Encyclopedia

Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը. Հունական ավանդություն

Հայերի ծագման հունական զրույցը կապվում է Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի`  արգոնավորդների մասին ավանդությանը: Վերջինիս համաձայն՝ հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի և մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ նրա անվամբ կոչվել է «Արմենիա»:

Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի (մարզ Հունաստանում) Արմենիոն քաղաքը: Ավանդությունն առավել հանգամանորեն պատմում է Ք.ա. I դարի հույն մատենագիր Ստրաբոնը: Նա հաղորդում է, թե իր տեղեկությունների սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններն են:

Դատելով փաստերից`   հայերի ծագման մասին զրույցը ստեղծվել և արգոնավորդների ավանդությանն է զուգորդվել Մակեդոնացու արշավանքների ժամանակաշրջանում. արգոնավորդների ավանդության մասին պատմող ավելի վաղ աղբյուրներում հայերի ծագման վերաբերյալ տեղեկություն չկա: Ամենայն հավանականությամբ դա ունեցել է նույնպիսի քաղաքական միտում, ինչպիսիք են պարսիկների և մարերի (մեդացիներ) հունական ծագման մասին զրույցները:

Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ որևէ նվաճող իր ծրագրերն իրականացնելուն «իրավական» տեսք տալու համար նախապես ստեղծում էր կեղծ հիմնավորումներ: Ուստի և այս ավանդության առանցքը կազմող տեղեկությունը հայերի թեսալական (հունական) ծագման վերաբերյալ չի կարող համարվել արժանահավատ: Հայերի արևմտյան (փռյուգիական) ծագման մասին կցկտուր տեղեկություններ են պահպանվել հույն հեղինակներ Հերոդոտոսի (Ք.ա. V դ.), Եվդոքսոսի (Ք.ա. IV դ.) և այլոց երկերում:

Այդ տեղեկություններում բերված փաստարկները վերաբերում են փռյուգիացի և հայ զինվորների նման հագնված լինելուն և հայերենում փռյուգերեն շատ բառերի առկայությանը: Դրանցով, իհարկե, չի կարող բացատրվել մի ժողովրդի`   մյուսից ծագած լինելը. փռյուգիացիներն ու հայերը ազգակից են (ունեն ընդհանուր`   հնդեվրոպական ծագում), և նրանց լեզուներում նույն (կամ նույնարմատ) բառերի առկայությունը, առավել ևս զինվորների միանման հագուստ կրելը պետք է օրինաչափ համարել:

Աղբյուրը՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ (www.historyofarmenia.am)

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.