Encyclopedia

Անապատականություն

Անապատականությունը քրիստոնյա ուխտյալ միայնակյացների շարժում է։ Ժամանակի ընթացքում նշանակել է նաև կենսաձև։ Անապատականները ճգնել են ամայի, անմարդ վայրերում՝ ապաշխարելու, մաքրագործվելու և Աստծո հետ Սուրբ Հոգով հաղորդակցության մեջ մտնելու նպատակով։ Ձգտել են ներհայեցողաբար ընդդիմանալ հասարակության մեջ առկա մերժելի երևույթներին։ Անապատականությունը սերտորեն առնչվում է ճգնավորության հետ։ Իր բուն էությամբ անխզելիորեն կապված է Եղիա մարգարեի և Հովհաննես Մկրտչի անվան հետ։

 

Քրիստոնեական եկեղեցին նրանց է նկատում իբրև իրենց կոչմանը լիովին համապատասխան, կատարյալ և օրինակելի անապատականներ։ Անապատականությունը նոր ոգով և բովանդակությամբ վերարծարծվել է II–III դդ։ Առաջնորդվելով Պողոս առաքյալի խոսքով (Պողոս. 3.1–5)՝ հավատացյալներից առավել ջերմեռանդները հրաժարվել են սեփականությունից, մեկուսացել հասարակությունից, քաշվել անմարդաբնակ վայրեր, որպեսզի կարողանան անարգել իրականացնել առաքյալի պատգամը՝ մեռնել այս աշխարհի համար և իրենց անձը ներամփոփել «Քրիստոսի հետ Աստծու մեջ»։

 

Նրանցից առաջինը Ս. Պողոս Թեբայիդացին (Ալեքսանդրացի) էր (235–343), որը 97 տարի ապրել է լիակատար մենության մեջ՝ հիմք դնելով միայնական ճգնակեցության։ Հայ եկեղեցին Ս. Պողոս Թեբայիդացու հիշատակը տոնում է դեկտեմբերի սկզբին՝ «Սրբոց հարցն եգիպտացւոց» տոնին։ Անապատականության մյուս խոշորագույն դեմքը Հայ եկեղեցու կողմից «նախասկիզբն միանձանց» որակված Ս. Անտոն Անապատականն է (251–356), որը, ի տարբերություն Ս. Պողոս Թեբայիդացու, բոլորովին կտրված չի եղել մարդկանցից, ունեցել է աշակերտներ և դրա շնորհիվ անհամեմատ մեծ հռչակ վայելել։ Հայ եկեղեցին նրա հիշատակը տոնում է հունվարին։

 

Նույնքան մեծ հռչակ է վայելել Անապատականության մյուս սյունը՝ Ս. Պախոմիոսը (287–347), որը հիմք է դրել համայնական ճգնակեցության։ Համաձայն «Հարանց վարքի», առավել նշանավոր են եղել Մակար, Տիմոթեոս, Պափնուտիոս, Ոնափրիոս, Պողոս Լուստրացի, Ապաուրա, Ամոն, Աբասիոս, Պելենիոս, Հովհան Գբնեցի, Աբբա Մարկոս, Պողոս Միայնակյաց, Մատրիանոս Կրոնավոր, Սիմեոն Սյունակյաց, Իլարիոն Կրոնավոր, Եփրեմ Խուրի Ասորի, Նեղոս Եգիպտացի, Մարկոս Սալոն (Հիմար), Հովհան Անապատական, Ալեքսիանոս Կամավոր աղքատ, Պարսամ, կանանցից՝ Մարիամ (Մարիանոս), Եփրոսինա, Մարիամ Եգիպտացի անապատականները։

 

Անապատական կանոնադրության բացակայության հետևանքով սկզբնական շրջանում Անապատականության կենցաղն ու հոգևոր կյանքն աչքի են ընկել դրսևորումների բազմազանությամբ։ Ըստ ճգնության կերպերի, դրանք մեկտեղվել են հետևյալ խմբերի մեջ. խոտաճարակներ (բավարարվել են բանջարաճաշակությամբ՝ Մարիամ Եգիպտացի), սյունակյացներ (տարիներ շարունակ ապրել են սյան վրա՝ Սիմեոն Սյունակյաց), գբնեցիներ (տարիներ շարունակ ապրել են գբի՝ փոսի մեջ՝ Հովհան Գբնեցի)։ III դ. վերջին անապատական կենցաղավարության մեջ աստիճանաբար տիրական դարձած խմբական համակեցությունն անհրաժեշտություն է առաջացրել կանոններ մշակել վանական կյանքի համար, ինչը և իրականացրել է Ս.Պախոմիոսը։ Կանանց վանքերի հիմնադրումը ևս կապվում է Ս. Պախոմիոսի անվան հետ։ Եկեղեցական պատմագրության մեջ արձանագրվել է Անապատականության երեք տարատեսակ.
 
  • Առաջինի մեջ մտնում են միայնակյացները կամ ճգնավորները, որոնք, քաշվելով անմարդաբնակ վայրեր, ճգնել են լիակատար մենության մեջ (Ս. Պողոս Թեբայիդացի)։
  • Երկրորդ խմբին են պատկանում «համայնականները» («կինոբիտներ»)։ Սրանք ապրել են խմբերով և հավասար վայելել աշխատանքի արդյունքը (Ս. Պախոմիոս)։
  • Երրորդ խմբում են ավելի ուշ հանդես եկած ապստամբները («սարաբիտներ»), որոնք տարբերվել են «համայնականներից» նրանով, որ չեն վարել նստակյաց կյանք, եղել են թափառաշրջիկներ, չեն ենթարկվել ո՛չ պետական օրենքներին և ո՛չ էլ եկեղեցական կանոններին։ Ժամանակի և իրավիճակի թելադրանքով այս անապատականները հանդես են եկել ժողովրդա-ազատագրական պայքարով։ Հայտնի է IV դ կեսին Պարսից Շապուհ II արքայի դեմ նրանց ծավալած շարժումը։

 

Անապատականության դրսևորումներ Հայաստանում ի հայտ են եկել դեռևս I և II դդ, առանձին անհատների և խմբերի ճգնակյաց գործունեության շնորհիվ (տես՝ Ոսկյանք, Սուքիասյանք)։ Հայ առաջին անապատականներից էր Գրիգոր Ա Լուսավորիչը, ով կյանքի վերջում տրվել է ճգնությունների՝ սուրբ օրինակ հանդիսանալով հետագա հայ անապատականների ու ճգնավորների համար։
 
 
Անապատականության շարժումը IV դ սկզբին Եգիպտոսից Պաղեստինի և Ասորիքի վրայով թափանցել է Միջագետք, այստեղից էլ՝ Հայաստան։ Անապատականության կազմակերպությունների սկզբնավորումը Հայաստանում կապվում է Մար Ավգինի անվան հետ։ Նրա նախաձեռնությամբ Մծբին քաղաքի մոտ կազմակերպված անապատականության համայնքն իր գործուն մասնակցությունն է բերել նաև հայոց հոգևոր շինությանը (Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն», դպր. Ե., գլ. ԻԵ–ԻԸ)։ Անապատականության շարժման մեկ այլ ալիք Հայաստան է թափանցել IV դ. 2-րդ կեսին՝ Փոքր Հայքի վրայով։ Այս շարժումը կապվում է անապատական կյանքի սկիզբը հայերի, պափլագոնացիների և մերձպոնտյան ժողովուրդների մեջ հիմնադրած Սեբաստիայի հայկական եկեղեցու ղեկավար Ս. Եվստաթեոսի (Սոզոմենուս III, 14, 31) անվան հետ։ Եթե Միջագետքից եկած անապատականների գործունեության կենտրոնը Կորդվաց աշխարհն ու Ռշտունիքն էին, ապա Փոքր Հայքից մուտք գործած անապատականներինը՝ Ծոփքը և Աղձնիքը։ IV դ 2-րդ կեսին Անապատականությունը ավելի է տարածվել։
 
 
Անապատականներից շատերը մեծ հեղինակություն են վայելել ինչպես Հայոց արքունիքում, այնպես էլ ժողովրդի մեջ (Ս. Անտոն և Ս. Կրոնիդես)։ Անապատականության ազդեցությունն ու հեղինակությունը թուլացնելու նպատակով նորահաստատ եկեղեցին, Գանգրայի եկեղեցաժողովում (361–362) հանդես գալով հօգուտ եկեղեցական իշխանության, մասնավոր որոշումներով դատապարտել է անապատականների ղեկավար Ս. Եվստաթեոսին, որը կոչ է արել ստրուկներին փախչել իրենց տերերից, կանանց՝ հեռանալ իրենց ընտանիքներից, հրաժարվել ունեցվածքից և միանալ անապատականներին։ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» մեջ հիշատակվում են անապատականության շարժման այնպիսի ղեկավարներ, որպիսիք են Ս. Հակոբ Մծբնացին, Շաղիտան, Գինդը, Դանիել Ասորին և ուրիշներ։
 
 
Անապատականության շարժման ղեկավարները հավատարիմ աշակերտներն ու հետևորդները շարունակել են ուսուցիչների գործը՝ զբաղվելով քարոզչական գործունեությամբ, դարձի բերելով բազում հեթանոսների։ Այս տեսակետից անապատականության շարժումը զգալիորեն նպաստել է եկեղեցու գաղափարական նկարագրի հզորացմանը։ IV դ 2-րդ կեսին անապատականության շարժումն այնպիսի ծավալներ է ընդունել, որ Հայ եկեղեցին միջոցներ է ձեռնարկել անապատականների գործունեությունը կանոնակարգելու համար։ 356-ի Աշտիշատի ժողովի (տես՝ Աշտիշատի եկեղեցական ժողովներ) որոշումներից մեկի համաձայն, Ներսես Ա Մեծ կաթողիկոսը կարգադրել է անապատականների համար կառուցել երեք կարգի բնակարաններ.
 
  • եղբայրանոցներ կամ վանքեր միաբան կրոնավորների համար,
  • միայնարաններ, այսինքն այնպիսի վանքեր, որտեղ թեպետ շատերը բնակվեին, բայց առանձին ճգնեին,
  • բազում խրճիթներ միայնակյացների համար, և այս բոլորի համար կանոններ է սահմանել։

 

Աղբյուրների վկայությամբ, միջնադարյան Հայաստանում առավել մեծ հռչակ է վայելել Վաղարշապատի Սուրենա անապատը (V դ)։ Ունեցել է բազում կրոնավորներ, որոնց վերակացու է կարգվել V դ հայ պատմիչ Ղազար Փարպեցին։ V դ հայտնի է եղել նաև Վիշապաձորի անապատը (Կաղզվանից ոչ հեռու)։ Այստեղ Վարդանանց պատերազմից (451) հետո ճգնել են Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներ Թաթուլը և Վարոսը՝ իրենց հետևորդներով։ IX դարից անապատական կյանքի կենտրոններ են դարձել Սևանը, Մաքենիսը և Թանահատը։
 
 
Վերջին երկուսն այնպիսի բարձր մակարդակի են հասել, որ XI–XIII դդ Կիլիկիայից եկել են այստեղ կրոնավորական և աստվածապաշտական կարգեր ուսանելու։ Սևանի անապատը, որի հիմնադրումն ավանդությունը կապում է Ս. Գրիգոր Լուսավորչի անվան հետ, ծաղկել է Մաշտոց Եղիվարդեցու վանահայրության (863–897) օրոք (897–898-ին՝ Հայոց կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցի)։ Գոյատևել է մինչև XIX դ վերջը։ X դ հայտնի են եղել Տանձափարախ մենաստանը (Սյունիք), Տաթևի Մեծ Անապատը, Լիմ անապատը (XIV–XVII դդ) և այլն։ Տես նաև ՝ Վանականություն։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.