Encyclopedia

1914թ. հուլիս (Դաշնակցական համագումար Էրզրումում)

1914թ. հուլիսին Էրզրումում կայացավ Հայ հեղափոխական դաշնակցության համագումարը: Այդ ժամանակ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, և դաշնակցությունը համագումար էր հրավիրել`   որոշելու հայերի գրավելիք դիրքորոշումը պատերազմ ծագելու դեպքում:

Տեղեկանալով այդ համագումարի մասին`   երիտթուրքերի ղեկավարությունը համագումար ուղարկեց իր երկու ներկայացուցիչներին`   Նաջի բեյին և Շաքիր Բեհաէդդինին, որոնք կարևոր դիրք էին գրավում իրենց կուսակցության ղեկավարության մեջ:

Հանդես գալով համագումարում`   նրանք «Միասնություն և առաջադիմություն» կուսակցության անունից հայերին ներկայացրին հետևյալ պահանջները. առաջին`   համագումարը պետք է ողջ հայության անունից հայտարարի այն մասին, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Ռուսաստանի հայերը հավատարիմ կլինեն Թուրքիային պատերազմի դեպքում, երկրորդ`   հայերից կազմակերպել ջոկատներ ռուսների դեմ կռվելու համար, և երրորդ`   խռովություն բարձրացնել Կովկասում և ռուսական բանակի թիկունքում:

Նրանք միաժամանակ հայտարարեցին, որ «...եթե հայերը նման դիրք գրավեն, ապա պատերազմից հետո հայերին իրավունք կտրվի ստեղծելու իրենց անկախ պետությունը Թուրքիայի և Ռուսաստանի հայկական որոշ տարածքների վրա»:

Համագումարը, ի պատասխան երիտթուրքական ղեկավարության ներկայացրած պահանջների՝ հայտարարեց, որ պատերազմի դեպքում Օսմանյան կայսրության և ռուսական կայսրության հայերը կհայտնվեն տարբեր ճամբարներում, քանի որ նրանք տարբեր պետությունների հպատակներ են և հավատարիմ են նրանց:

Իսկ ինչ վերաբերում է Կովկասում խռովություն բարձրացնելուն, ապա համագումարի ընդունած որոշման մեջ ընդգծվեց, որ «...համագումարը չի կարող խոսել Ռուսաստանի հայերի անունից, որոնք մեկ այլ պետության հպատակներ են»:

Դրա հետ մեկտեղ, համագումարը հստակ կերպով իր որոշման մեջ հայտարարեց. «...Եթե թուրքական կառավարությունը որոշի պատերազմի մեջ մտնել, ապա հայերը Թուրքիայում կկատարեն այն պարտականությունները, որ կդրվեն նրանց վրա`   որպես թուրքական հպատակների`   ծառայել հայրենիքին բանակում, պաշտպանել երկիրը, ինչպես կայսրության մյուս հպատակները»:

Հեշտ չէր նման որոշում ընդունելը, քանի որ դա հայերի համար նշանակում էր եղբայրասպան պատերազմ`   նկատի ունենալով, որ Ռուսաստանի հայերը նույնպես կկատարեին իրենց վրա դրված պարտականությունները:

Սակայն երիտթուրքերի ներկայացուցիչները դժգոհ մնացին համագումարի ընդունած որոշումներից, քանի որ այն մերժեց ռուսահայերին Ռուսաստանի դեմ հանելու, Կովկասում և ռուսական բանակում խռովություններ կազմակերպելու`   երիտթուրքերի պահանջը:

Հենց այդ հանգամանքը նկատի ունենալով`   Բեհաէդդին Շաքիրը`   Հայոց ցեղասպանության ամենագործուն կազմակերպիչներից և դահիճներից մեկը, համագումարում զայրացած բացականչեց. «Դա դավաճանություն է»:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.