Encyclopedia

1914թ. (Առաջին աշխարհամարտի սկիզբը)

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց չորս տարի: Նրանում հիմնական դերակատարները XIXդ. վերջին – XXդ սկզբին ձևավորված երկու միմյանց թշնամի ռազմաքաղաքական խմբավորումներն էին`   Անտանտը, որի կորիզը կազմում էին Անգլիան, Ֆրանսիան ու Ռուսաստանը, և Կենտրոնական պետությունները`   Գերմանիան, Ավստրո-Հունգարիան ու Իտալիան, որին այնուհետև միացավ Թուրքիան:

Պատերազմի մեջ ներքաշվեց երկրագնդի բնակչության 75%-ը`   1,5 մլրդ մարդ, զորակոչվեց 74 մլն մարդ: Ռազմական գործողությունների տարբեր թատերաբեմերում զոհվեց 10 մլն, և վիրավորվեց 20 մլն մարդ: 1914թ. հոկտեմբերի 29-ին Օսմանյան կայսրությունը, որը ղեկավարում էր երիտթուրքական կառավարությունը`   բաղկացած ներքին գործերի նախարար Թալեաթից, զինվորական նախարար Էնվերից և ռազմածովային նախարար, ծովակալ Ջեմալից, պաշտոնապես պատերազմի մեջ մտավ:

Ամիսներ անց ամերիկյան մամուլին տված իր հարցազրույցում Էնվեր փաշան հետևյալ կերպ կմեկնաբանի Թուրքիայի մասնակցության պատճառները. «Անկասկած, աշխարհը դժվարությամբ է ըմբռնում, որ Թուրքիան այլևս նույնը չէ, ինչ նախկինում էր: Այսօր պատերազմ է մղում ոչ թե թուրքական կառավարությունը, այլ թուրք ժողովուրդը: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի թերթերը շատ են գրում այն մասին, որ Թուրքիան պատերազմի մեջ մտավ Գերմանիային օգնելու համար:

Դա ճիշտ է այս պահի համար, բայց ոչ այն պահի, երբ մենք հավաքագրում էինք մեր ուժերը: Այսօր Ավստրո-Հունգարիան և Գերմանիան օգնում են մեզ, մենք էլ`   իրենց: Մենք զինվորագրվեցինք, որովհետև այլ ուղի չկար: …Ռուսաստանը, նվաճելով մեր տարածքները, սպառնում էր Սև ծովում և Կովկասում, իսկ Անգլիան գործողություններ էր ծավալում Միջագետքի դեմ և նավատորմ էր տեղադրել Դարդանելի առաջ: Մենք սպասեցինք ևս մեկ շաբաթ և պատերազմ հայտարարեցինք:

Թուրքիան այժմ ունի լավ պատրաստված և զինված 2.000.000-անոց բանակ: Մեզ այնքան են զրպարտել, որ այժմ մենք կամենում ենք աշխարհին զենքով համոզել, որ մենք ազգաբանորեն մեռած չենք, ինչպես ոմանք պնդում են»: («Ասոշիեյթիդ փրես»-ին տված հարցազրույցից, 20-ը ապրիլի, 1915թ.): Թուրքիան մտավ պատերազմի մեջ, և զորահավաք հայտարարվեց, արևմտահայերը, ինչպես կայսրության մյուս ժողովուրդները, զորակոչվեցին բանակ:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.