Encyclopedia

Հոգի

Հոգի հասկացությունը կարելի է դիտարկել կրոնական, փիլիսոփայական և հոգեբանական տեսակետից: Հոգին օրգանիզմի կյանքը, նրա զգայունակությունը, մտածողությունը, գիտակցությունը, զգացմունքներն ու կամքը պայմանավորող սկիզբն է:

 

Դեռևս հնագույն ժամանակներից մարդկանց հետաքրքրել է հոգու գոյության հարցը: Հնագույն մարդիկ հոգու մասին պատկերացում են կազմել կյանքի և մահվան մասին ունեցած իրենց համոզմունքների շնորհիվ:

Նրանք հոգին համարել են յուրաքանչյուր մարդու աննյութական ու անիրեղեն կերպարանքը, որը նման է գոլորշու, օդի կամ ստվերի: Այն դառնում է կյանքի ու մահվան պատճառը՝ կարողանալով իր տիրոջ ցանկություններից անկախ լքել մարմինը և արագորեն տեղաշարժվել ժամանակի ու տարածության մեջ:

 

Համարվում էր, որ մարմինը լքած հոգին կարող է ուրվականի տեսքով հայտնվել կենդանի մարդկանց առջև՝ քնած կամ արթուն ժամանակ: Բացի դրանից համարվում էր, որ «թափառող» հոգին կարող է ներթափանցել այլ մարդկանց, կենդանիների և նույնիսկ առարկաների մեջ, տիրանալ ու կառավարել նրանց:

 

Հոգու մասին հավատալիքների այս հնագույն պատկերացումների համակարգը կոչվում է անիմիզմ: Այլ կերպ ասած, անիմիզմը այն հավատն է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կրկնորդը՝ հոգու կամ հոգիների տեսքով, ինչպես նաև այն համոզմունքը, որ առարկաներն ու իրերը նույնպես կարող են հոգի ունենալ /վերջինս կոչվում է նաև անիմատիզմ/:
 
Հին հռոմեացի փիլիսոփաներ Էմպեդոկլեսը, Անաքսագորասը, Դեմոկրիտոսը որոշակիորեն անդրադարձել են հոգու և նրա ունակությունների վերաբերյալ ուսմունքին: Նրանք համարում էին հոգին շատ նուրբ մարմին, որը ներառված է արյան մեջ: Հետագայում Պլատոնը զարգացրեց հոգեկան տարբեր գործընթացների՝ զգայության, զգացողության, հիշողության մասին դրույթները: Հոգու մասին համակարգված ուսմունքի ստեղծողը Արիստոտելն էր, ով դիտարկում էր հոգեկան ուժերը և ունակությունները, նրանց դրսևորումը և զարգացումը՝ սկսած բուսական աշխարհից, ավարտած մարդկանցով:
 
Արիստոտելը համարում էր, որ հոգին գտնվում է սրտի մեջ: Ռենե Դեկարտը հոգին համարում էր մատերիայից առանձնացված ինքնուրույն հոգևոր սուբստանցիա, որի կարևորագույն հատկանիշը մտածողությունն է: Նա լոկալիզացնում էր հոգին գլխուղեղում: Լոկը հերքում էր հոգու էությունը ճանաչելու հնարավորությունը՝ առաջարկելով հետազոտել միայն հոգեկան երևույթները՝ զգայությունները և գաղափարները: Լոկը համարվում է հոգու մասին էմպիրիկ ուսմունքի կամ փորձարարական հոգեբանության հիմնադիրը:
 
Լեյբնիցը և Վոլֆը հոգու՝ իբրև սուբստանցիայի, նրա ընդունակությունների մասին ուսմունքով դարձան ռացիոնալ հոգեբանության հիմնադիրները: Կանտը, զարգացնելով հոգու ընդունակությունների մասին ուսմունքը, առանձնացրեց հոգեկան վիճակների երեք տեսակ՝ միտք, զգացմունք և կամք: Հոգու մասին էմպիրիկ ուսմունքը բաժանվեց մի քանի ուղղությունների՝ ինքնին էմպիրիկ /Հյում, Ռիդ, Ջեմս Միլ, Ջոն Ստյուարտ Միլ, Բեն, Պաուլսեն/, մատերիալիստական /Լամետրի, Գոլբախ, Կոնդալիակ/, ֆիզիոլոգիական /Ֆլուրանս, Ռիբո, Լետուրնո, Պաուլան, Հերբ. Սպենսեր, Շարկո, Բերնգեյմ, Ռիշե, Բինե և այլոք/, փորձարարական և հոգեֆիզիկական /Վեբեր, Ֆեխներ, Լոցե, Վունդտ/:
 
Հայ փիլիսոփաներից հոգու հիմնահարցին առավել հանագամանորեն անդրադարձել են Գրիգոր Տաթևացին և Դավիթ Անհաղթը:
 
Հոգին, ըստ Այուրվեդայի , հավերժ գոյություն ունեցող, ոչ նյութական տարր է: Այուրվեդիկ հետևյալ աֆորիզմը հենց այդ մասին է խոսում.`   "Khadayah chetana sastha dhatavah purushah", այսինքն`   հինգ տարրերը և վեցերորդը`   հոգին միասին կոչվում են "Purusha" Այուրվեդայի ձևակերպմամբ (մարդ բառի ավելի ունիվերսալ տարբերակ է):
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.