Encyclopedia

Հիմնվեց Գլաձորի համալսարանը

1280թ. հոկտեմբերի 14-ին հիմնվեց Գլաձորի համալսարանը: Գլաձորի համալսարանը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կաճառ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (այժմ`   Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ)։ Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291թ.-ից։
Հիմնադրվել է Թանադե վանքում Խաղբակյան Պռոշ իշխանի (1223-84թթ.) նախաձեռնությամբ և Օրբելյան իշխանական տան ու Սյունյաց մետրոպոլիտության աջակցությամբ: Գլաձորի համալսարանի հիմնարկումն սկսվել է Սբ. Ստեփանոս տաճարի կառուցմամբ (1273-79թթ.): Տաճարը հիշատակվում է նաև Աղբերց վանք, Գլիձոր կամ Գայլիձոր անուններով:
 
Գոյատևել է մինչև 1340-ական թթ.։ Վերաճել է համալսարանի Աղբերց վանք (նույն Գլաձորի վանք) ուսումնագիտական կենտրոնից, որը գլխավորում էր Ներսես Մշեցին։ Նրա բազմամյա ղեկավարը (մինչև 1331թ.-ը) եղել է Եսայի Նչեցին, ապա ուսուցչապետ Տիրատուրը։ 
 
Գլաձորի համալսարանն ուներ ներքին կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում, ավարտաճառերի պաշտպանություն։ Իր բնույթով ու թեքումով նմանվել է հասարակագիտական կամ արվեստից գիտությունների համալսարանի։
 
Դասավանդվել են աստվածաբանություն, դիցաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, քերականություն, ճարտասանություն, տրամաբանության, թվաբանություն, աստղաբաշխություն-տոմարագիտության, երկրաչափություն։
 
Գլաձորի համալսարանում դասավանդել են շուրջ երկու տասնյակ ուսուցչապետներ և վարդապետներ։ Ուսում ստանալու նպատակով այստեղ են ժամանել աշակերտներ Հայաստանի և Կիլիկիայի շատ վայրերից։ Հայկական ուսումնամշակութային կենտրոնների համար Գլաձորի համալսարանը պատրաստել է 350 ուսուցիչ-վարդապետ։
 
Ուսումնառության տևողությունը եղել է 7-8 տարի (չհաշված «քահանայական կրթության» երեք տարին, որը պետք էր համալսարան ընդունվելու համար)։ Շրջանավարտներն ստանում էին «վարդապետական հրաման» կամ «վարդապետական գավազան», որը նրանց տալիս էր «դասասաց» լինելու իրավունք։
 
Գլաձորի համալսարանը քաղաքական-դավանաբանական պայքար է ծավալել ընդդեմ ունիթորության, որը նպատակ ուներ հայ եկեղեցին հպատակեցնել Կաթոլիկ եկեղեցուն, պապական գերիշխանություն հաստատել Հայաստանում և Կիլիկիայում։ Գլաձորի համալսարանը հովանավորել են Պռոշյան և Օրբելյան իշխանական տները, ինչպես նաև Սյունիքի եկեղեցական իշխանությունը։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.