Encyclopedia

Սկսվեցին Սումգայիթի ջարդերը

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:

Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, որը, սակայն, գրեթե ոչինչ չարեց հայ բնակչությանը պաշտպանելու համար: Ադրբեջանցի հրեշն արդեն արել էր իր սև գործը… Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ-ի նոր պատմության մեջ: Այն վճռական դեր խաղաց ինչպես ընդհանուր ԽՍՀՄ փլուզման, այդպես էլ Ղարաբաղյան պատերազմի բռնկման տեսանկյունից։

 

Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հակահայկական ուժեղ քարոզչությունը, ինչը հանգեցրեց 1990թ. հունվարի Բաքվի կոտորածների, որոնց զոհ գնացին հարյուրավոր խաղաղ հայ բնակիչներ:

 

1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը`   առնվազն կես միլիոն մարդ: Կոտորածները ոչ այլ ինչ էին, քան պատասխանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնցով պահանջվում էր իրականացնել ինքնորոշման սահմանադրական իրավունքը:
 
1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև, որում ասվում է՝ «Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի`   Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80%-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923թ.-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988թ. փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, նկատի ունենալով, որ Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ Սումգայիթում և բռնություններ Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:
 
Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն դատապարտել Սումգայիթի ջարդերը կամ ափսոսանք հայտնել էթնիկական զտումների համար: Հակառակը`   Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես զոհ`   Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյամարտը ներկայացնելով որպես «ագրեսիա», կոպտորեն աղավաղելով փաստերը, իսկ հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացած ոճրագործները մինչ օրս մնում են անպատիժ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.