Encyclopedia

Սկսվեցին հայ-ադրբեջանական լայնածավալ բախումները

Հունվարի 2-ից սկսվեցին փոխհրաձգությունները ԼՂԻՄ-ի տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալների հետ: Հունվարի 9-ին ԱԺՃ-ի զինված ջոկատներն անցան լայնածավալ գրոհի ԼՂԻՄ-ի (ներառյալ Շահումյանի շրջանը) սահմանամերձ գոտում, ինչպես նաև Գետաշենի ենթաշրջանի հայկական գյուղերի վրա, սակայն անհաջողություն կրեցին`   հանդիպելով ինքնապաշտպանական ուժերի լուրջ դիմադրությանը: Հունվարի 12-ին ԱԺՃ-ը բորբոքեց հակահայկական հանրահավաք Բաքվում: Նույն օրն սկսվեց ադրբեջանական տեխնիկապես հագեցած և լավ զինված ջոկատների հարձակումը Մանաշշեն, Կամո և Ազատ գյուղերի վրա:

Սակայն տեղացի հայերից կազմված ինքնապաշտպանական ջոկատները, որոնք տեխնիկապես բավականին զիջում էին թշնամուն, պատվով պաշտպանեցին հարազատ գյուղերն արյունարբու զավթիչներից: Մոտ մեկ օր տևած մարտերից հետո ադրբեջանական ուժերը, կրելով ծանր կորուստներ, ստիպված էին նահանջել:

 

Ուշացումով դեպքի վայր ուղարկվեցին խորհրդային ուժեր իրավիճակը կարգավորելու նպատակով, սակայն հանդիպեցին ադրբեջանական կողմի կրակին և դրանց դեմ մարտի մեջ մտան`   հարձակվողների վերջին ուժերին ստիպելով նահանջել: Այդ ճակատամարտում, որը 1987 թվականից սկսած ամենալայնածավալն էր, ադրբեջանցիների մոտ առաջին անգամ հայտնաբերվեց թուրքական արտադրության հրազեն:

 

Զգալով, որ անզոր են Արցախը նվաճել, ԱԺՃ-ի հրոսակապետերն իրենց հայացքն ուղղեցին Բաքու, որտեղ երբեմնի քառորդ միլիոնանոց հայկական բնակչությունից մնացել էր ընդամենը 30-35 հազար մարդ, որոնք չէին ցանկանում լքել քաղաքը: Տեղի ղեկավարությունը, ոստիկանները բացահայտ աջակցում և ուղղորդում էին ջարդարարներին:

 

Ինչպես և Սումգայիթում, Բաքվում էլ ջարդարարներին նախօրոք բաժանվել էին հայերի հասցեները: Այս անգամ ադրբեջանական ղեկավարությունը հաշվի էր առել սումգայիթյան սխալները: Երկրում տեղեկատվական վակուում էր: Մեկ շաբաթ քաղաքում իրական քաոս էր տիրում: Հայերին անմարդկային դաժանությամբ սպանում էին իրենց իսկ տներում, առանց սեռի և տարիքի խտրության ենթարկում էին ծեծի ու կտտանքների:

 

Միայն մեկ շաբաթ անց`   հունվարի 20-ին, երբ արդեն իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից, Բաքու ուղարկվեցին խորհրդային ուժեր: Նրանց կատաղի  դիմադրություն էր ցույց տալիս բավականին լավ զինված ԱԺՃ-ը: Մոտ մեկ շաբաթվա թեժ մարտերից հետո, տասնյակ կորուստների գնով խորհրդային ուժերը կոտրեցին ԱԺՃ-ի մարտիկների դիմադրությունը և վերահսկողություն սահմանեցին քաղաքում: 

 

Սակայն ադրբեջանցիների հիմնական նպատակը`   քաղաքը մաքրել հայերից, իրագործվել էր: Մի քանի հարյուր հայեր զոհվեցին, իսկ ողջ մնացածներն ընչազրկված, իրենց հետ տանելով միայն բազմաթիվ գազանությունների հետքերը, լաստանավերով ճողոպրեցին Կրասնովոդսկ, մյուս մասն էլ օդով`   Հայաստան և խորհրդային այլ հանրապետություններ:
 
Հայերի ջարդերից հետո դրանց դատապարտումով հանդես եկան Եվրոպայի Խորհուրդը և ԱՄՆ-ն: Սակայն դա ուղղակի քաղաքական քայլ էր`   Կրեմլի վրա մատ թափ տալու առիթ: Որևէ լուրջ գործողություն առաջինների կողմից չիրականացվեց: Միաժամանակ Մոսկվան, առաջնորդվելով իր կուռ տրամաբանությամբ, հունվարի 15-ին մտցրեց արտակարգ դրություն ԼՂԻՄ-ում և ՀԽՍՀ-ում:
 
ԼՂԻՄ մտցվեցին խորհրդային ջոկատներ, որոնք զինաթափում էին հայերին, ինչից հետո բնակավայր էին մտնում ադրբեջանական ուժերը`   կալանելով և բռնության ենթարկելով անզեն հայերին: Ձերբակալվածներին տանում էին Շուշի և Խոջալու հետագայում փրկագնով ազատելու նպատակով: Նույն`   «անձնագրային ռեժիմ»-ի ստուգման անվան տակ նման գործողություններ իրականացվում էին ԼՂԻՄ-ի և հարակից բնակավայրերում:
 
Դրանց բոլորի ընթացքում հայերը ենթարկվում էին խոշտանգումների: Կարճաժանից ականակոծվում են հայկական բնակելի թաղամասերը: Այդ անօրինություններին ի պատասխան՝ հայկական ինքնապաշտպանական ուժերը, որոնք այդ պահի դրությամբ վարում էին պարտիզանական պայքար, սկսում են գործողությունները խորհրդային և ադրբեջանական ուժերի դեմ:
 
Նույն օրն ազատագրվեց Քարքին, որն ազատագրումից հետո վերանվանվեց Տիգրանաշենի`   գյուղի մաքրման ժամանակ տրված միակ զոհի Ավշարի ինքնապաշտպանության հրամանատար Տիգրան Մելիքյանի հիշատակին: Այժմ գյուղում բնակվում են ադրբեջանական ջարդից փրկված տասնյակ ընտանիքներ:
 
Բաքվի ջարդերի սկսվելու նույն օրը`   հունվարի 13-ին, ադրբեջանական ուժերը հատեցին հայ-ադրբեջանական սահմանը և տեղակայվեցին Երասխ ավանում`   տեռորի ենթարկելով հարակից բնակավայրերը: Ինչպես արդեն նշվել էր, 1989 թվականի ընթացքում թշնամին արդեն կատարել էր նման արտագրոհներ այդ ուղղությամբ:
 
Դա բնական է, քանի որ Երասխի դիրքը շատ նպաստավոր է. մի կողմից`   ավանի վերահսկողությունը հնարավորություն է տալիս հսկել Հանրապետության գլխավոր մայրուղիներից մեկի`   Երևան-Մեղրի ավտոմայրուղու Արարատ-Եղեգնաձոր հատվածը, մյուս կողմից`   այն գտնվում է մայրաքաղաք Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա:
 
Այդպիով, ոչ միայն ռազմական գործողություններ էին սկսվել ՀԽՍՀ դեմ, այլ նաև խախտվել էին վերջինի սահմանները, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Հունվարի 18-ին հայկակական ինքնապաշտպանական ուժերը շեշտակի գրոհ հասցրին օկուպանտներին, ծավալվեց երկար ճակատամարտ:
 
Երեք օր տևած թեժ մարտերի ավարտին հայկական ուժերին հաջողվեց մաքրել Երասխը և ագրեսորին հետ շպրտել, միաժամանակ խոցելով դրա դիրքերը Սադարակում և Նորաշենում: Մարտում հայկական կողմի հրամանատարն էր ՀՀ ապագա ՊՆ Վազգեն Սարգսյանը: Հայկական կողմի ամենածանրը հետագայում ՀՀ Ազգային հերոսի կոչում ստացած, Հայաստանի անկախության առաջամարտիկ Մովսես Գորգիսյանի կորուստն էր:
 
Հունվար-փետրվար ամիսներին շարունակվում էին խորհրդային և ադրբեջանական ուժերի կողմից հակահայկական գործողությունները ՀԽՍՀ-ում, ԼՂԻՄ-ում, հարակից Գետաշենի ենթաշրջանում: Փակվեց ԼՂԻՄ-ի միակ օդանավակայանը: ԼՂԻՄ-ը հայտնվեց տնտեսական ծանր շրջափակման մեջ: Գետաշենի Ազատ և Կամո գյուղերը հայաթափվեցին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.