Health Corner

Հնագույն բժշկությունը Հայաստանում. Մ. Հերացի, Ա. Ամասիացի

Հայաստանում գործող բժշկական հաստատությունների ու անվանի բժիշկների մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեռևս V դարի, ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներում։

 

Հայաստանում գործող բժշկական հաստատությունների ու անվանի բժիշկների մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեռևս V դարի, ինչպես հայկական, այնպես էլ օտար աղբյուրներում։ Մեր երկրում բժշկագիտությունը հատկապես մեծ ծաղկում է ապրել XII-XV դարերում, երբ ապրել ու ստեղծագործել են Մխիթար Հերացին (XII դար) ու Աբուսայիդը (XII դար), Գրիգորիսը (XII-XIII դարեր), Ֆարաջը (XIII դար), Ամիրդովլաթ Ամասիացին (XV դար)։ Այս բժիշկները, ընդհանրացնելով իրենց փորձը, ինչպես նաև օգտվելով հույն և արաբ բժշկապետերի աշխատություններից, ստեղծել են ինքնուրույն գործեր ու ձեռնարկներ, որոնք դարերի ընթացքում ընդօրինակվել և կիրառվել են գործնական բժշկության մեջ։

 

XII դարից սկսած՝ Հայաստանում թույլ է տրվել ուսուցողական նպատակներով կատարել դիահերձումներ, մի բան, որ Եվրոպայում իրականացվեց միայն XVI դարից սկսած։ Հայաստանի տարբեր վայրերում պահպանված և հայտնաբերված հնագույն բժշկական գործիքները վկայում են կատարված վիրահատությունների մասին։ XII-XIV դարերում Հայաստանում կատարվել են կեսարյան հատումներ, ներքին ուռուցքների հեռացումներ, կանացի զանազան հիվանդությունների վիրահատական բուժումներ և այլն։ Վիրահատության ժամանակ, որպես ընդհանուր և տեղային ցավազրկման միջոց, օգտագործվել է մանդրագորա - Mandragora officinalis, ծննդաբերությունը ցավազրկելու նպատակով կիրառվել է Zedoar, Melilotus officinalis, իսկ վերքերը կարելու համար`   մետաքսե թել։ Միջնադարյան հայ բժշկությունը տեսական ու պրակտիկ հարցերում կանգնած է եղել ժամանակի առաջավոր բժշկագիտության դիրքերում։ Մխիթար Հերացին «Ջերմաց Մխիթարություն» երկում առաջադրել է ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների առաջացման գործում «բորբոսի գաղափարը»։ Նրա կարծիքով ջերմերն առաջանում են արյան, լորձի և օրգանիզմի այլ հեղուկների բորբոքումից։ Ըստ Հերացու`   հիվանդությունների պատճառը միշտ չէ, որ պետք է որոնել հիվանդի օրգանիզմում. հարուցիչները կարող են օրգանիզմ մուտք գործել նաև արտաքին աշխարհից։ Հերացին ուսումնասիրություններ է գրել նաև մարդու կազմության ու կենսաբանության, ընդհանուր ախտաբանության, դեղերի պատրաստման ու գործածության, ակնաբուժության և բուժիչ քարերի մասին։ Հայ բժշկական մտքի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում 1465-1473թ.թ. ընդօրինակված, Երևանի մատենադարանում պահվող թիվ 415 ձեռագիր բժշկարանը (վերագրվում է Գրիգորիսին)։ Աշխատությունը բաղկացած է երկու հիմնական մասից`   դեղագիտական և բժշկական ընդհանուր ուսումնասիրության բաժիններից։ Գրիգորիսն ախտաբանության հետ զուգահեռ հետազոտել է նաև ախտաբանական ֆիզիոլոգիայի ու անատոմիայի հետ առնչվող բազմազան հարցեր։ Չափազանց արժեքավոր են հեղինակի դիտողությունները գլխուղեղի դերի մասին։ «Գլխուղեղը ամբողջ մարմնի թագավորն է», - գրում է նա։ Նյարդային համակարգն ու գլխուղեղը մարդու մարմնի գլխավոր օրգաններն են։ Գլխուղեղը«զգայարանների զգայարանն է»։ Մարդու վերին և ստորին վերջավորությունների անդամալուծություններն առաջանում են հիմնականում գլխուղեղի փորոքների մեջ և այլ տեղերում կուտակված հյութերից։

 

Ամիրդովլաթ Ամասիացին XV դարի հայ բժշկության պարծանքն է։ Տիրապետելով հունարեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, լատիներեն լեզուներին`   ուսումնասիրել է հունա-հռոմեական, պարսկա-արաբական բժշկական աղբյուրները։ «Օգուտ բժշկության» աշխատության մեջ նկարագրել է մարդու կազմությունը, առանձնացրել է ավելի քան երկու հարյուր տարբեր հիվանդություններ և մատնանշել նրանց բուժման միջոցները (դեղերը)։ «Անգիտաց անպետում» ամփոփել է միջնադարյան հայ և օտար բժիշկների փորձը`   դեղագիտության, հատկապես բուսաբուժության ասպարեզում։ Մատենադարանում պահվում է 1459 թ. հեղինակի ձեռքով գրված«Ախրապատին» երկը, որն ականավոր հրեա, փիլիսոփա, աստվածաբան և բժիշկ Մալմոնիդի (Մովսես Բեն Մայմոն 1135-1204թ.թ.)՝ մեզ չհասած  դեղագիտական աշխատության հիման վրա գրված ձեռնարկ է, ուր Մայմոնի կողմից նշված 2600 դեղերի քանակը Ամիրդովլաթը հասցրել է 3700։

 

Ամիրդովլաթի արժանավոր հաջորդներից է Ասար Սեբաստացին (XVII դար), որի «Բժշկական արվեստի մասին»ուսումնասիրությունը բաժանված է երկու մասի`   ախտաբանության և դեղագործության։ Նույն դարում է ապրել նաև հեքիմ Պողոսը, որը զբաղվել է բժշկության տեսության, մարդակազմության, ախտաբանության, դեղագիտության հարցերով։

 

Մատենադարանում պահվում են նաև բազմաթիվ անանուն բժշկական աշխատություններ, բժշկական բառարաններ և այդ կարգի այլ աշխատություններ

ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company