Encyclopedia

1920թ. (մաս 2)

Օգոստոսի 4-ին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակվեց Կիլիկիայի հայոց անկախությունը`   Ինքնավար Հայաստան Ֆրանսիական հովանավորության ներքո: Սակայն այդ պետությունը սոսկ հռչակագրային բնույթ կրեց, քանի որ անգլա-ֆրանսիական հակասությունների սրման պայմաններում Թուրքիայի կողմը հակված ֆրանսիական զինվորական իշխանությունները ցրեցին նորաստեղծ հայկական կառավարությունը:

 Փարիզի Սևր արվարձանում Առաջին աշխարհամարտում հաղթանակած պետությունները Թուրիքիայի հետ կնքեցին պայմանագիր, որը ծավալուն`   13 մասից և 433 հոդվածներից բաղկացած մի փաստաթուղթ է: Պայմանագրի`   մասնավորապես, 88-րդ հոդվածով Թուրքիան ճանաչում էր «Հայաստանը`   որպես ազատ և անկախ պետություն»:

Իսկ 89-90-րդ հոդվածներում նշված է, որ «Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվում են Էրզրումի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների գծորոշումը ներկայացնել ԱՄՆ նախագահի վճռին և ընդունել նրա որոշումը, ինչպես նաև բոլոր այն միջոցները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանի դեպի ծով դուրս գալու և նշված սահմանի վրա ցանկացած Օսմանյան տարածքի ապառազմականացման վերաբերյալ: …Թուրքիան այս վճռի կայացման օրից հրաժարվում է հանձնվող տարածքների նկատմամբ բոլոր տեսակի իրավունքներից»:

Ադանայի ֆրանսիական իշխանությունները Կիլիկիայում ապաստանած հայերին հրահանգեցին մեկնել Կ. Պոլիս, Ամերիկա, Մարսել, Բեյրութ, Դորթ Յոլ, Իսկենդերոն կամ որևէ այլ տեղ: Հրահանգը վերաբերում էր 14 000 այն հայերին, ովքեր ֆրանսիական հովանավորության ներքո էին, սակայն որոշ ժամանակ անց այդ հրահանգը տարածվեց ողջ հայության վրա: Առանց պատերազմ հայտարարելու թուրքական բանակն ընդհանուր հարձակման անցավ Հայաստանի դեմ:

Սկսվեց հայ-թուրքական պատերազմը: Թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Ալեքսանդրապոլի գավառում և Ախալքալաքի շրջանում սրի քաշվեց ու թալանվեց մոտ 30 գյուղ: Հայ խաղաղ բնակչության նկատմամբ թուրքերն առանձնակի դաժանությամբ էին վարվում: Մինչ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն արտահայտում էր իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նոր սահմանների անցկացման հարցի շուրջ, բոլշևիկյան Կարմիր բանակը նվաճում էր ողջ Կովկասը:

Նոյեմբերի վերջին Կարմիր բանակը մտավ Հայաստան, տիրող դաշնակցական կառավարությունը, չցանկանալով ներքաշվել ավելորդ արյունահեղությունների և եղբայրասպան քաղաքացիական պատերազմի մեջ, իշխանությունը հանձնեց բոլշևիկներին: Դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.