Encyclopedia

Յուրի Գագարինը կատարել է առաջին թռիչքը դեպի տիեզերք

Ռուս տիեզերագնաց-օդաչու Յուրի Գագարինն առաջին մարդն է, որը 1961 թվականի ապրիլի 12-ին տիեզերք թռավ: Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1951թ. գերազանց ավարտել է արհեստավորների ուսումնարանը և Աշխատավոր երիտասարդների դպրոցը, 1955թ.-ին՝ Սարատովի ինդուստրիալ տեխնիկումը։ Այս տեխնիկումում սովորել է առաջին քայլերն ավիացիայում։

1957թ.-ին ավարտել է Վալերի Չկալովի անվան օդաչուների I ռազմաավիացիոն ուսումնարանը և ծառայել Կարմիր դրոշի շքանշանակիր հարավային տորմիղի ոչնչացնող ավիացիայի բաժանմունքում։ 1960թ.-ին Գագարինը՝ որպես ամենատաղանդավոր օդաչուներից մեկը, ընդունվել է տիեզերագնացների խումբ։ 1968թ.-ին գերազանց ավարտել է Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։

 

1961 թվականի ապրիլի 12-ին Գագարինն առաջինն էր, որ թռավ երկրագնդին մոտ տիեզերային տարածություն «Վոստոկ-1» տիեզերանավ-արբանյակով և 1 ժամ 48 րոպեում պտտվեց երկրագնդի շուրջը։ Այն ժամանակ եղած տեխնիկական հնարավորությունները թույլ չէին տալիս տիեզերանավին վայրէջք կատարել երկրի վրա և այդ պատճառով Գագարինը 7 կիլոմետր բարձրության վրա կատապուլտով անջատվեց տիեզերանավից և իջավ գետնին։
 
Այս փաստը երկար ժամանակ թաքցվում էր համաշխարհային հասարակությունից։ Թռիչքի հաջող ավարտից հետո Գագարինը կատարելագործում էր իր ունակությունները, սովորեցնում և մարզում էր տիեզերագնացներին, ղեկավարում էր տիեզերանավերի թռիչքները, դրա հետ մեկտեղ կատարում էր մեծ հասարական-քաղաքական աշխատանք։ 
 
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի VI և VII գումարումների պատգամավոր էր, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ էր։ 1966թ.-ից աստղագնացության և տիեզերային տարածության ուսումնասիրության միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ էր։ Պարգևատրվել է Լենինի և բազմաթիվ այլ երկրների բարձրագույն շքանշաններով։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.