Encyclopedia

1915թ. հունիս-հուլիս

Տեղահանվեց Կարին քաղաքի հայությունը, Սեբաստիայի և Շապին Գարահիսարի հայությունը: Տեղի ունեցան կոտորածներ Բաղեշում: Տեղահանվեցին Խարբերդի, Տրապիզոնի, Մարզվանի և Սամսոնի հայությունը: Սկսվեցին Խարբերդ - Մեզրեի, Տրապիզոնի և Բայազետի հայերի, Յոզղատի շրջակա գյուղերի կոտորածները:
Այս ընթացքում սկսվեց Մուշի կոտորածը: 15 000 հայերից փրկվեցին միայն 500-ը, իսկ գավառի 59 000 հայ բնակչությունից`   միայն 9 000-ը: Կարինի կուսակալ Թահսին կենտրոնին ուղղված իր նամակում գրում էր. «Կարինի շրջակայքում հայերի հանդեպ խժդժություններն անցել են ամեն սահման: Դրամի և կանանց համար գործադրված խայտառակությունները ծայրահեղորեն ամոթալի են և դեմ են մարդկությանը:
 
Պետք է դրա առաջն առնել և, մանավանդ, վերջ տալ ամեն կողմ «Թեշքիլաթը մախսուսե» անվան տակ գործող չեթեներին: Խարբերդի կուսակալը գրում է, թե բոլոր ճանապարհները լեցուն են կանանց և երեխաների դիակներով, և ժամանակ չենք գտնում դրանք թաղելու համար: Լավ կլիներ, եթե պահպանեինք մեր վեհանձնությունն ու ազգային կերպարը»: Սկսվեցին Տիգրանակերտի հայության տեղահանությունն ու կոտորածը, նույն ընթացքում նաև Սասունի ինքնապաշտպանությունը:
 
Թուրքական զորագնդերը հարձակվեցին քաղաքի բնակչության վրա: Գիտակցելով իրենց սպառնացող ստույգ մահը`   սասունցիները դիմեցին ինքնապաշտպանության և երեք օր հետո`   հուլիսի 21-ին, բարձրացան Անդոկ լեռը: Սկսվեցին տեղահանությունները Անկարայի և Կ.Պոլսի շրջակայքում: Տեղահանություններ սկսվեցին Իզմիթում, Պարտիզակում, Արմաշում, Կեսարիայում, Անկարայի շրջակա հայկական գյուղերում, շարունակվեցին տեղահանությունները Կիլիկիայում`   ընդգրկելով նոր տեղավայրեր`   Անտիոքը, Այնթապը, Բեհեսնին, Քիլիսը, Ադըյամանը, Կարադուրանը, ապա`   Քեսաբը և շրջակա այլ վայրեր: 
 
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.