։

 

Դիսպլազիա է անվանվում կոնքազդրային հոդի զարգացման այնպիսի անկանոնությունը, որը դիտվում է երեխաների կյանքի առաջին ամիսներին և համապատասխան միջոցներ կիրառելիս, որպես կանոն, չի վերածվում ազդրի հոդախախտի (Մ. Վ. Վոլկով, Գ. Մ. Տեր-Եդիազարով և ուրիշներ)։

 

Ազդրի բնածին հոդախախտումներն անհրաժեշտ է հայտնաբերել երեխայի կյանքի առաջին օրերի և շաբաթների ընթացքում։ Հիվանդության հիմնական վաղ ախտանիշներն են՝ սահումը, ազդրերի զատման սահմանափակումը, հետույքային ծալքերի անհամաչափությունը, ստորին վերջույթի կարճացումը և ոտքի դրսային շրջադարձը (rotatio)։ Սահելու կամ «շխկոցի» ախտանիշը հայտնաբերելու համար երեխային պառկեցնում են մեջքի վրա, ոտքերը կոնքազդրային և ծնկային հոդերում ծալում են ուղիղ անկյան տակ և դանդաղ, առանց ուժ կիրառելու, հավասարաչափ զատում են դեպի դուրս։ Հոդամակերեսների նորմալ հարաբերության դեպքում երկու ազդրերը լրիվ զատման վիճակում գրեթե հպվում են սեղանի արտաքին մակերեսի հետ։ Հոդախախտի առկայության դեպքում՝ զատման պահին ազդրի գլխիկը սահում է հոդափոսի մեջ, որի հետևանքով բնորոշ շխկոց է առաջանում։ Եթե այդ ուղղումից հետո ազդրը թողնենք զատված վիճակում, ապա այն աստիճանաբար կվերադառնա առբերման վիճակին և հասնելով որոշակի աստիճանի՝ կհանգեցնի որոշ շարժման։ Նշված ախտանիշը կարող է անհետանալ երեխայի կյանքի 5-7-րդ օրը։ Մի շարք դեպքերում այն պահպանվում է երկար ժամանակ (մինչև 3-4 ամիս) և խիստ բնորոշ է ազդրի բնածին հոդախախտերի համար։


Ազդրի բնածին հոդախախտում ունեցող բոլոր երեխաների մոտ նկատվում է ազդրերի զատման սահմանափակում։ Այդ ախտանիշի հայտնաբերման համար երեխային տալիս են նույն դիրքը, որը նա ունենում է սահելու ախտանիշի ստուգման ժամանակ։ Նորմայում ազդրերի զատումը պետք է լինի 80°-ի սահմաններում։ Նշված ախտանիշը ակնառու ձևով հանդես է գալիս հատկապես միակողմանի ախտահարման դեպքում։ Այն կարող է նկատվել նաև սպաստիկ պարալիչների, ազդրի պարանոցի բնածին վարուսային դեֆորմացիափ (coxa vara),, խոնդրոդիստրոֆիայի, ազդրի ախտաբանական հոդախախտման ժամանակ և այլն։ Այդ հիվանդությունները բնականաբար պետք է ժխտվեն համապատասխան ուսումնասիրման մեթոդներով։


Հետույքային ծալքերի ասիմետրիան որոշվում է երեխային որովայնի վրա պառկեցրած դիրքում։ Միակողմանի ախտահարման ժամանակ դրանք կարող են դասավորվել տարբեր բարձրությունների վրա և ունենալ տարբեր աստիճանի արտահայտված խորություն։ Այդ ախտանիշը նկատվում է ոչ բոլոր հիվանդների մոտ։

 

Եթե երեխային պառկեցնեն մեջքի վրա, ապա կարելի է հայտնաբերել ոչ միայն մաշկային ծալքերի անհամաչափություն, այլ նաև նրանց թվի անհամապատասխանություն։ Առողջ երեխաների ազդրերի առաջաներսային մակերեսների վրա հաճախ երեք մաշկային ծալքեր են լինում, որոնք համաչափ տեղակայված են միևնույն մակարդակի վրա։ Միակողմանի հոդախախտումների ժամանակ նկատվում է ծալքերի քանակի ավելացում և խորացում, որոնք առողջ կողմի համեմատությամբ ունեն ավելի մոտակա տեղադրություն։ Այդ ախտանիշը կայուն չէ և բնորոշ է միայն ազդրի արտահայտված հոդախախտումներին։ Ստորին վերջույթի կարճացումը նույնպես մշտական ախտանիշ չէ։ Կյանքի առաջին ամիսներին այդ երևույթը հազվադեպ է արտահայտվում և այն էլ ազդրի բարձր հոդախախտման առկայության դեպ֊քում։ Ոտքերի երկարության տարբերությունը հայտնաբերում են ծնկահոդերի տեղադրությամբ, երբ երեխային մեջքի վրա պառկեցրած դիրքում ոտքերը ծալում են կոնքազդրային և ծնկային հոդերում և մոտեցնում միմյանց։

 

Ստորին վերջույթի դրսային շրջադարձը հանդիպում է միակողմանի հոդախախտման ժամանակ`   ախտահարված կողմից։ Մեջքի վրա պառկած վիճակում երեխայի ծնկոսկրը նորմայում ուղղված է լինում ուղիղ վեր։ Նրա դրսային շեղվածությունը ոտնաթաթի համապատասխան շրջվածությամբ խոսում է դրսի դարձման մասին։ Այդ ախտանիշը նկատելի է հատկապես երեխայի քնած ժամանակ։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտաքին դարձումը կարող է լինել նաև նորմալ զարգացած կոնքազդրային հոդի պայմաններում։

 

Ազդրի բնածին հոդախախտումն ախտորոշելիս որոշիչ նշանակություն ունի ռենտգենաբանական հետազոտությունը; Վերջույթներին տալով միջին դիրք՝ կատարվում է նրանց առաջահետին նկարահանումը։ Երեխայի դիրքը պետք է խիստ ժամաչափ (սիմետրիկ) լինի։ Ռենտգենյան նկարում ուշադրություն են դարձնում ազդրոսկրագլխի խոռոչի առաստաղի ձևի, ացետաբուլյար անկյան, Հիլգենռեյների հորիզոնական գծից ազդրի գլխիկի պտտման կենտրոնի հեռավորության, ազդրի գլխիկի ոսկրացման կորիզի զարգացման վրա։ Ազդրի բնածին հոդախախտման ռենտգենյան վաղ նշաններն են.

 

  1. ազդրոսկրագլխի խոռոչի առաստաղի ոչ նորմալ թեքվածությունը, այսպես կոչվող «կտուցի» բացակայությունը,
  2. հոդափոսի համեմատությամբ ազդրի մոտակա ծայրի արտաքին և վերին տեղաշարժումը,
  3. ազդրի գլխիկի ոսկրացման կորիզի ուշ երևան գալը;

 

Բուժումը։ Ազդրի բնածին հոդախախտում ունեցող նորածնի բուժումը սկսում են կյանքի առաջին օրերից, ախտորոշման հաստատումից անմիջապես հետո։

 

Նախահոդախախտման դեպքում նշանակվում է լայն բարուրում՝ փափուկ անջատող փաթաթանով, բուժական մարմնամարզություն, որպեսզի վերացնեն ազդրերի զատման սահմանափակումը։ Եթե 2-3 շաբաթվա ընթացքում տեղի է ունենում հոդի կայունացում, ապա կարելի է 2 ամիս շարունակել լայն բարուրումը և բուժական մարմնամարզությունը։

 

Եթե ազդրի նախահոդախախտումը չի բուժվում և զարգանում է ազդրի ենթահոդախախտում կամ հոդախախտում, պետք է կատարել կոնսերվատիվ բուժում, որն ուղղված է առբերիչ կոնտրակտուրայի դանդաղ և զգույշ վերացմանը։ Բուժման սկզբունքը հետևյալն է. ոտքերը ծալել և զատել կոնքազդրային հոդերում, պահպանելով այդ դրությամբ մինչև հոդի տարրերի անատոմիական լրիվ վերականգնումը։ Դրան կարելի է հասնել տարբեր շինային ամրակապերով։ Նորածին և կրծքի երեխաներին կյանքի առաջին շաբաթների ընթացքում ոտքերի զատված վիճակի պահպանումն իրագործվում Է հասարակ մեթոդով՝ լայն բարուրման ձևով։ Լայն բարուրման ժամանակ ծալված և զատված վերջույթների միջև տեղադրվում է բազմակի շերտով բարուր։ Կարելի է օգտագործել պարալոնի միջնաշերտ։ Միջադիրի լայնությունը պետք է համապատասխանի ծնկահոդերում ծալված և ազդրերի զատված վիճակում սրունքների միջև եղած հեռավորությանը։ Այդ իսկ նպատակով պատրաստում են նաև հատուկ կիսավարտիքներ՝ պլաստմասսայե պահանգով։

 

Եթե ազդրի գլխիկը շինայի օգնությամբ լավ է կենտրոնադրվել հոդափոսում, ապա նրա ֆիքսումը շարունակվում է 4-5 ամիս՝ կախված հոդի ձևավորման ժամկետից։ Ստուգողական ռենտգենյան նկարահանումները կատարվում են մոտավորապես 3 ամիսը մեկ անգամ։

 

Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company