Encyclopedia

Հադես

Հադեսը (կամ Աիդ, Աիդես, հին հունարեն՝ Ἀΐδης կամ ᾍδης, նաև Ἀϊδωνεύς, այլ կերպ նաև Պլուտոն, Աիդոնես) ըստ հին հունական դիցաբանության՝ ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի աստվածն է, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։

Հադեսը Կրոնոսի և Ռեայի ավագ որդին էր, Զևսի, Պոսեյդոնի, Հերայի, Հեստիայի և Դեմետրայի եղբայրը։ Պերսեփոնեի ամուսինը։ Հռոմում Հադեսը նույնացվել է մահվան և դժողքի աստվածների՝ Օրկոսի և Դիսի հետ։

Աշխարհը բաժանվում է երեք եղբայրների միջև և Հադեսն ստանում է ստորգետնյա թագավորությունը։ Հադեսը համարվում է ստորգետնյա հարստությունների և պտղաբերության աստվածություն, որը երկրի ընդերքից բերք է պարգևում։ Հադեսը առևանգում է երկրագործության աստվածուհի Դեմետրայի աղջկան՝ Պերսեփոնեին։ Դեմետրան լիովին հուսաբեկ դադարում է բերք պարգևել մարդկությանը և Զևսը հրամայում է Հադեսին ետ վերադարձնել Պերսեփոնեին իր մորը։ Սակայն Հադեսը ստիպում է Պերսեփոնեին կուլ տալ նռան մի քանի հատիկ, և Դեմետրայի դուստրը արդեն չէր կարող վերջնականապես լքել ստորերկրյա թագավորությունը։ Նա միայն տարվա մի մասը անցկացնում էր երկրի վրա մոր հետ, իսկ մնացած ժամանակ իշխում էր ստորգետնյա թագավորությունում։

Առասպելները Հադեսին օժտել են անտեսանելի սաղավարտով, ըստ Հոմերոսի Հադեսը ինքն է հսկում իր թագավորությունը։ Հերակլեսը դժողք իջնելիս խոցել է մուտքի մոտ կանգնած Հադեսին, որը ստիպված է եղել վերքը բուժելու համար մեկնել Օլիմպոս։ Հադեսին զոհաբերում էին սև եզներ։ Հնագույն առասպելներում Հադեսը, որը գտնվում էր արևմուտքում, օվկիանոս գետից այն կողմ, մեռյալների ստվերների բնակավայրն էր։ Այստեղ մեռյալների հոգիները շարունակում են իրենց երկրային զբաղմունքները։ Հադեսի մուտքերը ինչպես հավատում էին հնում, գտնվում էին Տենարոս հրվանդանի մոտ (Լակոնիայում), Պիլոսում (Պելոպոնեսոսի արևմուտքում), Ավեոն լճի մոտ (Իտալիայում) և այլուր։ Մեռյալների ստվերները Հադեսի դարպասների մոտ բերում է Հերմես Պսյուխոպոմպոսը (հոգիների ուղեկցող)։ Քարոնը մեռյալներին փոխադրում է Ստիգս գետի վրայով։ Երեք գլխանի Կերբերոս շունը բոլորին թույլ է տալիս մտնել Հադես, բայց ոչ ոքի թույլ չի տալիս այնտեղից դուրս գալ։ Հադեսի տիրակալներն են Հադեսը և Պերսեփոնեն։ Մեռյալների ստվերները կանգնում են ատյանի առաջ։ Մինոսը, Էակոսը և Հռադամանթիսը աստվածների կողմից մեռյալների վրա կարգվել են դատավոր։ Հադեսում հոսում է մոռացության Լեթա գետը, որի մի կում ջուրը ստիպում է մոռանալ երկրի և երկրային կյանքը։ Աստվածներին անարգողները Հադեսում դատապարտվում են տանջանքների։ Տանտալոսը մինչև վիզը կանգնած է ջրի մեջ, նրա գլխավերևում կախված են հասուն մրգեր, բայց նա հավիտյան տառապում է քաղցից ու ծարավից։ Դանայուհիները ջուր են լցնում անհատակ կարասի մեջ։ Սիսիփոսը սարն ի վեր գլորում է ծանր քարը, որը իսկույն ցած է գահավիժում և այլն։ Հադեսում Ստիգսից և Լեթայից բացի հոսում են Կոկիտոս, Պյուրիփլիգիթոն և Աքերոն գետերը։ Հադեսը բնակեցված է բազմաթիվ դեմոններով և հրեշներով. այնտեղ մշտապես բնակվում են Հեկատեն, Էրիննիաները, Գորգոները, Հարպիաները, Քիմերան, Եքիդնան, Հիդրան, Եմպուսան։ Միայն փոքրաթիվ մահկանացուների աստվածներին թույլատրել են իջնել Հադես և այնտեղից ողջ դուրս գալ։ Օրփևսը Զևսից ստացել է թույլտվություն Հադեսից դուրս բերելու իր մահացած կնոջը՝ Եվրիդիկեին, Հերակլեսը հադեսից դուրս է բերել Կերբերոսին։ Ոդիսևսը և Էնեասը իջել են Հադես որպեսզի տեսակցեն իրենց մերձավորների հետ։
 
Արվեստում Հադեսը պատկերվել է Զևսի նմանությամբ՝ ուժեղ չափահաս տղամարդ, գահին նստած, ձեռքին երկժանի կամ գայիսոն, երբեմն նրա կողքին Պերսեփոնեն։ Հոմերոսը Հադեսին որտեղ բնակվում են ստվերները տարբերում է Տարտարոսից, որտեղ բանտարկված են տիտաններ (դիցաբանություն)ը, նրանց հսկում են հեկատոնքեյրները։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.