Health Corner

Ինչ պետք է իմանալ ճողվածքների մասին

Ճողվածքը (грыжа) որևէ օրգանի ամբողջական կամ մասնակի դուրս մղվածքն է`   նրան շրջապատող մաշկի տակ, մկանների միջև գոյացած անցքերում, գրպաններում ու խոռոչներում: Դրանք կարող են լինել նորմայում գոյություն ունեցող կամ ախտաբանական վիճակների հետևանքով առաջացած ու մեծացած անցքեր, որոնք լինում են հյուսվածքի դեֆեկտի տեղում կամ հետվիրահատական սպիների նրբացած հատվածներում:

Ըստ տեղակայման`   տարբերակում են ուղեղանյութի, մկանների, ստոծանու Ճողվածքներ: Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում աճուկային, ազդրային, պորտային, որովայնի սպիտակ գծի, թրանման ելունի, կրծքավանդակի, որովայնի կողմնային պատի, նստատեղի, շեքի, ինչպես նաև հետվիրահատական տարբեր տեղակայման այլ ճողվածքներ:

Սա բավական տարածված հիվանդություն է, որը հանդիպում է բնակչության 3-4%-ի շրջանում: Պետք է նշել, որ հիվանդանոցների ընդհանուր վիրաբուժական բաժանմունքներում կատարվող վիրահատությունների 15-20%-ը բաժին է ընկնում ճողվածքներին: Այն հանդիպում է բոլոր տարիքային խմբերում`   սկսած նորածնային և վաղ մանկական հասակից մինչև ծերունական տարիքը: Տարիներ շարունակ օրգանիզմում անվնաս գոյատևելով`   ոչ հազվադեպ այն կարող է հանկարծակի բարդանալ օղակումով և դառնալ կյանքին վտանգ սպառնացող լուրջ բարդությունների պատճառ: 
 
Ճողվածքի բուժումը միայն վիրահատական է, որի հիմնական բացասական կողմը հիվանդության կրկնություններն են (ռեցիդիվները), որոնք դիտվում են 10-45% դեպքերում, այսինքն`   վիրահատությունից հետո ճողվածքի կրկնություն դիտվում է նվազագույնը տասը հիվանդից մեկի մոտ: 
 
Առավել հաճախ լինում են որովայնային ճողվածքներ: Այդ դեպքում տարբերում են ճողվածքի դուռ (խոռոչի պատի խախտված հատվածը, որով դուրս են գալիս ներքին օրգանները), ճողվածքապարկ, ճողվածքապարկի պարունակություն (հաճախ`   բարակ աղիքները, ճարպոնը, հազվադեպ`   արգանդափողը, ձվարանը, հաստ աղիքը և այլն): Ճողվածքը որովայնի պատի վրա եղած բնական (բնածին) և արհեստական (վնասվածքներից կամ վիրահատություններից հետո առաջացած) անցքերից կամ թույլ կետերից որովայնի պատը ներսից ծածկող բարակ թաղանթով պատված, վերը նշված օրգանների արտափքումն է մաշկի տակ: Այդ արտափքումից ձևավորվում է ճողվածքապարկ, որտեղ կարող են տեղակայվել որովայնի հարևանությամբ գտնվող նշված որոշ ներքին օրգաններ:
 
Ճողվածքները լինում են արտաքին և ներքին: Արտաքին ճողվածքները դիտվում են ավելի հաճախ և առաջանում են որովայնի պատի թույլ հատվածներում: Դրանք ըստ տեղակայման լինում են աճուկային, ազդրային, պորտային, սպիտակ գծի, նաև հազվադեպ տեղակայման (գոտկային, որովայնի կողմնային պատի, շեքային և այլն): Դրանք կարող են լինել հետվնասվածքային և հետվիրահատական: Մարմնի համապատասխան շրջանում առաջանում է հիվանդի համար նկատելի ուռուցքանման արտափքվածություն: 
 
Ներքին ճողվածքներն առաջանում են որովայնի ներսում, արտաքինից չեն երևում:
 
Ստոծանու բնական և արհեստական անցքերով ու ճեղքերով որովայնի օրգանները կարող են ներթափանցել կրծքի խոռոչ: Ճողվածքի այս տեսակը բարեբախտաբար հազվադեպ է հանդիպում, քանզի հաճախ այն դառնում է աղիքային անանցանելիության պատճառ և, որպես կանոն, ախտորոշվում է վիրահատական միջամտության ժամանակ: 
 
Ճողվածքները լինում են նաև բնածին և ձեռքբերովի:
 
Բնածին ճողվածքների պատճառը ներարգանդային զարգացման շրջանում որովայնի պատի թերաճն է: Դրա տիպիկ օրինակ են նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաների պորտային և աճուկափոշտային ճողվածքները:
 
Ձեռքբերովի ճողվածքները զարգանում են առանց որովայնի պատի բնածին արատի, որոնց առաջացմանը նպաստում են նախատրամադրող և նպաստող գործոնները: Նման գործոններից են որովայնի պատի անատոմիական ոչ լիարժեք կառուցվածքը, տղամարդկանց աճուկային շրջանի համեմատաբար թույլ լինելը, կանանց ազդրային օղի ավելի մեծ չափերը, տարիքը (մինչև 1 տարեկան երեխաների որովայնի պատի թուլությունը, միջին տարիքի մարդկանց ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը), հյուծվածությունը, որովայնի պատի վնասվածքներն ու հետվիրահատական սպիները, որովայնի պատի նյարդերի կաթվածը: Նպաստող պատճառներ են նաև ծանր ֆիզիկական աշխատանքը, դժվար ծննդաբերությունը, միզարտադրության դժվարացումը տարբեր հիվանդությունների ժամանակ (շագանակագեղձի ադենոմա, ֆիմոզ, միզուկի նեղացում), երկարատև հազը, փողային գործիքների վրա նվագելը, փորկապությունը, լուծը և այլ ախտաբանական վիճակներ, որոնք ուղեկցվում են ներորովայնային ճնշման հաճախակի բարձրացումով:
 
Ըստ կլինիկական ընթացքի, ճողվածքները լինում են բարդացած և չբարդացած: 
 
Չբարդացած ճողվածքները բաժանվում են 2 խմբի. ներուղղվող կամ ազատ (ճողվածքային արտափքվածությունն ինքնուրույն կամ ձեռքի թեթևակի սեղմումով ներուղղվում է որովայնի խոռոչ) և չներուղղվող (այս դեպքում ճողվածքային արտափքվածության ձևն ու չափերը մարմնի տարբեր դիրքերում և սեղմելիս մնում են անփոփոխ կամ քիչ են փոխվում, և չի ներուղղվում որովայնի խոռոչ):
 
Ճողվածքների հիմնական բարդություններն են օղակումը, այսինքն`   կղանքային զանգվածի կանգը, ճողվածքի պարունակության և թաղանթների բորբոքումը, վնասվածքները և նորագոյացությունները:
 
Ճողվածքները սովորաբար զարգանում են դանդաղ: Սկզբում ձևավորվող ճողվածքի շրջանում ի հայտ են գալիս թույլ, երբեմն ծակող բնույթի ցավեր, որոնք քիչ են անհանգստացնում, իսկ հետագայում աստիճանաբար ուժեղանալով`   սկսում են խանգարել արագ քայլելիս կամ ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս: Որոշ ժամանակ անց կամ երբեմն ցավերի հետ մեկտեղ հիվանդը տվյալ շրջանում նկատում է արտափքվածություն, որը ճողվածքի հիմնական նշանն է: Սովորաբար այն ի հայտ է գալիս լարվածության ժամանակ (օրինակ`   հազալիս կամ որովայնը սեղմելիս) և հեշտությամբ անհետանում մարմնի հորիզոնական դիրքում կամ ձեռքով թեթևակի սեղմելիս: Որովայնի արտաքին ճողվածքների սույն կլինիկական դրսևորմամբ դեպքերը հեշտ են ախտորոշվում, անգամ առանց հիվանդին հետազոտելու: Լաբորատոր, ռենտգենյան և հետազոտության մյուս եղանակները կիրառվում են հիվանդի ընդհանուր վիճակը գնահատելու և ուղեկցող հիվանդությունները հայտնաբերելու նպատակով: Եթե ճողվածքը ներուղղվող չէ, ապա ցավերը սովորաբար լինում են մշտական`   ուժեղանալով ֆիզիկական լարվածության ժամանակ և ուղեկցվում մարսողության խանգարումներով: Չներուղղվող ճողվածքները ունեն օղակվելու մեծ հակում: Օղակումը ամենավտանգավոր բարդությունն է, որի ժամանակ ճողվածքամուտքում ճողվածքի պարունակությունը հանկարծակի սեղմվում է: Այս բարդությունը կազմում է ընդհանուր դեպքերի 8-20%-ը: Իրենց հաճախականությամբ օղակված ճողվածքները որովայնի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների շարքում գրավում են երրորդ տեղը սուր ապենդիցիտից և լեղապարկի սուր բորբոքումից հետո: Դրանք կանանց շրջանում ավելի հաճախ են հանդիպում: Հիվանդների մեջ գերակշռում են տարեցները:
 
Օղակումն ավելի հաճախ դիտվում է աճուկային, այնուհետև`   ազդրային և պորտային ճողվածքների ժամանակ: Դրանք ի հայտ են գալիս ծանրություն բարձրացնելիս, ֆիզիկական աշխատանքներ կատարելիս կամ ուժեղ հազալիս: Նեղ ճողվածքամուտքով ճողվածքապարկ մտած օրգանը սեղմվում է, որը բերում է այդ օրգանի արյան շրջանառության և սնուցման խանգարման, ապա նաև պատի մեռուկացման: Օղակման կարող է ենթարկվել որովայնի ցանկացած օրգան, բայց ավելի հաճախ`   բարակ աղեգալարը, հաստ աղիքը և ճարպոնը:
 
Ավելի վտանգավոր է աղիքի օղակումը, քանի որ դա բերում է աղիքային անանցանելիության, իսկ հետագայում`   վիրահատության ուշացման դեպքում`   աղիքի պատի մեռուկացման, թափածակման և թարախային պերիտոնիտի:
 
Օղակված ճողվածքին բնորոշ նշաններն են հիվանդության սուր սկիզբը, ֆիզիկական լարվածությունից հետո, ճողվածքի շրջանում հանկարծակի սկսվող կտրող բնույթի ուժեղ ցավերը. ճողվածքային արտափքվածությունն այլևս չի ներուղղվում, շոշափելիս այն խիստ լարված է և ցավոտ: Բնորոշ են նաև փսխումը, անոթազարկի հաճախացումը, մաշկային ծածկույթների գունատությունը, սառը քրտինքը, շոկի առաջացումը: Ճողվածքի օղակման դեպքում հիվանդը ենթակա է անհապաղ հոսպիտալման`   շտապ վիրահատական միջամտության ենթարկվելու համար:
 
Հազվադեպ է պատահում օղակված ճողվածքի ինքնուրույն ներուղղում, որի դեպքում ևս անհրաժեշտ է հիվանդին տեղափոխել հիվանդանոց և ապահովել վիրաբույժի հսկողություն 1-2 օրվա ընթացքում, քանի որ աղիքի նախապես օղակված պատում սկսված մեռուկացման ընթացքը կարող է խորանալ`   բերելով պերիտոնիտի կամ աղիքային արյունահոսության: 
 
Խստիվ արգելվում է օղակված ճողվածքի բռնի ներուղղումը, քանզի չի բացառվում կազմափոխված ճողվածքապատի կամ դրա պարունակության վնասումը և վտանգավոր բարդությունների զարգացումը: Որովայնի արտաքին ճողվածքների բուժման հիմնական եղանակը վիրահատական է: Պահպանողական բուժման ենթակա են միայն երեխաները (մինչև 4-5 տարեկան հասակը), հատկապես պորտային ճողվածքի դեպքում: Նրանց վիրահատությունը ցուցված է ճողվածքի արագ մեծացման, չներուղղվող ճողվածքի և օղակման դեպքում: Ճողվածքը գործնականում ինքնաբուժման չի ենթարկվում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company