Encyclopedia

1878թ. (Ռուս-թուրքական պատերազմ, Սան Ստեֆանոյի պայմանագիրը)

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմում թուրքերը պարտություն կրեցին: Ռուսական զորքերը հաղթանակ տարան և՛ Բալկանյան, և՛ Կովկասյան ռազմաճակատներում:

Բալկաններում ռուսական զորքերը գրավեցին Բուլղարիան և ընդհուպ մոտեցան Ստամբուլին, իսկ Կովկասյան ռազմաճակատում նրանք գրավեցին Արդահանը, Բայազետը, Ալաշկերտը, Կարսը և Էրզրումը, ինչպես նաև`   Բաթումը: Թուրքերը ստիպված էին դադարեցնել պատերազմական գործողությունները և հաշտություն խնդրել:

Հաշտության պայմանագիրը Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց 1878թ. մարտի 3-ին Ստամբուլին մերձակա Սան Ստեֆանո վայրում: Սան Ստեֆանոյի պայմանագրում մտցվեց հատուկ կետ`   16-րդ հոդվածը`   Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու մասին:

Պայմանագրում մասնավորապես նշվում էր. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված`   Հայաստանի`   Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգումներ, և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»:

Սան Ստեֆանոյի պայմանագիրը ռուսական դիվանագիտության հաղթանակն էր: Դա խիստ անհանգստացրեց եվրոպական մրցակից պետություններին, որոնք վախենում էին, որ Օսմանյան կայսրությունը Ռուսաստանից լիակատար կախման մեջ կընկնի, և Արևելյան հարցում գոյություն ունեցող ռազմավարական հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Ռուսական կայսրության, իսկ դա հակասում էր եվրոպական պետությունների շահերին:

Նրանք դա թույլ տալ չէին կարող: Այդ խնդրում հատկապես գործուն էին Անգլիան և Ավստրո-Հունգարիան, որոնք վայելում էին Գերմանիայի և նրա կանցլեր Բիսմարկի աջակցությունը: Այդ ուժերին հաջողվեց հասնել այն բանին, որ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու համար հրավիրվի հատուկ վեհաժողով:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.