Health Corner

Առողջապահության ֆինանսավորումը Հայաստանում ավելի ցածր է, քան մի շարք ԱՊՀ երկրներում

Դեկտեմբերի 18-ին' ժ. 15:00-ին, Անի Պլազա հյուրանոցի «Անի սրահում» կայանալու է «Առողջության խթանման ծրագրերի իրականացմանն ուղղված այլընտրանքային ֆինանսավորման հեռանկարները Հայաստանում» թեմայի ամփոփումը: Միջոցառման կազմակերպիչն է «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունը, մասնակցում են ՀՀ առողջապահության նախարարը, ԱԺ-ի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, այլ նախարարությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Առողջապահության ոլորտը մշտապես համարվել է գերակա խնդիր և եղել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Դա է վկայում վերջին տարիներին առողջապահության ոլորտին պետական հատկացումների աճը: Բացարձակ թվերով այդ աճը թեև ավելանալու է 2013թ-ին (ԱԺ հաստատված բյուջեում հատկացումները կգերազանցեն 70 միլիարդ դրամը), սակայն 2012թ. պետական բյուջեից փաստացի հատկացումները եղել են 65 միլիարդ դրամի, ինչն առավել չէ ՀՆԱ-ի նկատմամբ 1,6%-ից: Սույն ցուցանիշը փաստում է, որ առողջապահության ֆինանսավորումը Հայաստանում ավելի ցածր է մի շարք ԱՊՀ-ը երկրների համարժեք հատկացումներից, թիկունքում թողնելով միայն Տաջիկստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը:

Ակնհայտ է, որ մեր երկրում չի հաջողվել հասնել Կայուն զարգացման ծրագրով առողջապահության ոլորտի սահմանված նպատակային ցուցանիշներին: Հատկացված պետական միջոցները հիմնականում բավարարել են միայն բուժման ծախսերը հոգալուն. կանխարգելմանն ուղղված հատկացումները խիստ սակավ են: Մինչդեռ ապացուցված է, որ հանրային առողջապահական խթանման և կանխարգելման ծրագրերը պակաս ներդրումներ են պահանջում, բայց ավելի արդյունավետ են:
 
Առողջապահությանը հատկացվող միջոցները հավանաբար երբեք բավարար չեն լինի, և առողջապահական բարեփոխումները ամենաթեժ թեման են բոլոր երկրներում: Տնտեսապես ամենազարգացած երկրներում անգամ մշտապես ծագում են հարցեր առողջապահական ոլորտի ապահովագրության և այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների համալրման վերաբերյալ:
Այսօր ամբողջ աշխարհում Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու և ընդհանրապես երկրների զարգացման համար մեծ աշխատանքներ են տարվում այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների ներդրման համար:
 
2011թ-ի ապրիլից մեկնարկելով «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակներում Վորլդ Վիժն Հայաստանը նախաձեռնեց մի ուսումնասիրություն, որով փորձեց գնահատել այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների կիրառումը Հայաստանում: Դրանք ներառում են ալկոհոլի և ծխախոտի հարկերի ինչպես նաև բջջային հեռախոսների վրա «համերաշխության վճարի» ավելացումն ու ուղղորդումը դեպի հանրային առողջապահական ոլորտ:
 
Նման մեխանիզմներ կիրառվում են մի շարք զարգացած երկրներում, ինչպես նաև Թայլանդում, Մոնղոլիայում, Մալազիայում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներում: Այդ երկրներում կիրառվում են այլընտրանքային ֆինանսավորման տարբեր մոդելներ՝ ուղղված առողջ ապրելակերպի խթանմանն ու հանրային առողջապահության այլ ոլորտների զարգացմանը:
Ինչպես նաև հանրային առողջապահական խնդիրները դիտարկվում և կառավարվում են որպես միջգերատեսչական հարցեր:
 
Այս տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչների համար «Վորլդ Վիժնի» կողմից կազմակերպված ուսուցողական այցը Թայլանդ հնարավորություն տվեց ուսումնասիրել այդ փորձը և նախատեսել համատեղ առաջարկներ և լուծումներ:
 
Դեկտեմբերի 18-ի հանդիպման ժամանակ կներկայացվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company