Encyclopedia

Ռուսական զորքերը գրավեցին Բայազետը

Բայազետն Արևմտյան Հայաստանի փոքր, բայց մեր ժողովրդի պատմության մեջ հիշատակության արժանի կարևոր դեր խաղացած քաղաքներից է։ Հնում այս քաղաքի տեղում է եղել Բագրատունի նախարարների ոստանը՝ Դարոյնք հայտնի բերդավանը, որի տեղում XV դարում կառուցված բերդը և հետագայում նրան կից տեղակայված գյուղաքաղաքը կոչվել են Բայազետ: 1829 թվականից հետո վերանվանվել է Հին Բայազետ (ի տարբերություն Նոր Բայազետի, որտեղ հիմնականում բնակություն էին հաստատել Բայազետից գաղթածները), այնուհետև նաև Դողու Բայազիդ։
Բայազետը XIX դարում և XX դարի սկզբներին հայտնվել էր ռուս-թուրքական հարաբերությունների կիզակետում։ 1828-1914 թվականների ընթացքում ռուսները Բայազետը չորս անգամ ազատագրել են թուրքական լծից: Այնուհետև այն նորից է հետ վերադարձվել Թուրքիային:
 
Առաջին անգամ ազատագրվել է 1828 թվականին, երբ ռուսական զորքերը, ջախջախելով թուրքական կայազորի պետ քուրդ Բահլուլ փաշայի զորքը, գրավում են քաղաքը։ Բայազետի համար մղված այդ մարտերում քաջաբար կռվել են նաև Բայազետի Մելիք-Մարտիրոսի 500 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատի զինվորները։ Սակայն Ադրիանապոլսի պայմանագրով (1829թ.) Բայազետը վերադարձվում է Թուրքիային:
 
Երկրորդ անգամ ազատագրվել է Արևելյան պատերազմի ժամանակ։ 1854 թվականի հուլիսի 17-ին Չինգլի լեռնանցքում (Մեծ Մասիսից հյուսիս-արևմուտք) ռուսական զորքերի երևանյան ջոկատը թուրքական 20000-ոց բանակը ջախջախելուց հետո հուլիսի 19-ին անմիջապես գրավում է Բայազետը:
 
Բայազետը երրորդ անգամ ազատագրվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1877-1878թթ.): Ռուսական զորքերը չորրորդ անգամ ազատագրում են Բայազետը 1914 թվականին: Սակայն 1918թ. թուրքերն այն հետ են վերցնում`   տեղահանելով կամ իսպառ բնաջնջելով այնտեղ ապրող հայ բնակչությանը:
 
Ներկայումս Բայազետը թուրքերով ու քրդերով բնակեցված քաղաք է, որի տնտեսության համեմատաբար զարգացած ճյուղերն են անասնապահությունը, բրդի ու կաշվի մշակումը, կարպետագործությունը, տեղական մանրածախ առևտուրը, ինչպես նաև արհեստագործությունը։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.