Health Corner

Հայ բժշկապետ Մխիթար Հերացու գիտական և բժշկական գործունեությունը

Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված Մխիթար Հերացու գիտական և բժշկական բեղմնավոր գործնեությունը: «Մեծն Մխիթար» են կոչել նրան իր ժամանակակիցները ու հետագա ժամանակների բժիշկները: Նա հիմնադիրն է միջնադարյան հայ բժշկության, որի համար նույն դերն է խաղացել, ինչ Հիպոկրատը`   հունական, Գաղիանոսը`   հռոմեական և Իբն-Սինան`   արաբական բժշկության համար:

 

Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված Մխիթար Հերացու գիտական և բժշկական բեղմնավոր գործնեությունը: «Մեծն Մխիթար» են կոչել նրան իր ժամանակակիցները ու հետագա ժամանակների բժիշկները: Նա հիմնադիրն է միջնադարյան հայ բժշկության, որի համար նույն դերն է խաղացել, ինչ Հիպոկրատը`   հունական, Գաղիանոսը`   հռոմեական և Իբն-Սինան`   արաբական բժշկության համար: Նա հավաքել, ուսումնասիրել և ընդհանրացրել է անցյալ դարերի փորձն`   ինչպես դասական, այնպես էլ ժողովրդական բժշկության բնագավառում`   ստեղծելով այնպիսի աշխատություններ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց արժեքը: Մխիթար Հերացու նախորդները, անհայտ ու անանուն հայ բժիշկները, անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք են կատարել`   թարգմանելով հույն, հռոմեացի և արաբ բժիշկների գիտական ժառանգությունը, ստեղծելով նաև մի շարք սեփական գործեր գլխավորապես դեղագիտության և թերապիայի վերաբերյալ: Սակայն այդ ամենը չէր կարող բավարարել այնպիսի լուրջ պահանջկոտ գիտնականին, որպիսին եղել է Մեծն Մխիթարը: Ահա թե ինչպես է բնութագրում միջնադարյան հայ բժշկության դասականը իր առաջ ծառացած խնդիրները «Ջերմանց մխիթարութիւն» աշխատության նախաբանում.

 

«Ես Մխիթար Հերացիս, տրուպս ի բժշկաց, որ ի մանկութեն է սիրող եղէ իմաստութեան և բժշկական արուեստից և վարժեցայ ի դպրութիւն արաբացւոց, և պարսից, և հելլենացւոց, տեսի յընթերցումն որ առ նոսա գրոցն զի ունէին զարուեստ բժշկութեան լի և կատարեալ ըստ առաջին ինաստնոցն այսինքն զնախագիտութիւն, որ է իմաստ և վարդապետութիւն բժշկական արուեստից: Եւ ի Հայք բնաւ ոչ գտի զվարդապետութիւն և զիմաստ նախագիտութեան, այլ զստածումն միայն»:

 

Թողնելով իր հայրենի Հեր քաղաքը (այժմ Խոյ քաղաքը Պարսկաստանում), ԺԲ դարի առաջին կեսին պատանի Մխիթարը մեկնում է Կիլիկյան Հայաստան, որտեղ նա բժշկական կրթություն է ստանում, արժանանալով բժշկապետի պատվավոր կոչման: Լինելով անսպառ եռանդի տեր, նա չի կարողանում ապրել խաղաղ, չափված ու ձևված կյանքով: Բնավորությամբ փորձարար և հետազոտող, հաճախ նա մեկնում է հեռավոր երկրներ, որոնելով դեղաբույսեր, վարելով պատահականություններով լի պերիոդևտ (թափառաշրջիկ) բժշկի կյանք: Ապա սկսվում է հետազոտական աշխատանքի մի նոր շրջան մերթ գիտնականի փորձասենյակում, մերթ հիվանդի անկողնու մոտ, որի արդյունքները ընդհանրացված են իր աշխատություններում: Այդ շրջանում են ստեղծվում մարդակազմությանը, կենսաբանությանը, ախտաբանությանը, դեղագիտությանը վերաբերող աշխատությունները, որոնց մեծ մասը, դժբախտաբար, հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի քմահաճույքով կորել է անդարձ: Նրանցից միայն առանձին բեկորներ են մնացել այս կամ այն ժողովածուի մեջ, հետագա ժամանակների բժիշկների երկերում:

 

Մխիթար Հերացու`   բժշկի և բնախույզի, գիտական լայն հետաքրքրասիրությունների մասին կարելի է գաղափար կազմել, ելնելով նույնիսկ այդ փոքրիկ հատվածներից, որոնք վերնագրված են «Վասն շինուածոյ և յօրինուածոյ աչացն»«Վասն փոշտանկի, որ է ձվանքն»«Վասն քարանց»«Որոտացոյց և շարժացոյց»:

 

Ինչ վերաբերում է դեղագիտությանը և ախտաբանությանը նվիրված աշխատություններին, որ երկար ժամանակ նույնպես կորած էին համարվում, ապա, ինչպես ենթադրում են հայ բժշկության պատմության մասնագետները, վերջիններս հետագայում «Ջերմանց մխիթարութիւն» աշխատության հետ միասին մուծվել են վերոհիշյալ «Գագիկ Հեթումյան բժշկարանը»:

 

Հայ բժշկապետի գիտական և բժշկական այսպիսի բեղմնավոր գործունեության հետևանքն այն եղավ, որ նա արդեն 60-ական թվականներին մեծ համբավ էր ձեռք բերել բժշկության մեջ և հանդիսանում էր Ներսես Շնորհալի կաթողիկոսի մտերիմ բարեկամը, որը նրան է նվիրում բնափիլիսոփայական բնույթի մի պոեմ «Երկնքի և նրա լուսատուների մասին» վերնագրով: ԺԲ դարի ութսունական թվականներին Մխիթար Հերացին ձեռնամուխ է լինում իր կյանքի գլխավոր գործի`   «Ջերմանց մխիթարության»շարադրմանը, որի համար նա երկար ժամանակ համբերությամբ նյութեր էր հավաքել ոչ միայն ուսումնասիրելով հին աշխարհի և արաբ բժիշկների աշխատությունները, այլև շրջել Կիլիկյան Հայաստանի ճահճոտ վայրերը և ուսումնասիրել այդ վայրերին հատուկ դողէրոցքը (մալարիա) և այլ վարակիչ հիվանդություններ: Զարմանալի չէ, ուրեմն, որ այդ աշխատանքը գտնվում էր բոլոր նրանց ուշադրության կենտրոնում, ովքեր մտահոգված էին երկրի բարօրությամբ: Առաջին հերթին պետք է նշել փիլիսոփա և բանաստեղծ Գրիգոր Տղա կաթողիկոսի անունը, որն ամեն կերպ խրախուսել և օժանդակել է բժշկապետին և որի մասին Մխիթար Հերացին իր գրքի նախաբանում գրում է հետևյալը. «Ես կամենում էի, որքան ուժերս ներեն այս գիրքը գրել համառոտ, միայն երեք տեսակ ջերմերի վերաբերյալ, նախագիտությամբ և ստածմամբ... Ես վայելում էի հայոց սրբազան կաթողիկոս Գրիգորի (Տղա մականվամբ) սերն ու հովանավորությունը, որը և պատճառ եղավ այս աշխատությունը գրելուն... Այս պատճառով էլ ես համաձայնվեցի գրել այս գիրքը հանուն անհրաժեշտության և օգտակարության... Մենք գրեցինք այս գիրքը և անվանեցինք այն «Ջերմանց մխիթարություն», որ նա մխիթարի բժշկին ուսմամբ, իսկ հիվանդին`   առողջությամբ»:

 

Համոզված լինելով, որ իր գիրքը պիտանի կլինի ոչ միայն մասնագետների, այլև ժողովրդի լայն խավերի համար, Մխիթար Հերացին իր գիրքը գրեց ոչ թե գրաբարով, որ այն ժամանակի գիտության լեզուն էր, այլ Կիլիկյան Հայաստանի խոսակցական լեզվով`   միջին հայերենով: Նրա այդ համարձակ քայլը վկայում է մեծ բժշկապետի հայացքների ժողովրդական բնույթի մասին, որն իր վառ կնիքն է դրել հայ բժշկության հետագա զարգացման վրա: Մեծ աշխատանք է կատարվել Մխիթար Հերացին նաև հայերեն բժշկական տերմիններ ստեղծելու ուղղությամբ, ընդ որում նա գնաց ճիշտ ճանապարհով, օգտագործելով բնիկ հայկական բառարմատները և նրա ստեղծած բազմաթիվ տերմիններ պահպանվել և այսօր էլ կիրառվում են արդի բժշկական գրականության մեջ:

 

«Ջերմանց մխիթարութիւն» գրքում արտահայտված է խոշոր գիտնականի տարերային մատերիալիստական հայացքը տենդերի հարուցիչ գործոնների էության վերաբերյալ, որի արդյունքը եղավ ինքնատիպ մի տեսություն, այսպես կոչված «բորբոսային» տեսությունը, և վերջապես, միջնադարյան սխոլաստիկայից նրա ազատ լինելը, մանավանդ բուժման հարցերում: Մխիթար Հերացու դիրքը`   ջերմերի հարուցիչ գործոնների նկատմամբ, մոտ է անտիկ աշխարհի բժշկության հիմնադիր Հիպոկրատի տեսակետին, որը մեծ նշանակություն էր տալիս ինչպես արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների, այնպես էլ ներքին ազդակների (հոգեկան ապրումներ, անքնություն, ընդհանուր հյուծում): Հերացու կարծիքով արյան և մարմնի մյուս հեղուկների մեջ գոյություն ունեցող «բորբոսն» է, որ առաջ է բերում «բորբոսային» տենդ: Հայ բժշկության պատմությանը քաջատեղյակ Լ. Հովհանիսյանը Հերացու մասին գրում է հետևյալը. «Անվիճելի և օբյեկտիվ փաստ է, որ մինչմանրէաբանական շրջանի բժիշկներից ոչ մեկը չի օգտագործել վարակի էությունը բնորոշող այնպիսի մի տերմին, որն ավելի մոտ լիներ ճշմարտությանը, քան այդ արել է Մխիթար Հերացին»: Հերացին տենդը «միօրյա»«բորբոսային» և«հալևմաշ» խմբերի բաժանելիս առաջնորդվել է հումորալ տեսության սկզբունքներով: Սակայն այս դեպքում բժշկապետը մի ներքին զգացողությամբ առանձնացրել է «միօրյա» տենդերը, որոնք չեն տեղավորվում հումորալ ախտաբանության շրջանակներում: Դրանց պաթոգենեզը բացատրելու համար նա դիմում է հին հեղինակների պնևմատիկ տեսությանը. տվյալ դեպքում, սակայն, գլխավորն այն է, որ փորձառու բժշկի աչքից չեն վրիպել այդ հիվանդությունների ընթացքին մի քանի «ոչ բնորոշ» առանձնահատկություններ, և այս հիմք է տալիս ենթադրելու, որ «միօրյա» տենդերի խմբում նա նկարագրել է ալերգիկ հիվանդությունների մի քանի ձևեր (ֆիզիկական, քիմիական, սննդային, նյարդա-հոգեկան ալերգիաներ):

 

«Բորբոսային տենդեր» բաժնում Մխիթար Հերացին տեղադրել է միջին դարերում լայնորեն տարածված մի շարք վարակիչ հիվանդություններ, ինչպես օրինակ, դողէրոցքը, տիֆային և սեպտիկ հիվանդությունները, ժանտախտը, ծաղիկը, կարմրուկը:

 

Հարուստ փորձը մեծ բժշկապետին թույլ է տվել պարզելու բորբոսային տենդի, մանավանդ տիֆի վարակիչ լինելը:«Եթե հիվանդը շատ է տանջվում բարձր ջերմությունից և անհանգիստ շուռ ու մուռ է գալիս մի կողքից մյուսին և եթե նրա փորն ուռչում է և մատով փորին բախելիս թմբուկի ձայն է գալիս, հաստատ իմացիր, որ նա մահանալու է, մանավանդ եթե մարմնի վրա էլ սումախի մեծությամբ սև բծեր դուրս տան: Շրջապատողները պետք է խույս տան և չշփվեն նրա հետ», գրել է նա իր «Ջերմանց մխիթարութիւն» գրքում: Այս մտքերը հետագայում, ԺԶ դարում, եվրոպական գիտության մեջ զարգացրեց իտալացի ականավոր բժիշկ Զիրոլամո Ֆրակաստորոն հատկապես իր «Վարակի, վարակիչ հիվանդությունների և նրանց բուժման մասին» գրքում:

 

Ինչ վերաբերվում է «հալևմաշ» տենդերին, որոնք համապասխանում են պալարախտի տարբեր կլինիկական ձևերին (թոքախտ, ոսկրախտ և այլն), ապա նրանց ծագումը, Մխիթար Հերացու կարծիքով, պայմանավորված է հոգեկան ծանր ապրումներով, գերհոգնածությամբ, վատ սննդով, կլիմայական անբարենպաստ պայմաններով, որոնց այսօր էլ բժշկությունը մեծ նշանակություն է տալիս:

 

Ախտանիշների և տենդային հիվանդությունների ընթացքը նկարագրելիս Մխիթար Հերացին հանդես է գալիս որպես լուրջ, խոհուն բժիշկ, որը տիրապետում էր հիվանդի քննության բազմազան մեթոդների, սկսած հիվանդին մանրամասն հարձուփորձ անելուց (անամնեզ), մինչև այսօր էլ բժշկության մեջ կիրառվող օբյեկտիվ մեթոդները`   զննում, շոշափում, բախազննում, ունկնդրում: Մեծ տեղ էր տալիս Հերացին հիվանդի զարկերակի ուսումնասիրությանը, ջերմությունը որոշելուն, ինչպես նաև խորխի, մեզի և այլ արտաթորանքների հետազոտությանը: Հին աշխարհի բժիշկների նման Հերացին հիվանդությանը մոտենում էր դիալեկտիկորեն, բաժանելով այն չորս շրջանի`   նախնական, սաստկացման, նվազման և ավարտման: Հենվելով տենդի ընթացքի տարբեր շրջանների մասին Հիպոկրատի տեսության վրա, նա բժիշկներին խորհուրդ էր տալիս կոնկրետ մոտեցում ունենալ յուրաքանչյուր հիվանդին, հաշվի առնելով հիվանդության շրջանը և ըստ այդմ էլ կանխագուշակել հիվանդության ելքը:

 

Զինված այսպիսի գիտելիքներով, Հերացին փորձնական ճանապարհով, հաճախ հակառակ սխոլաստիկ հայացքների, մշակեց բուժման կոմպլեքսային մի համակարգ, որը հիմնված էր դեղային բուժման և մասնավորապես բուսաբուժության, ինչպես նաև սննդաբուժության և ֆիզիակական մեթոդների վրա: Հավատարիմ անտիկ աշխարհի բժշկության սկզբունքներին, հայ բժշկապետը առաջարկում էր բուժումը տանել ըստ Հիպոկրատի պահանջի, այն է`   բուժել «հակառակը հակառակով»:

 

Մխիթար Հերացին դեղաբուժության մեջ գլխավոր տեղը հատկացնում էր բուսաբուժությանը, հենվում էր ինչպես հայկական ժողովրդական բժշկության, այնպես էլ Արևելքի զարգացած երկրների բժշկության դարավոր փորձի վրա:

 

Վարակիչ-ալերգիկ հիվանդությունների բուժման համար հայ բժշկապետի առաջարկած դեղանյութերի մեջ աչքի են ընկնում Հայաստանում աճող հակաբակտերիալ, հակաբորբոքային և հակաալերգիկ հատկություններով օժտված բույսերը: «Ջերմանց մխիթարութիւն» գրքում առաջարկված բարդ դեղատոմսերում հաճախ են հանդիպում նունուֆարը, մանուշակը, հիրիկը, խռնդատը, մշտիկը, կղմուխը, օշինդրը, եզան լեզուն, մատուտակը, սորնջանը, կապարը, դաղձը, ուրցը, տատաշը և այլ շատ ուրիշ դեղաբույսեր:

 

Բույսերից բացի այդ դեղատոմսերում հանդիպում են կենդանական ծագում ունեցող դեղանյութեր (կղբու ձու, եզան լեղի), ինչպես նաև հանքային պրեպարատներ (հայկավ, ծծումբ, ցինկ, բորակ և այլն), որոնք ունեն ընդհանուր տոնուսը բարձրացնող հակաթունային, հականեխիչ և այլ`   դեռևս քիչ ուսումնասիրված հատկություններ:

 

Տենդային հիվանդություններով տառապող հիվանդների համար Մխիթար Հերացին առաջարկում էր հատուկ սնունդ, մեծ տեղ հատկացնելով կանաչեղենին, բանջարեղենին, մրգերին ու պտուղներին, ինչպես թարմ, այնպես էլ չորացրած, նրանց հյութերին և մուրաբաներին: Տենդային հիվանդներին առաջարկում էր գործածել գինձ, ռեհան, կարոս, բամիա, դանդուռ, մրգերից`   նուռ, սերկևիլ, խաղող, թուզ, ունաբ, սալոր: Հայ բժշկապետը խորհուրդ էր տալիս նշանակել հիվանդին դյուրամարս սնունդ`   թարմ ձուկ, հավի միս, մսաջուր, ձվի դեղնուց, կաթ (թոքախտով հիվանդներին`   այծի և էշի կաթ):

 

Բուժման ֆիզիկական մեթոդների շարքում Հերացին մեծ տեղ էր հատկացնում ջրաբուժմանը (շփումներ, լոգանք), ինչպես նաև մերսումներին և մարմնամարզական վարժություններին: Մեծ բժշկապետը լուրջ ուշադրություն էր դարձնում պսիխոթերապևտիկ մեթոդներին, ներշնչմանը, այդ նպակակով օգտագործելով նաև երաժշտությունը: Այսպես, «միօրյա» տենդի դեպքում, որ առաջ է գալիս նրա խոսքերով ասած «հոգսերի և դառնություննեի պատճառով», նա առաջարկում է հետևյալը`   ''Զբաղեցրու (հիվանդին) խաղերով և կատակներով ու ամեն միջոցով նրան ուրախացրու. թող որքան կարելի է հիվանդը շատ լսի գուսանների երգը, լարերի հնչյունը և հաճելի մեղեդիներ»:

 

''Ջերմանց մխիթարութիւն'' գրքի հնագույն գրչագիրը (1279 թ.) այսօր պահվում է Մաշտոցի անվան մատենադարանում:

 

Մեծ բժշկապետի երկերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե որքան բարձր մակարդակի էր հասել հայ բժշկությունը Մխիթար Հերացու ժամանակ, որ ստեղծագործաբար մշակեց անտիկ աշխարհի, արաբական և հայ ժողովրդական բժշկության ավանդույթները: Այս ամենը հայ բժշկապետին իրավամբ դասում է միջնադարի բժիշկների առաջին շարքը: Դեռևս 1908 թ. ''Ջերմանց մխիթարութիւն'' գիրքը գերմաներեն փայլուն թարգմանող և Հերացու ստեղծագործությունն առավել լուրջ ուսումնասիրող Էռնստ Զայդելը հետևյալն է ասել հայ բժշկի մասին. ''Երբ մենք, օինակ, առանց կանխակալության համեմատենք Հիլդեգարդայի « ''Ֆիզիկան'', որ գրվել է մի քանի տասնամյակ առաջ, հայ վարպետի ստեղծագործության հետ, ապա մենք ստիպված կլինենք առաջնության դափնին վճռականապես շնորհել վերջինիս`   բնությունը հիմնավորապես ճանաչելու, հետևողական և ինքնուրույն մտածողության, և սխոլաստիկ լծից կատարելապես զերծ լինելու համար'':

 

 ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2007 (4-5)

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company