Encyclopedia

Յասոն

Յասոնը (Յազոն, Իասոն, հունարեն`   Ἰάσων) հունական դիցաբանության աստված է: Յասոն նշանակում է բուժող, նրա իսկական անունը եղել է Դիոմեդես։

Թեսսալիայի Իոլկոս քաղաքի թագավոր Էսոնի և Պոլիմեդայի (տարբերակներ`   Ամփոնոմիե, Պոլիմենե, Ալկիմեդա, Պոլիփեմե) որդին։ Երբ Էսոնի եղբայրը`   Պելիասը իշխանությունը խլեց նրանից, հարազատները, վախեցած Պելիասի դավերից, Յասոնին հանձնում են կենտավրոս Քիրոնի խնամքին, որը պատանուն սովորեցնում է բժշկության արվեստը։ Այր դառնալուց հետո Յասոնը վերադառնում է Իոլկոս։ Պելիասը նրան ուղարկում է Այետեսի թագավորություն,ոսկե գեղմը բերելու։ Նա գլխավորում է արգոնավորդների արշավանքը։ Բազում արկածներից հետո արգոնավորդները «Արգո» նավով հասնում են Այետես թագավորի մոտ, որը համաձայնվում է հանձնել նրանց ոսկե գեղմը, պայմանով, որ Յասոնը գութանին լծի բոց ժայթքող, պղնձե սմբակներով ցուլերին և նրանցով հերկած դաշտում ցանի վիշապի ատամներ։ Այետեսի դստեր`   հզոր կախարդուհի Մեդեաի օգնությամբ, որը սիրահարվում է Յասոնին, թագավորի պահանջները հաջողությամբ կատարվում են։ Յասոնը տիրանում է ոսկե գեղմին և իր հետ վերձնելով Մեդեաին ընկերների հետ մեկնում է Հունաստան։ Վերադառնալով Իոլկոս Յասոնը իմանում է, որ Պելիասը սպանել է իր հորը և եղբորը, իր մորը հասցրել ինքնասպանության։ Մարդասպանից վրեժ լուծելու համար Մեդեան Պելիասի դուստրերին համոզում է կտրատել իրենց ծերունի հոր մարմինը և եփել կաթսայում։ Նա խոստանում է ուր դրանից հետո Պելիասը կերիտասարդանա, սակայն խոստումը չի կատարվում, Մեդեան ու Յասոնը վտարվում են Իոլկոսից և մեկնում Կորնթոս, Կրեոն թագավորի մոտ։ Այստեղ Յասոնը մի քանի տարի ապրում է Մեդեաի հետ և ունենում են երկու զավակ`   Մերմերոսին և Փերետոսին։ Այնուհետև Յասոնը որոշում է ամուսնանալ Կրեոնի դստեր`   Կրեուսայի (Գլավկեի) հետ։ Մեդեան նորապսակ կնոջը ուղարկում է թունավոր հագուստ և նա ահավոր տառապանքներով մահանում է։ Որպեսզի վրեժը լիակատար լինի նա Յասոնի աչքի առջև սպանում է իր երկու որդիներին և հեռանում թևավոր վիշապներ լծած կառքով։ Միայնակ մնացած Յասոնը մահանում է խալխլված «Արգո» նավի բեկորների տակ։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.