Encyclopedia

1914-1915թթ. («Երեքի կոմիտեի» ստեղծումը (մաս 2)

«Հատուկ կազմակերպությունը» կազմվեց բանտերից հատուկ այդ նպատակով արձակված քրեական հանցագործներից, չեթեներից`   ավազակախմբերից, որոնք ընդունակ էին ամենադաժան ոճրագործության: Սկսվեցին հայ պաշտոնյաների պաշտոնազրկությունները, օսմանյան բանակի հայ սպաների ձերբակալությունները, զինաթափված հայ զինվորներից բանվորական վաշտերի կազմավորումը:

Երիտթուրքերի Կենտրոնական մարմնի լիազոր Բեհաեդդին Շաքիրի ստորագրությամբ`   կուսակցության շրջանային պատվիրակներին հղված նամակներով հաղորդվեց հայերի բնաջնջման որոշումն ու ծրագիրը: 

Բանտերից ազատ արձակված մարդասպաններից և ոճրագործներից կազմվեց ջարդարար այն ուժը, որը մայիսի կեսերին պետք է կոտորեր Կարինի ռազմական գծի վրա աշխատող զինաթափ հայ զինվորներին:
 
Երիտթուրքական ղեկավարությունը հայերի ցեղասպանության ծրագրի գործնական կիրառումը սկսեց`   առաջին հարվածը հասցնելով բանակ զորակոչված հայ զինվորներին: Դա պատահական չէր, նրանք դրանով ձգտում էին հայերին զրկել իրենց զինվորական ներուժից:
 
Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի`   1915թ. փետրվարին արձակած հրամանով բոլոր հայ զինվորները զինաթափվեցին և, բաժանվելով 50-100-ական խմբերի, սպանվեցին: Դրա հետևանքով հայությունը սկզբից ևեթ մնաց առանց զինվորական ուժի, որը կարող էր պաշտպանել հայերին, նրանց տունը, ունեցվածքը և բնակավայրերը քանզի հայկական բնակավայրերում մնացել էին միայն ծերունիները, հիվանդները, կանայք, երեխաները և դեռահասները:
 
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.