Encyclopedia

Հայկական լեռնաշխարհը. ընդհանուր նկարագիր

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային սահմանագլխին՝ Փոքրասիական և Իրանական բարձրավանդակների, Սև ծովի ու Միջագետքի հարթավայրերի միջև:

Հայկական լեռնաշխարհում է ձևավորվել և իր պետականությունը ստեղծել հայ ժողովուրդը, այստեղ է կերտել իր ինքնատիպ մշակույթը: Հայկական լեռնաշխարհը գրեթե ամբողջությամբ համընկնում է հայոց պատմական հայրենիքին:

Վաղնջագույն ժամանակներից այն տարածվում է Կուր և Երասխ (Արաքս) գետերի ջրկիցից մինչև Գամիրք (Կապադովկիա), Պոնտական և Թռեղքի լեռնաշղթաներից մինչև Հայկական Տավրոսի հարավային բազուկները: Հայկական լեռնաշխարհը բոլոր կողմերից եզերվում է բարձրաբերձ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած բարձրավանդակը հնում կոչվել է Միջնաշխարհ Հայոց:

Լեռնաշխարհի սահմաններն արևմուտքում կազմում են Անտիտավրոսի լեռները, որոնցով այն բաժանվում է Անատոլիական բարձրավանդակից (Փոքր Ասիա), իսկ Հյուսիս-արևմուտքից`  Պոնտական լեռները: Լեռնաշխարհի հյուսիսային սահմանները ձգվում են Մոսքական և Թռեղքի լեռնաշղթաների ջրբաժանով: Արևելքում դրանք կազմում են Արցախի և Կուր-Արաքսյան դաշտավայրի եզրասահմանները:

Հասնելով Ղարադաղին`   լեռնաշխարհի սահմանը թեքվում է արևմուտք, ընթանում Կապուտան (Ուրմիո) լճի հյուսիսով ձգվող լեռնաբազուկներով, ապա շրջվելով հարավ, ներառում է լճի արևմտյան ափամերձ շրջանները և հասնում Հայկական Տավրոսի շարունակությունը համարվող Կորդվաց լեռնաշղթային:

Շրջվելով կրկին արևմուտք և հատելով Տիգրիս գետը`   հասնում մինչև Եփրատ, կտրում է այն և Մալաթիայի լեռներով ընթանում մինչև Անտիտավրոս: Այս սահմաններում երկրամասն ունի շուրջ 400 հզ. քառ. կմ տարածություն:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.