Encyclopedia

Ավարայրի ճակատամարտ

Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ:
Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր «Մատյան գնդով» ու մարտական փղերով: Մայիսի 25-ին հայկական բանակը մոտեցավ հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առավ գետի ձախ ափին:
 
Մայիսի 26-ին Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունեցին մարտական դրություն: Ճակատամարտն սկսեց նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով: Հասնելով գետին՝ պարսիկները կանգ առան, իսկ հայերն անցան այն և ամբողջ ճակատով մարտի բռնվեցին:
 
Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը:  Հայերի զոհերի թիվը հասավ 1036 հոգու, մարտի դաշտում ընկան նախարարներ, հերոսաբար զոհվեց Վարդան Մամիկոնյանը: 
Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ:
 
Բացի այդ, թշնամին չէր հասել իր գլխավոր նպատակին: Հայերը չէին ջախջախվել, պահպանել էին մարտական ոգին և լի էին պայքարը շարունակելու վճռականությամբ: Ավարայրի ճակատամարտից հետո ապստամբական շարժումը չմարեց: Հայերն ամրացան անառիկ վայրերում և սկսեցին հարձակումներով արյունաքամ անել թշնամուն:
 
Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում: Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է: Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.