Encyclopedia

Տիգրանակերտ

Տիգրանակերտը, որ կառուցվել էր Տիգրան Բ-ի օրոք՝ 70-ական թթ. (մ. թ. ա) և նրա անունով էլ կոչվել, տարբեր ժամանակներում կրել է տարբեր անուններ՝ Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ և այլն։

Այն Հուստինիանոսի (527 — 565) կազմած Չորրորդ Հայքի կենտրոնն էր։ Իսկ Մորիկի կազմած (VI դ. վերջեր) մյուս Չորրորդ Հայքի կենտրոնը Ամիդն էր, հետագայի և այսօրվա Դիարբեքիրը։ Եվ ահա որոշ պատմագիրներ ու աշխարհագրագետներ, հնում և այժմ չկռահելով միևնույն անունը կրող, բայց տարբեր տերիտորիա և տարբեր կենտրոններ ունեցող հարևան նահանգների միաժամանակյա գոյությունը՝ Տիգրանակերտ-Մարտիրոսուպոլիսը շփոթել են Ամիդ-Դիարբեքիրի հետ, ենթադրելով, որ դրանք միևնույն քաղաքն են, նույն նահանգի՝ Չորրորդ Հայքի կենտրոնը։ Մինչդեռ Ամիդ-Դիարբեքիրը ու Տիգրանակերտ-Մարտիրոսուպոլիսը տարբեր քաղաքներ են, առաջինը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի ափին, իսկ երկրորդը՝ դրանից մոտ 60 կիլոմետր հյուսիս-արևելք, Սասունի լեռների հարավային ստորոտում։

Ֆարկինի ափին մինչև օրս էլ պահպանված են Հայաստանի վաղեմի հռչակավոր մայրաքաղաքի ավերակները: Նրա խարխլված հաստահեղույս պարիսպներն ու աշտարակները, առանձին խոշոր կառույցների մնացորդներ։
 
Տիգրան Մեծի ժամանակ, հատկապես մինչև Պոմպեոսի հետ կնքած հաշտությունը (65թ. մ. թ. ա.), իրոք որ նորաշեն Տիգրանակերտը տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական առումներով ուներ նպաստավոր դիրք: Նրանից ոչ հեռու հարավով ձգվում էր պարսից հին ճանապարհը՝ Դարեհ Առաջինի կառուցած «արքայական պողոտան», որի միջոցով Տիգրանակերտը հեշտությամբ կարող էր կապվել Միջագետքի, Արևելքի և Արևմուտքի երկրների հետ։ Այդպիսի սերտ կապերն ու հարաբերություններն իրոք որ բարերար ազդեցություն թողեցին Տիգրանակերտի զարգացման վրա։ Նպաստավոր էր նրա դիրքը նաև քաղաքական առումով։ Տիգրան Մեծի ժամանակ Տիգրանակերտը գտնվում էր հայկական պետության կենտրոնական մասում։ Նա կարող էր հավասարապես կապեր պահպանել երկրի բոլոր շրջանների հետ։ Իսկ Միջագետքի նկատմամբ ունեցած բարձր ու իշխող դիրքը և հյուսիս-արևելքից, հյուսիսից ու հյուսիս-արևմուտքից Իլիջայի լեռներով պաշտպանված լինելը Տիգրանակերտը ռազմաստրատեգիական տեսակետից դարձնում էր դժվարամատույց քաղաք։
 
Տիգրանակերտը գտնվում էր երեք կարևոր ճանապարհների խաչմերուկում։ Դրանցից մեկը քաղաքը միացնում էր պարսից «արքայական ճանապարհի» հետ, որի մասին խոսք եղավ քիչ առաջ, երկրորդը՝ Տիգրանակերտից Արտաշատ տանող ոչ պակաս բանուկ ուղին էր, որը սովորաբար կոչվում էր հայկական «արքայական ճանապարհ» կամ «պողոտա», իսկ երրորդը՝ Ներջիկի ու Շենիկի լեռնային շրջաններով գնում էր դեպի Արածանիի (Արևելյան Եփրատի) հովիտը։ Վերջինս առավելապես ռազմական ճանապարհ էր, ուներ ստրատեգիական կարևոր նշանակություն։
 
Տիգրանակերտը բավական արագ է զարգացել։ Ընդամենը 2—3 տասնամյակների ընթացքում այն դարձել էր հին Արևելքի մեծահռչակ քաղաքներից մեկը։ Քաղաքի զարգացումն ու բարգավաճումը շարունակվել 1 Տիգրանի թագավորության բոլոր տարիներին։ Լուկուլլոսի (69թ. մ. թ. ա.) և Պոմպեոսի (66 — 65 թթ. մ. թ. ա.) արշավանքները, այնուամենայնիվ, չկանգնեցրին մայրաքաղաքի առաջընթացը։ Ճիշտ է, Լուկուլլոսի կողմից գրավվելու ժամանակ այն մասնակիորեն ավերվեց, բայց այդ անցողիկ երևույթ էր և էական ազդեցություն չթողեց քաղաքի ընդհանուր կյանքի վրա։
 
Տիգրանակերտը հելլենիստական տիպի քաղաք էր։ Նրա հիմնական բնակչության մեծագույն մասը զբաղվել է արհեստագործությամբ և առևտրով։ Երկրագործությամբ հավանաբար այստեղ քչերն են զբաղվել։ Այդ պատճառով էլ բնակչության թվի համեմատ Տիգրանակերտը փոքր տարածություն է գրավել։ Նա նման չի եղել հին Արևելքի ստրկատիրական այն քաղաքներին (Բաբելոն, Նինվե և այլն), որոնք ունեցել են լայնատարած ցանքեր ու այգիներ և փռված են եղել մեծ տարածությունների վրա։ Դա պարզ կերպով երևում է այն բանից, որ Լուկուլլոսը համեմատաբար քիչ զորքերով կարողացել է շրջապատել բազմամարդ քաղաքը։
 
Հին աշխարհի մյուս քաղաքների նման Տիգրանակերտի բնակչության թվի վերաբերյալ նույնպես չկան ուղղակի վկայություններ։ Անուղղակի մի շարք փաստերի հիման վրա, այնուամենայնիվ, ենթադրվում է, որ քաղաքն իր ծաղկման շրջանում ունեցել է ավելի քան 100 հազար բնակիչ։
 
Ազգային տեսակետից Տիգրանակերտի բնակչությունը միատարր չէր։ Բնակչության ճնշող մասը կազմում էին հայերը։ Այստեղ բնակվում էին նաև մեծ թվով հրեաներ, հույներ, ասորիներ, կապադովկացիներ և այլք։ Եկվոր բնակչության մեծագույն մասը պատկանում էր այն գերիների թվին, որոնց 80 — 70-ական թվականներին (մ. թ. ա.) Կապադովկիայում, Արևելյան Կիլիկիայում, Ասորիքում (Սիրիա), Միջագետքում, Պաղեստինում և Փյունիկիայում վարած պատերազմների ընթացքում Տիգրան Մեծը գերել ու տեղափոխել էր Հայաստան՝ բնակեցնելով նրա տարբեր մասերում։ Դրանք հիմնականում արհեստավորներ ու առևտրականներ էին, որոնց մի մասը Լուկուլլոսի (69 թ. մ. թ. ա.) արշավանքից հետո վերադարձավ հայրենիք, իսկ մյուս մեծ մասը ընդմիշտ մնաց Հայաստանում։
 
Տիգրանակերտում տեղի ունեցած քաղաքական անցքերի առնչությամբ նրա մասին շատ տեղեկություններ են տալիս հունական ու հռոմեական հեղինակները։ Մեր մատենագիրներից Տիգրանակերտի հիմնադրման մասին վկայություններ ունի միայն պատմահայր Մովսես Խորենացին, իսկ հետագա դարերի վերաբերյալ հիշատակություններ ունեն նաև ուրիշ շատ պատմագիրներ։
 
Հին հունական ու հռոմեական պատմագիրների նկարագրությունների համաձայն, Տիգրանակերտը շրջապատված է եղել 50 կանգուն բարձրություն ունեցող պարսպով։ Հզոր պարսպի ներսում կառուցել էին պահեստներ, զինանոցներ, ձիերի համար ախոռներ։ Անմատույց միջնաբերդը գտնվում էր քաղաքի ներսում, իսկ Տիգրանի կառուցած փառահեղ պալատն իր օժանդակ հարմարություններով տեղադրված էր քաղաքից դուրս։
 
Քաղաքի զարգացած արհեստներից էին զինագործությունը, դարբնությունը, բրուտագործությունը, պայտարությունը, շինարարական արհեստները (քարտաշություն, որմնադրություն, ծեփագործություն և այլն)։ Լինելով տարանցիկ առևտրի հանգրվաններից մեկը, Տիգրանակերտը ևս իր արհեստավորական արտադրանքներով ակտիվ մասնակցություն է ունեցել այդ առևտրին։
 
Տիգրանակերտը ոչ միայն երկրի մայրաքաղաքը, արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն էր, այլև անտիկ շրջանի հայկական մշակույթի հայտնի օջախներից մեկը։ Տիգրանակերտում կար մշտական գործող թատրոն, որտեղ, հայերից բացի, հանդես էին գալիս նաև զանազան քաղաքներից հրավիրված օտարազգի (գլխավորապես հույն) դերասաններ։ Տիգրանակերտն ուներ դեռևս առաջին դարում (մ. թ. ա.) կառուցված թատրոնի շքեղ շենք, որի հետքերը նշմարվում են մինչև օրս։
 
Տիգրան Մեծից հետո Տիգրանակերտն այլևս բուռն զարգացում չի ունենում։ Դա նախ և առաջ բացատրվում է նրանով, որ Տիգրանից հետո Տիգրանակերտն ընդմիշտ դադարում է մայրաքաղաք լինելուց։ Տիգրանից հետո երկրի քաղաքական կենտրոններն էին դառնում բացառապես այն քաղաքները, որոնք գտնվում էին Այրարատյան աշխարհում (Վաղարշապատ, Դվին, Կարս, Անի և այլն): Սակայն Տիգրանակերտի տնտեսական ու մշակութային կյանքի վրա առանձնապես բացասաբար էին անդրադառնում Հռոմի ու Պարսկաստանի միջև պարբերաբար մղվող պատերազմները, պատերազմներ, որոնց համար թատերաբեմ էին դարձել ոչ միայն Հյուսիսային Միջագետքը, այլ նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները։ Տիգրանակերտն ավելի աննպաստ պայմանների մեջ ընկավ հատկապես Հայաստանը Հռոմի և Պարսկաստանի միջև բաժանվելուց հետո (387թ.)։ Նա գտնվում էր այս բաժանման գծի վրա, հռոմեական սահմանում։ Լինելով սահմանային, ժամանակի ընթացքում հռոմեացիները այն դարձնում են սովորական բերդաքաղաք։ Հետագա դարերում Տիգրանակերտն ավելի է կորցնում իր տնտեսական նշանակությունը։
 
Տիգրանակերտի պատմական ճակատագիրը հար ու նման է Հայաստանի հելլենիստական մյուս քաղաքների ճակատագրին։ II — III դարերից Հայաստանը վերջնականապես թևակոխում է ավատատիրության դարաշրջանը, երկրում զարգանում է ավատական ինքնաբավ տնտեսությունը։ Նախկին հելլենիստական տիպի քաղաքները՝ Արտաշատը, Երվանդաշատը, Զարիշատը, Զարեհավանը, Արշամաշատը, Արկաթիոկերտը և մյուսները, իբրև արհեստագործության, առևտրի ու հելլենիստական մշակույթի կենտրոններ, աստիճանաբար կորցնում են իրենց նախկին նշանակությունը և վերածվում ավատական քաղաքների։ Նույնպիսի ճակատագիր ունեցավ և Տիգրանակերտը։ Առաջանում են ավատական նոր քաղաքներ (Վաղարշապատ, Դվին և այլն), որոնք առաջ են անցնում այդ հին քաղաքներից։
 
Տիգրանակերտը դարեր շարունակ եղել է վարչաքաղաքական կենտրոն։ Տիգրան Մեծի օրոք նա Մեծ Հայքի մայրաքաղաքն էր, նրանից հետո առաջին դարից (մ. թ. ա.) մինչև V դարը հայկական պետության հարավային կողմի սահմանակալ իշխանության Աղձնիքի բդեշխության կենտրոնը, V — VII դարերում պարսկական պետության Արևմտյան քուստակի մեջ մտնող Աղձնիքի շահարի կենտրոնը։ Նա մեծ վարչատերիտորիալ միավորների կենտրոն էր նաև արաբական և սելջուկյան տիրապետությունների ժամանակներում։
 
Արաբական տիրապետության շրջանում (VII — IX դարեր) Տիգրանակերտը, որն այդ ժամանակ արդեն կոչվում էր Մուաֆարկին (կամ Ֆարկին) մասնակի աշխուժացում է ապրում, որովհետև նա մի մեծ մարզի վարչական կենտրոն էր։ Սակայն գտնվելով Բյուզանդական կայսրության և արաբական խալիֆայության սահմանային շրջանում՝ Տիգրանակերտը դառնում է սոսկ բերդաքաղաք, բազմամարդ կայազորի տեղադրավայր և պարբերաբար ավերվում էր այդ երկու աշխարհակալ պետությունների միջև մղվող երկարամյա պատերազմների հետևանքով։ XII դարից սկսած աստիճանաբար կորցնելով իր նշանակությունը, այն վերածվեց անշուք մի բնակավայրի:
 
Վաղեմի Տիգրանակևրտի ավերակներում մշտական պեղումներ չեն կատարվել: Նրա պատմությունը դեռևս անբավարար է ուսումնասիրված։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.