Encyclopedia

Անտառային հրդեհների դեմ պայքար

Անտառային հրդեհները պետք է մարվեն տվյալ անտառները տնօրինող կազմակերպությունների կողմից: Անտառապահը պարտավոր է հայտնաբերել հրդեհը և միջոցներ ձեռնարկել դրա վերացման համար: Անհրաժեշտության դեպքում անտառապահին օգնության են հասնում կամավորական խմբերը և բնակչությունը:

Անտառտնտեսություններին կից գործում են մասնագիտացված ստորաբաժանումներ`   հրշեջ ավտոցիստեռնով, բեռնատար մեքենայով, սայլակով, մոտոցիկլով և շարժական մոտոպոմպերով: Կախված անտառի մեծությունից, հրդեհի վտանգից՝ գործում են նաև հրշեջ կայաններ, ավիացիոն բաժանմունքներ, անտառահրդեհային կազմավորումներ:

Հրդեհի վերացման փուլերն են`   հրդեհի դադարեցում (բոցերի դադարեցում), տեղափակում, մարում և հսկողություն: Բնական է, բոլոր եղանակները կախված են հրդեհի տեսակից, մասշտաբներից, օդերևութաբանական պայմաններից, տեղանքից, առկա ուժերից և միջոցներից:

Հրդեհը հանգցնելու հիմնական եղանակներն են հրդեհի եզրերի ձաղկումը կամ վրան հող լցնելը, արգելափակիչ կամ հանքաբացված շերտեր և ակոսներ բացելը, ջուր կամ հրամարիչ քիմիկատային լուծույթներ օգտագործելը, հրաշիջումը (հանդիպակաց կրակ բաց թողնելը):

Հրդեհի եզրերը ձաղկելն անտառային հրդեհը հանգցնելու պարզագույն եղանակն է: Այդ նպատակով օգտագործում են 1-2 մ երկարությամբ ճյուղերի խրձեր կամ ոչ մեծ, առավելապես սաղարթավոր ծառեր: Տարածվող կրակի ճանապարհը փակելու, հրաշրջման հենակետային գոտի ունենալու և կասեցված հրդեհը հուսալիորեն տեղափակելու համար ստեղծվում են արգելափակիչ և հանքաբացված գոտիներ ու ակոսներ:

Կրակի դեմ պայքարում անչափ արդյունավետ է ջուրը: Գոլորշիանալով ջուրը կլանում է մեծ քանակությամբ ջերմություն, որի հետևանքով այրման գոտին հովանում է: Հրդեհներ հանգցնելու համար արդյունավետ է նաև հրամարիչ քիմիկատների լուծույթների (քլորական կալցիում, քլորական մագնիում) օգտագործումը:

Անտառային հրդեհները և դրանց հետևանքները բացառելու համար արգելվում է`  

  • այրել գյուղատնտեսական մնացորդները, խոզանը,
  • անտառում խարույկ վառել,
  • անտառում հրդեհավտանգ սեզոնին խոտերի մեջ գցել վառվող լուցկու, ծխախոտի մնացորդներ,
  • անտառում թողնել դյուրավառ նյութերով ներծծված թղթեր և շորի կտորներ,
  • արևի տակ ապակի թողնել,
  • մեքենայի շարժիչի աշխատանքի ժամանակ բաքը լիցքավորել վառելիքով:

Աղբյուրը՝ ՀՀ-ում գյուղատնտեսությանը վնաս պատճառող բնական և մարդածին աղետների ռիսկերի նվազեցման ուղեցույց

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.