Encyclopedia

Ճառագայթում

Ճառագայթումն էներգիայի տեղափոխության տարատեսակ է:

Ճառագայթման էներգիայի որոշ տեսակներ, օրինակ՝ ռադիոազդանշաններն ու լույսը, տարածության մեջ տեղաշարժվում են ալիքներով (հաճախ՝ անտեսանելի): Ճառագայթման այլ տեսակներ մանրագույն մասնիկներ են, որոնք վիթխարի արագություններով դուրս են ժայթքում ատոմից: Ողջ Տիեզերքում տարածվող տիեզերական ճառագայթները բաղկացած են այդպիսի մանրագույն մասնիկներից:

Ճառագայթում առաջանում է Տիեզերքում կատարվող տարբեր շարժընթացների (օրինակ՝ պայթյունի, միջուկային ռեակցիաների և այլն) և առանձին նյութերի տրոհման հետևանքով: Այն նյութերը, որոնք տրոհվում են ճառագայթելով, կոչվում են ճառագայթաակտիվ: Որպես ճառագայթաակտիվ նյութերի օրինակ կարող է ծառայել ատոմային էլեկտրակայանների ռեակտորներում օգտագործվող վառելանյութը: 
 
Ճառագայթման վտանգները
 
Երկրի ընդերքում գտնվող ճառագայթաակտիվ նյութերը մշտապես արձակում են ոչ մեծ քանակներով միջուկային ճառագայթում: Այս երևույթը կոչվում է ֆոնային ճառագայթում: Որպես կանոն՝ այն ոչ մի վնաս չի հասցնում մարդկանց: Սակայն ճառագայթման մեծ քանակությունը կարող է վտանգավոր լինել: Օրինակ՝ բնական ճառագայթաակտիվ ռադոն գազը որոշ վայրերում դուրս է թափանցում Երկրի ընդերքից և երբեմն կուտակվում է բնակարաններում: Այդպիսի դեպքերում այդ գազի կուտակումներից ազատվելու համար հարկ է լինում գործի դնել հատուկ պոմպեր: 
 
Ճառագայթումից խուսափելու նպատակով միջուկային էներգիական կայանքներում (ատոմակայաններում և այլուր) ճառագայթաակտիվ նյութերը շրջափակում են բետոնե հաստ պատերով: Եթե այդպիսի կայանքում լուրջ վթար տեղի ունենա, ապա ճառագայթաակտիվ գազն ու փոշին կթափանցեն շրջակա միջավայր և կաղտոտեն խմելու ջրի ու սննդի պաշարները: Այդ ճանապարհով տարածված ճառագայթումը կարող է քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնալ նույնիսկ բազմաթիվ տարիներ անց:
 
Մարդու օրգանիզմ ներթափանցած (ներշնչվող օդի, ստամոքսաղիքային համակարգի կամ մաշկի միջոցով) ճառագայթաակտիվ տարրերի ազդեցությամբ (ճառագայթահարմամբ) կարող է առաջանալ ճառագայթային հիվանդություն, որի դեպքում ախտահարվում են արյունաստեղծ օրգանները, նյարդային և ստամոքսաղիքային համակարգերը:
 
Բժիշկները երբեմն միջուկային ճառագայթումը կիրառում են քաղցկեղային ուռուցքները ոչնչացնելու համար:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.