Encyclopedia

Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը

Հայկական լեռնաշխարհի հողն արգավանդ է: Նախալեռնային`   1100-1300 մ բարձրության վրա գտնվող գոտին նշանավոր է խաղողի և զանազան կորիզավոր մրգերի (ծիրան, դեղձ) տեղական ընտիր տեսակներով: Հայաստանը շատ մրգատեսակների աճեցման հնագույն կենտրոններից է:

Նախալեռնային գոտին աչքի է ընկնում ինչպես մրգերի (խնձոր, տանձ, սալոր և այլն), այնպես էլ հացազգիների մշակությամբ: Հայկական լեռնաշխարհը ցորենի հնագույն հայրենիքն է, ուր այսօր էլ կարելի է հանդիպել դրա վայրի տեսակին: Հացահատիկային կուլտուրաների կենտրոններ են Տարոնի կամ Մշո, Բագրևանդի, Հարքի, Խարբերդի, Կարնո, Կարսի, Բասենի, Երզնկայի դաշտերը, Վանա լճի ավազանը և այլն:

Ցածրադիր`   կիսաանապատային և անապատային վայրերում արհեստական ոռոգման դեպքում աճում են բամբակ, բրինձ, թուզ, նուռ, ձիթենի, սեխ, ձմերուկ, բանջարանոցային այլևայլ կուլտուրաներ: Բազմազան է Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը:

Անասնապահության զարգացման համար առկա բարենպաստ պայմանները թույլ են տվել անհիշելի ժամանակներից այստեղ բուծել ոչխար, այծ, խոշոր եղջերավոր անասուններ, ավանակ, թռչունների բազմաթիվ տեսակներ: Հայաստանը հնուց համարվել է ձիաբուծության խոշոր կենտրոն:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ Աքեմենյան տիրապետության շրջանում Հայաստանը Միհր (Միթրա) աստծո տոնակատարությունների համար տարեկան տրամադրել է 20 հազար մտրուկ: Ձիաբուծությամբ հայտնի էր մասնավորապես Արցախը:

Հնում լայնորեն տարածված է եղել խոզաբուծությունը: Վայրի կենդանիներից հանդիպում են գորշ արջը, գայլը, աղվեսը, անտառային կատուն, լուսանը, փորսուղը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը, քարայծը, բազմաթիվ թռչնատեսակներ: Հարկ է նշել, որ հնում վայրի կենդանական աշխարհն ավելի բազմազան է եղել:

Ցավոք, մարդու գործունեության հետևանքով ներկայումս շատ կենդանիներ, որոնք հիշատակվում են հայկական և օտարալեզու սկզբնաղբյուրներում, կամ իսպառ ոչնչացել են, կամ խիստ կրճատվել է դրանց կենսատարածքը:

Արարատյան դաշտում բազմացել է միջատի մի տեսակ, որից ստացվող հռչակավոր «որդան կարմիր» ներկը տնտեսական մեծ նշանակություն է ունեցել և հայտնի է եղել Հայաստանից դուրս: 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.