Encyclopedia

1915թ. ապրիլ-հունիս (1915թ. ապրիլի 24)

Բանակ զորակոչված հայ զինվորներին ոչնչացնելուց հետո երկրորդ ծանր հարվածը հայերին հասցվեց 1915թ. ապրիլի 24-ին: Այդ օրը Կոնստանդնուպոլսում ձերբակալվեց և, առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու, աքսորվեց արևմտահայ մտավորականության ընտրանին, այդ թվում`   թուրքական խորհրդարանի`   մեջլիսի հայ անդամներ, գրողներ, փաստաբաններ, ուսուցիչներ, լրագրողներ, բժիշկներ, հասարակական գործիչներ, հոգևորականներ, արվեստի գործիչներ, թվով մոտ 800 մարդ:

Նրանք բոլորը ոչնչացվեցին աքսորի ճանապարհին կամ աքսորավայրում`   տեղ հասնելուն պես: Ծրագրված կերպով ձերբակալվում և սպանվում էին հայ կուսակցական և քաղաքական գործիչները: Այդ ճակատագրին արժանացան Զեյթունի հայտնի ղեկավար Նազարեթ Չաուշը, Վանի ականավոր ազգային գործիչ Իշխանը, Ուրֆայի հայության ողջ ղեկավարությունը`   մոտ 100 մարդ:

Հունիսի 15-ին Կ. Պոլսո Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան բարձրացվեցին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 20 անդամները`   քաղաքական գործիչ Փարամազի գլխավորությամբ: Օսմանյան կառավարության նպատակն էր անմիջապես գլխատել արևմտահայությանը, թողնել նրան առանց զինական ուժի և քաղաքական ու մտավորական ղեկավարության, կազմալուծել և բարոյալքել հայությանը և դրանով իսկ կանխել հայության կողմից դիմադրություն կազմակերպելու որևէ հնարավորություն:

Կարելի է ասել, որ մոտ 60 հազար հայ զինվորների ոչնչացումը և հայ մտավորականության գլխատումը ճակատագրական եղան արևմտահայության համար: Նա կորցրեց իր կազմակերպչական և դիմադրողական ուժը, որով և բացատրվում է ցեղասպանության իրականացման համեմատաբար հեշտությունը և մեծ ծավալները:

Դրանից հետո ջարդարարներն անցան հայության հիմնական մասի բռնի տեղահանմանը և ոչնչացմանն իր իսկ բնօրրանում`   բուն Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաև Արևմտյան Անատոլիայի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Հայկական կոտորածները և տեղահանումը ընդգրկեցին ողջ Օսմանյան կայսրությունը:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.