Encyclopedia

Հայկական լեռնաշխարհի ջրային ռեսուրսները. գետեր (մաս 2)

Եփրատն Առաջավոր Ասիայի ամենաերկար գետն է (3065 կմ), իսկ Տիգրիսը (1850 կմ)`   ամենաջրառատ: Եփրատը կազմված է երկու բազուկներից`   Արևմտյան և Արևելյան:

Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Կարին (Էրզրում) քաղաքից հյուսիս գտնվող Ծաղկավետ լեռներից: Դարեր ի վեր համարվել է Մեծ Հայքի արևմտյան սահմանը: Արևելյան Եփրատը`   Արածանին, սկզբնավորվում է Ծաղկանց լեռներից:

Եփրատի երկու բազուկներն իրար միանում են Ծոփքի Կապան քաղաքի մոտակայքում և կազմում միասնական Եփրատ, որը, այնուհետև դուրս գալով Հայկական լեռնաշխարհի սահմաններից, հոսում է Միջագետքով: Միանալով Տիգրիսին`   Եփրատը կազմում է Շատ-էլ-Արաբ գետը, որն էլ թափվում է Պարսից ծոց: Տիգրիսը նույնպես կազմված է արևմտյան և արևելյան բազուկներից:

Արևմտյան Տիգրիսի ակունքները գտնվում են Ծոփքի տարածքում՝ Ծովք լճակի մոտ: Դուրս գալով լեռնաշխարհի սահմաններից`   Տիգրիսը հոսում է Միջագետքով, միանում Եփրատին ու դրա հետ միասին թափվում Պարսից ծոց: Կուրը սկզբնավորվում է Տայք նահանգի Կող գավառի Կրիակունք գյուղի շրջակայքից:

Իր հիմնական մասով հոսում է Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս, սակայն հնագույն ժամանակներում Մեծ Հայքը սահմանազատել է Վիրքից և Աղվանքից: Մուղանի դաշտում Կուրին է միանում Երասխը, որից հետո նրանք միասին թափվում են Կասպից ծով:

Բարձր Հայք նահանգից սկիզբ են առնում և Սև ծով թափվում Հալիս (Ալիս), Գայլ գետերը: Սև ծովի ավազանին է պատկանում նաև Սպերում գտնվող Չորմայրի լեռներից սկիզբ առնող Ճորոխ գետը: 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.