Encyclopedia

Եղվարդի ճակատամարտում թուրքերը ջախջախիչ պարտություն կրեցին

Եղվարդը գտնվում է Արա լեռան ստորոտում՝ Երևանից 12 կմ հյուսիս-արևմուտք: Առաջին գրավոր տեղեկությունները կապված են Մովսես Երկրորդ Եղվարդեցու`   կաթողիկոս ընտրվելու հետ (574թ.), ապա 603թ.`   հայ ազատագրական պատերազմի հետ: Եղվարդի մոտ տեղի է ունեցել երեք նշանավոր ճակատամարտ, որոնցից առաջինը ավանդական է`   կապված հայոց արքա Արա Գեղեցիկի և Ասորեստանի լեգենդար թագուհի Շամիրամի անունների հետ: Երկրորդ ճակատամարտը տեղի է ունեցել 603թ.`   Փոկաս կայսեր և պարսից շահի միջև, իսկ երրորդը`   1735թ.`   Նադիր շահի և օսմանցիների միջև:
Պարսկական և օսմանյան զորքերի միջև 1735թ. հունիսին Եղվարդ գյուղի մոտ խոշոր ճակատամարտ տեղի ունեցավ, որտեղ օսմանցիները ծանր պարտություն կրեցին: Պարսկական բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորներն ու աշխարհազորայինները: Նադիրի բանակում էին Արևելյան Հայաստանի նշանավոր գործիչներ՝ Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ:
 
Եղվարդի ճակատամարտից հետո Նադիրը ասպատակեց Կարսից մինչև Կարին ու Բայազետ ընկած տարածքները: Թուրքական հրամանատարությունը համաձայնեց զորքերը դուրս բերել Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից: 1736թ. Էրզրումում Պարսկաստանի և Թուրքիայի միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան կրկին ճանաչում էր Պարսկաստանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում: Նադիրը 1736թ. հռչակվեց Պարսկաստանի նոր շահ: Նրա տիրապետության ժամանակ Պարսկաստանը կրկին դարձավ Արևելքի հզոր պետություններից մեկը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.