Encyclopedia

Ժաննա դ’Արկ

Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ Ժաննա դ’Արկը (1412թ. հունվարի 6 - 1431թ. մայիսի 30) հովվուհի էր: Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել՝ լուծելու Ֆրանսիայի ազատագրման խնդիրը: Ազատագրական պատերազմն սկսելու համար դժվարությամբ տեսակցել է Ֆրանսիայի թագաժառանգ Կառլոսի հետ և համոզել նրան վճռական ռազմական գործողություններ սկսել, իսկ ինքը, առաջնորդելով բանակը, 1429թ.-ի մայիսի 8-ին ազատագրել է պաշարված Օռլեան քաղաքը, որի համար ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի կույս:

Մի շարք հաղթանակներից հետո Ժաննան բանակն առաջնորդել է դեպի Ռեյմս քաղաք, որի ազատագրումից հետո՝ 1429թ.-ի հուլիսի 17-ին, թագադրել է Կառլոսին՝ որպես Կառլոս VII թագավոր: Դրանով վերականգնվել է Ֆրանսիայի պետական անկախությունը:

 

Սակայն ժողովրդական պատերազմի ծավալն ու Ժաննա դ’Արկի մեծ հեղինակությունը վախեցրել են թագավորին ու ֆրանսիական ազնվականությանը: 1430թ.-ի մայիսի 23-ին պաշարված Կոմպիեն քաղաքից հեռանալիս Ժաննա դ’Արկին գերել են անգլիացիների հետ համագործակցող բուրգունդացիները և 10 հզ. ոսկով վաճառել անգլիացիներին: 
 
Վերջիններս, մի ամբողջ տարի Ժաննային բանտում պահելով, հայտարարել են, թե նա կախարդուհի է: Ռուան քաղաքում եկեղեցական դատարանը Ժաննային մեղադրել է հերետիկոսության և հմայության համար. 1431թ.-ի մայիսի 30-ին Ինկվիզիցիայի (կաթոլիկ եկեղեցու դատական և քննչական կազմակերպություն) դատավճռով Ռուանի կենտրոնական հրապարակում նրան՝ որպես հերետիկոսի, այրել են խարույկի վրա: 
 
Նա ընդամենը 19 տարեկան էր: Այդուհանդերձ, պատերազմն ավարտվել է անգլիացիների պարտությամբ (1453թ.-ի հոկտեմբերի 19-ին), և շուտով ազատագրվել է ողջ Ֆրանսիան: 1456թ. Ֆրանսիայում նոր դատավարությամբ Ժաննա դ’Արկը հանդիսավորապես արդարացվել է, իսկ 1920թ. կաթոլիկ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.