Encyclopedia

Հայոց ցեղասպանությունը և միջազգային հանրությունը (մաս 3)

Հայերի ցեղասպանության դեմ վճռական բողոքի խոսք ասացին միջազգային ականավոր մի շարք գործիչները։ Կարլ Լիբկնեխտը, դատապարտելով Օսմանյան կայսրությունում կազմակերպված հրեշավոր սպանդը, շեշտեց, որ դրա հանցավորները գերմանա-թուրքական կառավարողներն են, որոնց ձեռքերը թաթախվել են «հայերի արյան մեջ»։

Բողոքի հուժկու ելույթներ ունեցան նշանավոր գրողներ ու գիտնականներ Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը, Յան Ռայնիսը, Անատոլ Ֆրանսը, Ռոմեն Ռոլանը, էմիլ Վերհարնը, Ջոն Ռիդը, Յոզեֆ Մարկվարտը, Յոհաննես Լեփսիուսը, Ժակ դը Մորգանը, Անտուան Մեյեն, Ֆրիտյոֆ Նանսենը, Հերբերտ Ադամս Գիբբոնսը,Արմին Վեգները, ինչպես նաև Ջեյմս Բրայսը, Առնոլդ Թոյնբին, Հենրի Մորգենթաուն, Ֆայեզ Ղոսեյնը և շատ ուրիշներ։ Հետագայում էլ երբեք չլռեց առաջադեմ մարդկության խղճի ու մտքի ձայնը Մեծ Եղեռնի առթիվ։

ԽՄԿԿ Կենտկոմի կենտրոնական օրգան «Պրավդա»-ն 1965թ.-ի ապրիլի 24-ին գրեց, որ «հիսուն տարի առաջ երիտթուրքերի կառավարությունը ոչնչացրեց մոտ մեկուկես միլիոն հայերի», և դա կատարվեց իմպերիալիստական Գերմանիայի աջակցությամբ ու հովանավորությամբ։
 
Ֆրանսիայի կոմկուսի կենտրոնական օրգան «Յումանիտե»-ն 1965 թվականի ապրիլի 23-ին նշեց, որ հայերի զանգվածային կոտորածը «ցեղասպանության առաջին ոճիրն էր XX դ․ սկզբին՝ 1914-18 թթ․ պատերազմի ընթացքում։
 
Եվ այդ ոճիրը երբեք չդատվեց ու չդատապարտվեց։ Այդ պատճառով է, որ հայերը, բոլորից ավելի գնահատելով խաղաղությունը, չեն կարող մոռանալ այդ իրողությունը, որը մի սովորական հուշ չէ, այլ մի պատմական տարեթիվ և կարող էր մի ամբողջ ազգի վախճանը դառնալ»։
 
Մեծ Եղեռնը գենոցիդի կատաղի դրսևորումն էր առաջին աշխարհամարտի ժամանակ։ Արաբ իրավաբան Մեթր Մուսա Պրենսն այն անվանել է «արմենոցիդ»՝ բառացի «հայասպանություն»։
 
Աղբյուրը՝ hy.wikipedia.org
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.