Health Corner

Կերակրափող և ստամոքս

Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն, սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով և շնչափողիհետին պատին հպվելով, իջնում է կրծքավանդակով ցած ողնաշարի առջևով, ծակում ստոծանին և նրա տակ լայնանալով`  դառնում ստամոքս: Կերակրափողն ունի երեք նեղացումներ, որոնցից առաջինը գտնվում է սկզբնական մասում, երկրորդը`  շնչափողի երկատման տեղում, երրորդը`   ստոծանու միջով անցնելու օղում: Այստեղով կերակրափողի հետ կողք-կողքի, կրծքավանդակից որովայնի խոռոչ է իջնում նաև գլխավոր զարկերակը`   աորտան: 

Կերակրափողը պասիվ խողովակ չէ. այն իր պատի հիմնական հաստությունը կազմող մկանային շերտի (նկար Բ) ակտիվ կծկումների շնորհիվ կերակրագունդը մղում է դեպի ստամոքս: Նրա լորձաթաղանթը կազմված է բազմաթիվ երկայնաձիգ ծալքերից, որոնք կերակրագնդի անցման ժամանակ կերակրափողին լայնանալու հնարավորություն են տալիս:

 
Բերանի խոռոչում սննդանյութը մեխանիկական և քիմիական որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո անցնում է ստամոքս, մնում 6-8 ժամ, ապա, աստիճանաբար, առանձին բաժիններով անցնում 12-մատնյա աղիք:
 
Լինելով մարսողական խողովակի լայնացած մասը՝ ստամոքսը կատարում է նաև պահեստի դեր`   իր մեջ կուտակելով մեծ քանակությամբ սննդանյութ: Այն գտնվում է որովայնի խոռոչի վերին մասում, ստոծանու ձախ գմբեթի տակ (նկար Ա): Առջևից նրան ծածկում են աջ կողմից`   լյարդը, ձախից`   կողերը: Ստամոքսի ձևը և տարողությունը փոփոխական են, կախված նրա լցվածության աստիճանից: Ստամոքսն ունի առաջային և հետին պատեր ու երկու եզրեր, որոնք կոչվում են կորություններ (նկար Ա և Գ), ինչպես նաև մուտք և ելք, որոնց միջին մասը ստամոքսի մարմինն է: Մուտքից դեպի վեր`   մինչև ձախ գմբեթաձև մասը, կոչվում է հատակ կամ թաղ:
 
Կլինիկական տեսակետից մեծ նշանակություն ունի ռենտգենաբանական հետազոտությամբ ստամոքսի ձևի և դիրքի ուսումնասիրումը: Ուղղաձիգ դիրքով կանգնած մարդու ստամոքսը մեծ մասամբ լինում է կարթաձև, հազվադեպ նաև`   եղջյուրաձև (հորիզոնական) ու գուլպայաձև (ուղղաձիգ դիրքով):
 
Ստամոքսը ներսից պատող լորձաթաղանթը նույնպես բազմաթիվ ծալքեր ունի: Այն ունի նաև այսպես կոչված ստամոքսային դաշտեր, որոնցում գտնվող  փոսիկներում  բացվում  են ստամոքսահյութ արտադրող գեղձերը: Մարմնի ու հատակի շրջանում գտնվող գեղձերն արտադրում են աղաթթու և մարսողությանը նպաստող ֆերմենտներով հարուստ լորձ:
 
Ստամոքսի հարթ մկաններից կազմված մկանաշերտի թելերը տարբեր ուղղություններ ունեն (նկար Դ): Դրանք ապահովում են ստամոքսի տարատեսակ կծկումները: Օղակաձև մկանաթելերը, ստամոքսաելքում հաստանալով, կազմում են ելքի սեղմանը (սֆինկտեր), իսկ լորձաթաղանթն առաջացնում է շրջանաձև ծալք, որը ստամոքսի ելքի փականն է: Սրանք ստամոքսաելքի անցքը փակ են պահում այնքան ժամանակ, մինչև ստամոքսում ավարտվում է մարսողության պրոցեսը:
 
Մարսողության ապահովման գործում կարևոր դեր է կատարում ստամոքսահյութը, որն անգույն, թափանցիկ, խիստ թթու ռեակցիայով հեղուկ է, պարունակում է մոտավորապես 0,5 տոկոս աղաթթու: Վերջինով ստեղծված թթվային միջավայրն ակտիվացնում է ֆերմենտների գործունեությունը, խթանում ստամոքսի կծկումները, ինչպես նաև ունենում մանրէասպան ներգործություն: Ստամոքսահյութում եղած ուժեղ ֆերմենտների (պեպսին, խիմոզին, գաստրիքսին, ռենին, լիպազա և այլն) ազդեցությամբ սպիտակուցներն ու ճարպերը տարրալուծվում և տրոհվում են ավելի փոքր մոլեկուլների:
 
Օրվա ընթացքում մարդու ստամոքսում արտադրվում է 1,5-2,5 լ ստամոքսահյութ: Նրա այդքան մեծ քանակության շնորհիվ կերակրանյութը վերածվում է ջրալի խյուսի: Դատարկ ստամոքսում սովորաբար հյութ չի արտադրվում: Հյութազատության բնույթը, հյութի քանակը և բաղադրությունը պայմանավորված են սննդի տեսակով, որակով ու չափով: Ամենաշատ ստամոքսահյութ արտադրվում է միսը, մսեղենը, ավելի քիչ`   կաթը, կաթնամթերքը և ամենաքիչը`   հացը մարսելու համար:
 
Սննդամթերքի բնույթի հետ կապված`   ստամոքսում հյութազատության ժամանակի տևողությունը նույնպես տարբեր է լինում. օրինակ՝ 600գ կաթի մարսման համար հյութազատության տևողությունը կազմում է 6 ժամ, 200գ մսինը`   8, իսկ 200գ հացինը`   10 ժամ: Ինչպես տեսնում ենք, ամենաերկարատև հյութազատությունը հացն է առաջացնում:
 
Հյութամղիչ ուժեղ ներգործությամբ աչքի են ընկնում հատկապես մսի և բանջարեղենի թուրմանյութերը, որոնք անջատվում են ջրում եռացնելիս: Դրա համար էլ մեծ է հեղուկ կերակրատեսակների նշանակությունը սննդամթերքի մարսման գործընթացում:
 
Ճարպեր ընդունելիս սկզբում ընկճվում է հյութազատությունը, նվազում թթվայնությունը, և առատ հյութարտադրություն է սկսվում միայն մի քանի ժամ հետո:
 
Ստամոքսահյութի արտազատումն սկսվում է ոչ միայն ուտելու ժամանակ, այլև ուտելիքը տեսնելիս ու հոտը զգալիս, դա պայմանական ոեֆլեքս է:
Ստամոքսում սննդամթերքի շաղախված խյուսը կծկումների շնորհիվ շարժվում է դեպի ստամոքսաելք: Երբ բացվում է վերջինիս սեղմանը, ստամոքսի պարունակությունն անցնում է 12-մատնյա աղիք, որտեղ միջավայրը հիմնային է: Սեղմանի բացվելն ու փակվելը կարգավորվում է քիմիական ու մեխանիկական մի շարք գործոններով, որոնցից ամենակարևորն աղաթթուն է:
 
Դատարկ ստամոքսը նույնպես պարբերաբար`   60-80 րոպեն մեկ կծկվում է, որը տևում է 10-15 րոպե: Ենթադրվում է, որ հենց այդ կծկումներն են քաղցի զգացում առաջացնում:
 
Ստամոքսի հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
 
  • սնվել ռեժիմով,
  • ուտելիս չշտապել և ուտելիքը լավ ծամել,
  • խուսափել երկար ժամանակ (6-8 ժամ) քաղցած մնալուց,
  • կերակուրն ուտել գոլ վիճակում,
  • ճաշելուց անմիջապես հետո (հատկապես, երբ սնունդը ճարպոտ է) սառը ջուր չխմել,
  • չօգտագործել խիստ սառը խմիչքներ, 
  • խուսափել չափից ավելի կծու, թթու, այրող, աղի կերակրատեսակներ ու ոչ թարմ սննդամթերք ընդունելուց,
  • հրաժարվել ստամոքսի լորձաթաղանթի վրա կործանարար ներգործություն ունեցող վատ սովորությունից`   ծխելուց (հատկապես խոցային հիվանդության ժամանակ), 
  • քաղցած վիճակում սուրճ չխմել և ընդհանրապես այն չչարաշահել:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company