Health Corner

Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ

Կերակրափողի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նրա բորբոքումը`   էզոֆագիտը, որն ունի սուր և խրոնիկական ընթացք: Դրանց բնորոշ են կլման ակտի ժամանակ կրծքավանդակի հետին հատվածի ցավերը, սրտխառնոցը, բխկոցը, այրոցի զգացումը և այլն:

Այս հիվանդության ժամանակ չափազանց կարևոր դեր է խաղում սնուցումը: Կերակրափողի սուր բորբոքման ժամանակ պետք է սնվել «ծայրահեղ խնայող» ռեժիմով: Նախ և առաջ անհրաժեշտ է խմել մեծ քանակությամբ հեղուկներ գոլվիճակում, այդ թվում`   առանց գազի հանքային ջրեր, հյութեր: Վերջիններս պետք է լինեն ոչ թթու`   ջրով նոսրացված, որպեսզի կերակրափողի լորձաթաղանթը չգրգռվի: Ցանկալի է օգտագործել խնձորի, դեղձի, գազարի, տանձի հյութեր: Այրոցի դեպքում խորհուրդ չի տրվում ծիրանի, խաղողի հյութ խմել, իսկ կոմպոտներին անհրաժեշտ է ջուր ավելացնել: Կերակրափողի սուր բորբոքման առաջին 7 օրերին նպատակահարմար չէ պինդ կերակուրներ ուտել:

Օրվա ընթացքում անհրաժեշտ է փոքր քանակներով օգտագործել կարագ, բուսական (կարելի է նաև չիչխանի) յուղ, թերխաշ ձու, կարագով եփված թեթև ապուր`   սննդակարգից բացառելով արգանակը, թարմ հացը, հրուշակեղենը, մածունը, որը գրգռիչ ազդեցություն է թողնում ստամոքսի լորձաթաղանթի վրա: Խորհուրդ է տրվում ուտել ջրիկ շիլաներ (ավելի լավ է սպիտակաձավարի կամ հնդկացորենի), չոր լավաշ (քիչ քանակությամբ), կաթնամթերքից`   խմել գոլ կաթ, յոգուրտ, կեֆիր: Կարելի է ուտել նաև փոքր կտոր անալի, անյուղ պանիր, դիետիկ թարմ կաթնաշոռ: Հիշեք, որ ուտելիքը պետք է լավ ծամել: Կերակրափողի բորբոքման սուր շրջանից 10 օր հետո սննդակարգը կարելի է ընդլայնել:   
 
Կերակրափողի խրոնիկական բորբոքումների ժամանակ նույնպես խորհուրդ է տրվում ուտել չգրգռող, ջրիկ կամ կիսաջրիկ կերակուրներ: Կաթնամթերքից (բացառելով մածունը), ջրիկ շիլաներից բացի՝ կարելի է ուտել տավարի կամ հավի ոչ ճարպոտ միս, խաշած ձուկ, շոգեխաշած կոտլետ, բժշկական երշիկ, ոչ ճարպոտ նրբերշիկ: 
 
Խրոնիկական էզոֆագիտ է զարգանում նաև, երբ ստամոքսի պարունակությունը, հատկապես թթու ստամոքսահյութը վերադառնում է կերակրափող: Նման դեպքում նույնպես պետք է խնայող սննդակարգ պահպանել՝ բացառելով կծու, թթու, աղի կերակուրները: Սննդակարգը պահպանելու հետ մեկտեղ պետք է պարբերաբար՝ ուտելուց 25-30 րոպե առաջ և ուտելուց անմիջապես հետո, հանքային ջրեր խմել`   գոլ վիճակում, օրինակ`  «Ջերմուկ» կամ «Բջնի»: Դրանք իջեցնում են ստամոքսահյութի թթվայնությունը և լավացնում կերակրափողի լորձաթաղանթի վիճակը: Շատ կարևոր է, որ նրանք, ում ստամոքսի պարունակությունը հաճախ է վերադառնում կերակրափող, ուտեն փոքր չափաբաժիններով, ուտելուց հետո չպառկեն և քնելուց առաջ չուտեն:
 
Ստամոքսի բորբոքումը`   գաստրիտը (ստամոքսաբորբ), նույնպես լինում է սուր և խրոնիկական ընթացքով: Սուր գաստրիտի ժամանակ սնվելու սկզբունքները նույնն են, ինչ կերակրափողի սուր բորբոքման դեպքում: Հաշվի առնելով այն հանգամանքը,որ սուր գաստրիտը հիմնականում սննդային թունավորումների հետևանք է, առաջին շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկներ խմել, այդ թվում`   հյութեր, հանքային ջուր`   գոլ վիճակում և ուտել չգրգռող կերակուր`   փոքր չափաբաժիններով:
 
Խրոնիկական գաստրիտի դեպքում, երբ թթվայնությունը բարձր է, սննդակարգում պետք է ընդգրկել կաթնամթերք (բացառելով մածունը), շիլաներ (գլխավորապես հնդկացորենի և վարսակի), չոր հաց, ավելի լավ է լավաշ, պաքսիմատ, չորացրած թխվածքաբլիթ, կարագով կամ բուսական յուղով եփած ապուրներ`   առանց տոմատի, սննդակարգից բացառել արգանակները: 
 
Կարելի է ուտել տավարի, հավի խաշած միս`   առանց համեմունքների, բժշկական երշիկ, նրբերշիկ, խիստ սահմանափակել քաղցրավենիքի և հրուշակեղենի քանակը, քանի որ դրանք ուժեղացնում են այրոցի զգացումը, բխկոցները: Եթե ստամոքսի ցավերն ուժեղ չեն, սննդակարգում կարելի է ներառել թեթև աղցաններ, վինեգրետ`  առանց սոխի, սխտորի ու համեմունքների: Ցանկալի չէ խմել սուրճ և թունդ թեյ, «Պեպսի-կոլա» «Ֆանտա», ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ:
 
Քանի որ ծիրանի և խաղողի հյութերը գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը և բարձրացնում թթվայնությունը, ուստի դրանք հակացուցված են:  Նպատակահարմար է փոքր քանակությամբ և հաճախակի խմել հանքային ջուր`   գոլ վիճակում:
 
Ցածր թթվայնությամբ խրոնիկական ստամոքսաբորբի ժամանակ խնայող սննդակարգի պահպանումը պարտադիր չէ: Միայն պետք է սահմանափակել թարմ հացի և հրուշակեղենի քանակը, որոնք ստամոքսում ծանրության զգացում են առաջացնում: Եթե ստամոքսի բորբոքումը թույլ է արտահայտված, խորհուրդ է տրվում ուտել լիարժեք և բազմազան, վիտամիններով հարուստ սնունդ: 
 
Ստամոքսի խոցային հիվանդության ժամանակ նույնպես մեծ նշանակություն ունի սննդակարգը: Նախ և առաջ պետք է պահպանել սննդի մաս-մաս ընդունման սկզբունքը`   օրական 5-6 անգամ: Ի տարբերություն մյուս հիվանդությունների՝ այս դեպքում թույլատրվում է ուտել երեկոյան ժամերին, քանի որ հիվանդները գիշերային քաղցի զգացում են ունենում, որն ուղեկցվում է ցավերով: Պետք է ուտել խաշած սննդատեսակներ, խմել օրական մինչև 1,5 լ հեղուկ: 
 
Անհրաժեշտ է, որ խոցային հիվանդության սրացման ժամանակ սննդակարգը լինի չափազանց խնայող՝ նրանում ընդգրկելով թարմ կաթնաշոռ, կաթ`   գոլ վիճակում, անալի պանիր, կարագ, թերխաշ ձու, ջրով եփած շիլաներ, առանց տոմատի թեթև ապուր, բացառվում են արգանակը, չոր հացն ու լավաշը: Արգելվում են տապակած և ճարպոտ կերակուրները, թթուները,մարինադները, ապխտած մթերքը, պահածոները, սպանախը, թրթնջուկը, սոխը, սխտորը, սուրճը, թունդ թեյը: Պետք է սահմանափակել քաղցրավենիքի, ալյուրից պատրաստած կերակուրների քանակը:
 
Չափազանց զգույշ պետք է լինել ստամոքսի արյունահոսող խոցային հիվանդության ժամանակ: Այս դեպքում առաջին 5 օրն անկողնային ռեժիմը պարտադիր է: Խորհուրդ է տրվում խմել միայն սառը հեղուկներ, այդ թվում`   առանց գազի հանքային ջրեր, հյութեր, կիսել, ուտել թերխաշ ձու, անալի պանիր, դիետիկ թարմ կաթնաշոռ, վերմիշելով ապուր`   տրորած վիճակում, կուլ տալ կարագի փոքր կտոր: Սկսած 5-րդ օրվանից`   կարելի է սննդակարգն աստիճանաբար ընդլայնել, սնունդն ընդունել մաս-մաս, ուտել տավարի խաշած միս (ավելի լավ է շոգեխաշած կոտլետ), հավի միս, ձուկ, բժշկական երշիկ, ոչ ճարպոտ նրբերշիկ: Մրգային, հատկապես խնձորի, նռան և բալի հյութերին, ինչպես նաև մասուրի եփուկին պետք է ջուր ավելացնել:Կարելի է խմել ոչ թունդ թեյ`   ավելացնելով կաթ կամ սերուցք: Սուրճն արգելվում է:
 
Ստամոքսի վիրահատությունից հետո սկզբնական շրջանում պետք է խստորեն, չափազանց խնայող սննդակարգպահպանել, որը հետագայում, ստամոքսի կամ 12- մատնյա աղիքի վիրահատությունից հետո`   վերականգնման փուլումկարելի է աստիճանաբար ընդլայնել: Հարկավոր է սնվել օրը 4-6 անգամ: Կերակուրը պետք է պատրաստված լինիշոգեխաշման եղանակով:
 
Խորհուրդ է տրվում ուտել չոր հաց կամ լավաշ, թխվածքաբլիթներ, չոր բիսկվիտ: Կաթնամթերքից կարելի է օգտագործել կաթ, թթվասեր, դիետիկ կաթնաշոռ, անալի պանիր: Կարելի է ուտել նաև կարագ, թերխաշ ձու, շոգեխաշած կոտլետ, տավարի, հորթի, հավի միս, խաշած ոչ ճարպոտ ձուկ, բժշկական երշիկ, նրբերշիկ: Օգտակար են ձավարեղենով և բանջարեղենով (կարտոֆիլով, գազարով), ոչ ճարպոտ արգանակով պատրաստած ապուրները: Խորհուրդ են տրվում կարագով շիլաներ, խաշած մակարոնեղեն, բնական մեղր, մուրաբաներ`   քիչ քանակությամբ, կաթնային և մրգային սոուսներ, կիսել, կաթով ոչ թունդ թեյ, ջրով բացած կոմպոտներ, կիսաքաղցր մրգեր: 
 
Պետք է սահմանափակել կաթնային քաղցր ջրիկ շիլաները (հատկապես սպիտակաձավարով, բրնձով), ինչպես նաև քաղցր կաթը, թեյը, կակաոն, թթխմորով պատրաստած խմորեղենը և խմորից պատրաստած այլ ուտեստները`   տաք վիճակում,կանաչեղենից պատրաստած կերակրատեսակները, մսեղենից`   ուղեղը, թոքը, երիկամն ու լյարդը: Անհրաժեշտ է սննդակարգից բացառել խոզի, ոչխարի միսը, արգանակները, բանջարեղենային թունդ եփուկները, բորշչը, թթուները, մարինադները, ապխտած մթերքը, պահածոները, տորթերը, շոկոլադը, կաղամբը, լոբազգիները, սպանախը, թրթնջուկը, բողկը, սոխը, սխտորը, թթու և շատ քաղցր մրգերը, բալը, հաղարջը, կիտրոնը, գազով ըմպելիքները, ալկոհոլը, թունդ թեյը, սուրճը:
 
Այս ամենը վկայում է, թե ինչպիսի կարևոր դեր ունի սնունդը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների բուժման հարցում: Այնպես որ, աշխատեք առաջնորդվել նշված խորհուրդներով, և դուք կխուսափեք ստամոքսի հիվանդություններից ու դրանց բարդություններից: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company