Encyclopedia

1878թ. (Բեռլինի վեհաժողովը)

1878թ. հունիսի 13-ից մինչև հուլիսի 13-ը Բեռլինում անցկացվեց վեհաժողով, որի նախագահը Բիսմարկն էր: Վեհաժողովում Անգլիային և Ավստրո-Հունգարիային Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի աջակցությամբ հաջողվեց վերանայել Սան Ստեֆանոյի որոշումները, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և, ընդհակառակն, ուժեղացնել իրենց դիրքերը և ազդեցությունը Օսմանյան կայսրության վրա:

Վեհաժողովի որոշմամբ Ռուսաստանը Թուրքիային վերադարձրեց Ալաշկերտն իր հովտով և Բայազետը (Էրզրումը մինչ այդ էր վերադարձվել): Նրան թողնվեցին միայն Արդահանը, Կարսը, ինչպես նաև Բաթումը: Բեռլինի համաձայնագրում Հայկական հարցին էր նվիրված 61-րդ հոդվածը, որը, սակայն, սկզբունքային մի շարք հարցերում տարբերվում էր Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածից, և դա`   ի վնաս հայերի:

Այսպես, եթե Սան Ստեֆանոյի պայմանագրով բարեփոխումները Արևմտյան Հայաստանում պետք է իրագործվեին ռուսական զորքերի ներկայության պայմաններում, ինչը որոշակի երաշխիք էր դրանց իրագործման համար, ապա ըստ Բեռլինի համաձայնագրի`   ռուսական զորքերը դուրս էին բերվում, և այդ խնդրի կարգավորումը թողնվում էր Թուրքիայի հայեցողությանը:

Նա միայն պարտավորվում էր պարբերաբար եվրոպական պետություններին հաղորդել իր ձեռնարկած քայլերի մասին: Վերջիններս պետք է իրականացնեին լոկ հսկողական գործառույթներ: Այլ կերպ ասած`   Բեռլինի համաձայնագրով վերացվեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների իրականացման համար Սան Ստեֆանոյի ստեղծած նախադրյալները: Բեռլինի վեհաժողովից հետո սուլթանը և օսմանյան կառավարող վերանախավն ավելի ամրապնդվեցին իրենց այն համոզման մեջ, որ Հայկական հարցի լուծման լավագույն լուծումը հայերին ոչնչացնելն է:

Նրանք այժմ դրա մեջ էին տեսնում կայսրության ներքին գործերին եվրոպական պետությունների միջամտությունից ազատվելու իրական ուղին, քանզի այդ տերությունները Հայկական հարցը, հայկական շրջաններում բարեփոխումների հարցը օգտագործում էին որպես պատրվակ`   Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար: Ուստի անհրաժեշտ էր վերացնել այդ պատրվակը և տերություններին զրկել կայսրությունից զիջումներ կորզելու հնարավորությունից:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.