Health Corner

Բարությունն արվեստ է: Հաուպտման. ծաղկեփունջ նվիրեք

Երբ ծաղկեփունջ են ստանում, այդ ուրախությունը չի կարող մռայլել ոչ մի վրիպում, որը թույլ է տրվել ծաղկեփունջ նվիրելիս: Բայց սովորել ծաղիկ նվիրելու արվեստը, նշանակում է բազմապատկել փոխադարձ ուրախությունը:

 

Երբ ծաղկեփունջ են ստանում, այդ ուրախությունը չի կարող մռայլել ոչ մի վրիպում, որը թույլ է տրվել ծաղկեփունջ նվիրելիս: Բայց սովորել ծաղիկ նվիրելու արվեստը, նշանակում է բազմապատկել փոխադարձ ուրախությունը:

 

Հին ժամանակներից մարդիկ ծաղիկներին խորհրդանշական նշանակություն են տալիս: Եվ այսօր նրանք հիանալի հնարավորություն են տալիս ասել այն, ինչը հնարավոր չէ արտահայտել բառերով, ընդգծել հատուկ վերաբերմունքը մարդու նկատմամբ: Պետք է միայն ճշտել ծաղկային էտիկետի որոշ կանոններ, որպեսզի խուսափել անհարմար իրավիճակներից:

 

Ում սիրում եմ, նրան նվիրում եմ

 

Ծաղիկներ կարելի է նվիրել ամենքին, առիթով և անառիթ: 

 

Փոքրիկ քրոջը կամ ընկերուհուն կարելի է նվիրել կիսաբացված ու բաց երանգներով ծաղիկներ`   վարդագույն, դեղին, որոնք խորհրդանշում են երիտասարդությունը, քնքշությունն ու արևի լույսը: Տարիքով կնոջ համար պետք է վառ գույնի ու լրիվ բացված ծաղիկներից ծաղկեփունջ կազմել: Որքան մեծ է կնոջ տարիքը, այնքան պետք է հագեցած լինեն ծաղիկների գույները: Տարեց մարդկանց մի նվիրեք կալաներ, քրիզանթեմներ, սպիտակ ու դեղին գույների ծաղիկներ, դրանք թախիծ ու բաժանում են խորհրդանշում:

 

Ուժեղ սեռի ներկայացուցիչներին նվիրում են ծաղիկներ ու ծաղկազամբյուղներ հոբելյանի, մրցանակ ստանալու, պարգևատրման կապակցությամբ: ՙՏղամարդկային՚ ծաղիկներն են թրաշուշանները, մեխակները, գեորգինաները և երկար ցողուններով կարմիր վարդերը: Պետք է ներկայանալի ու խիստ ծաղկեփունջ կազմել, առանց ավելորդությունների: Միատոն ծաղկեփունջը դուր է գալիս արդեն տարիքն առած, կամ պահպանողական հայացքների տեր տղամարդուն: Իսկ տիրական, ծանրակշիռ տղամարդու համար հարմար է երկար ցողուններ ունեցող ծաղիկներով ծաղկեփունջը: Երիտասարդ, եռանդուն տղամարդու համար կարելի է էկզոտիկ կոմպոզիցիա կազմել խոտաբույսերով ու ճյուղերով: 

 

Ծաղիկներ են նվիրում նաև երեխաներին, ծննդյան տարեդարձի առթիվ կազմված ծաղկային կոմպոզիցիան թույլ կտա նրանց իրենց հպարտ զգալ, որ մեծացել են: Լավ կլինի ընտրել բաց գույնի, նուրբ երանգներով ծաղիկներ: Մանկական ծաղկեփունջը կարելի է նաև խաղային երանգով պատրաստել, ծաղիկների հետ համադրել գունավոր թղթերից, ժապավեններից պատրաստված  գեղեցիկ թիթեռնիկներ: Փոքրիկը կուրախանա ծաղկեփնջի մեջ խաղալիք կամ շոկոլադ հայտնաբերելով: Երիտասարդ մայրիկին երկու ծաղկեփունջ են նվիրում`   մեծ ու փոքր: Կարծիք կա, որ նորածին երեխային ծաղկեփունջը հաջողություն է բերում: Աղջիկներին տալիս են վարդագույն կամ կարմիր ծաղիկներ, տղաներին`   կապույտ կամ մանուշակագույն:

 

Ծաղկային էտիկետը  տղամարդկանց լայն հնարավորություններ է ընձեռում:  Մենք դրա համար միայն ուրախ ենք: Սիրելիին ծաղկեփունջ ուղարկել փոստատարի հետ, առանց երկտողի. կարելի է: Ավտոմեքենայի դիմապակուն մեկ ծաղիկ դնել որպես սիրո խոստովանություն. թույլատրելի է (ի դեպ, հենց մեկ հատիկ ծաղիկը հատուկ վերաբերմունք է խորհրդանշում): Մահճակալը վարդի թերթիկներով ծածկել. խնդրեմ: Արգելված է միայն սիրելիին նվիրել կարևոր պահին «անհարմար» ծաղիկներ, օրինակ,  հոբելյանի կապակցությամբ դաշտային երիցուկներ:

 

Զույգ թե կենտ

 

Ծաղկեփնջի մեջ ծաղիկների քանակը որոշվում է «զույգ-կենտ» սկզբունքով: Կենտ պետք է լինի այն դեպքում, եթե ծաղկեփնջի մեջ ծաղիկների քանակը 12-ից քիչ է: Եթե ավելի շատ է, ապա ծաղիկների քանակը պետք է բաժանվի 6-ի, կամ էլ ընդհանրապես կարելի է այդ կանոնին չհետևել: 

 

Հոբելյանի կապակցությամբ կարելի է ծաղկազամբյուղ նվիրել տարիքին համապատասխան ծաղիկների քանակով: Ընդհանրապես, որքան «ծանրակշիռ է» տարեթիվը, այնքան հոյակապ ու շքեղ պետք է լինի ծաղկային կոմպոզիցիան:

 

իսկ սգո արարողության ժամանակ ընդունված է, որ ծաղկեփնջի մեջ ծաղիկների քանակը զույգ լինի: Մեկ այլ կարծիք էլ գոյություն ունի, իբր թե միայն չորս ծաղիկն է մահը խորհրդանշում: 

 

Ինչպես նվիրել

 

Ծաղկեփունջը պետք է նվիրել գեղեցիկ ժպիտով, ծաղկաբույլը դեպի վեր, իսկ այն պետք է նշանակված վայր հասցնել ծաղկաբույլը ներքև կախած, որպեսզի ծաղիկները ծամանակից շուտ չթառամեն: Եթե ծաղկեփունջը գեղարվեստորեն փաթեթավորված չէ, ուրեմն նվիրելուց առաջ փաթեթը հանում են: Ծաղկեփունջը պետք է նվիրել ձախ ձեռքով, սրտին ավելի մոտ, իսկ աջը պետք է ազատ պահել ողջունելու համար: 

 

Իսկ եթե չեք կարող ծաղիկներն անձամբ նվիրել,  կարող եք փոստատարի միջոցով այն ուղարկել: Եթե ընթրիքի եք հրավիրված, օրվա առաջին կեսին կարող եք տանտերերին ծաղիկներ ուղարկել, նրանց համար շատ հաճելի կլինի: Ծաղիկներ կարելի է ուղարկել նաև հաջորդ օրը, ի նշան երեկոն հաճելի անցկացնելու երախտագիտության: Ժեստը շատ տեղին է տղամարդկանց համար, բայց եթե հանդիսավոր արարողությունը կազմակերպել էին տարեց մարդիկ, նման  հարգանք կարող են արտահայտել նաև կանայք: 

 

Գործընկերոջ համար իդեալական «ծանրոց է» ծաղկային համեստ կոմպոզիցիան: Ավանդական ուղերձը`  «Թանկագին գործընկեր, շնորհակալություն, որ Դուք մեզ հետ եք», կարող եք արտահայտել այդ ծաղկեփնջով: Իսկ ծաղիկների ընտրությունը մեծ չէ. հագեցած, բայց ոչ այնքան վառ գույնի բացված վարդեր: Կարևոր մանրամասն. բիզնես-ծաղկեփունջը պետք է միատոն լինի: 

 

Ինչպես ընդունել

 

Բնականաբար, անկեղծ ուրախությամբ և երախտագիտության խոսքերով: Տոնական սեղանին դրեք ծաղկեփունջը միայն այն դեպքում, եթե այն չի խանգարի մարդկանց: Իսկ լավագույն տարբերակն այն նույն սենյակում, բայց մեկ այլ փոքրիկ սեղանի վրա տեղավորելն է: Մեկ ծաղկամանի մեջ տարբեր ծաղկեփնջեր մի տեղավորեք, դրանք կկորցնեն իրենց անհատական գրավչությունը:

 

... որ առիթի դեպքում

 

Հիշեք, տոնի կապակցությամբ նվիրած ծաղկեփունջն արդեն որպես նվեր չի կարող ծառայել: Այդ դեպքում ծաղիկները նվերի բաղկացուցիչ մասն են: Փոքրիկ, խորհրդանշական նվերը պարտադիր է: 

 

Իսկ հյուր գնալիս պե՞տք է ծաղիկներ նվիրել: Այս առթիվ խիստ հանձնարարականներ չկան, բայց ամեն մի տանտիրուհու հաճելի կլինի ստանալ ուշադրության այդ քնքուշ նշանը: Ընդ որում, ծաղկեփունջը պետք է նվիրի տղամարդն այն բանից հետո, երբ տիկնայք կողջունեն միմյանց: 

 

Հարսնացուի ամուսնական ծաղկեփունջը «մեզ մոտ է եկել» արևմուտքից: Այն կազմում են նուրբ խոլորձից, աստղածաղիկներից, վարդակակաչներից, որոնք անպայման պետք է կարճ ցողուններ ունենան:  Երբեմն ծաղկեփնջի մեջ նաև սպիտակ վարդեր են դնում: Ծաղկեփունջը նվիրում է փեսացուն, իսկ պսակադրության արարողությունից հետո հարսնացուն այն թիկունքով կանգնած նետում է ընկերուհիներին, ով բռնեց, նա էլ շուտով կամուսնանա: 

 

Ցանկանո՞ւմ եք բարձրացնել  հիվանդանոցում հայտնված ընկերոջ տրամադրությունը: Ձեզ հետ հիվանդասենյակ տարեք ծաղկեփունջ, բայց հետևեք, որ այն սուր բուրմունք չունենա, որպեսզի ալերգիայի ու գլխացավի պատճառ չդառնա:

 

Իսկ բնակարանամուտն արդեն հիանալի առիթ է թաղարով   ծաղիկներ նվիրելու համար: Այսօր շատ նորաձև են նման նվերները: Բայց պետք է համոզված լինեք, որ տանտերերը սիրում են տնային բույսեր և կարող են խնամել դրանց: 

 

Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company