Encyclopedia

Հայկական լեռնաշխարհի լեռնաշղթաները և բարձրությունները (մաս 2)

Ծաղկանց լեռների հարավային մասում վեր է խոյանում Սիփան հանգած հրաբխային լեռը (4434 մ): Այն լեռնաշխարհի երկրորդ բարձր գագաթն է: Սիփանից հարավ՝ Վանա լճի արևմտյան ափերը շրջանցելով`   ձգվում են Բզնունյաց լեռները, որոնք ավարտվում են Նեմրութ լեռնագագաթով (3050 մ):

Նեմրութը հանգած հրաբուխ է, թեև գործել է մինչև XV դարի առաջին կեսը (վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թ.): Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան ընդարձակ հատվածը կոչվում է Փոքր Կովկաս: Այս հատվածում տարբեր ուղղություններով ձգվող լեռնաշղթաներից հիշատակության են արժանի Ջավախքի, Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գեղամա, Սևանի, Վարդենիսի, Մռավի, Արցախի լեռները:

Վարդենիսի լեռներից սկիզբ է առնում և դեպի հարավ`   մինչև Երասխ (Արաքս), տարածվում է Սյունյաց կամ Զանգեզուրի լեռնաշղթան, որի հարավային մասում վեր է խոյանում Փոքր Կովկասի ամենաբարձր լեռնագագաթը`   Կապուտջուղը (3904 մ): Արարատյան դաշտի հյուսիսային սահմանագլխին բարձրանում է ՀՀ տարածքի ամենաբարձր լեռը`   Արագածը (4090 մ):

Նրա ստորոտներին փռված խոտավետ մարգագետիններն ու արոտավայրերը հնուց հայտնի կարևոր անասնապահական շրջաններ են: Արագածից արևելք բարձրանում է Արայի լեռը: Հայկական լեռնաշխարհի հարավային մասով ձգվում է Հայկական Տավրոսի լեռնաշղթան, որի տարբեր մասերում բարձրանում են մի շարք լեռնագագաթներ (Մարութասար կամ Մարաթուկ, Ծովասար, Անդոք, Առնոս, Արտոս և այլն):

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.