Encyclopedia

1908թ. (Երիտթուրքերի հեղաշրջումը)

Օսմանյան կայսրությունում ավելի ու ավելի էր հասունանում արյունարբու սուլթանից ազատվելու գաղափարը: Առաջանում էին խմբավորումներ, որոնց նպատակը սուլթանական կարգերը խորտակելն էր:

Հետզհետե միավորվելով`   այդ խմբավորումները վերածվեցին շարժման, որը ստացավ «Երիտասարդ Թուրքեր» անվանումը: Շուտով երիտթուրքերը ստեղծեցին իրենց կուսակցությունը`   Իթթիհադ վե թերաքիի (հայերեն`   «Միություն և առաջադիմություն»): 

1908թ. հուլիսին Երիտասարդ Թուրքերի հեղաշրջման հետևանքով սուլթան Աբդուլ Համիդ II-ը զրկվեց իշխանությունից, իսկ 1909թ.`   գահընկեց արվեց: Երիտթուրքերն ասպարեզ իջան XVIIIդ. ֆրանսիական հեղափոխության հռչակած «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսով: 
 
Կայսրության բոլոր ժողովուրդները, մահմեդական թե քրիստոնյա, ցնծությամբ ընդունեցին «կարմիր սուլթանի» տապալումը: Մարդիկ կարծում էին, թե Օսմանյան կայսրության պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվել: Ինչպես վկայում է Մուսա Պրենսը, ցնծացող ...հայերը, թուրքերը, հույները գրկախառնվում էին փողոցներում»:
 
Բայց, ինչպես շատ շուտով պարզվեց, երիտթուրքերը դիմակավորված ազգայնամոլներ էին, որոնք շարունակեցին իրենց նախորդ սուլթանների`   հալածանքների և ջարդերի քաղաքականությունը: Նրանք կայսրության բոլոր ազգերին ձուլելու և «մաքուր» թուրքական ազգ ստեղծելու գաղափարակիրներ էին`   գտնելով, որ հանուն այդ գաղափարի իրագործման չպետք է կանգ առնել անգամ զանգվածային կոտորածների առջև:
 
Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.