Encyclopedia

ՆԱՏՕ

1949 թ. ապրիլի 4-ին Վաշինգտոնում ստորագրվել է Հյուսիսատլանտյան պայմանագիր, որի հիման վրա էլ կազմավորվել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը կամ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ):

Գոյության առաջին տարիներին ՆԱՏՕ-ն հանդես էր գալիս որպես քաղաքական ընկերակցություն: Այժմ այն հավաքական անվտանգության կազմակերպություն է: Կազմակերպության կանոնադրությունը անդամ պետություններին պարտավորեցնում է իրենցից յուրաքանչյուրի վրա ուժի կիրառման պարագայում արձագանքել:

Կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար Լորդ Իսմեյն այսպես է սահմանել կազմակերպության նպատակը. «Հեռու պահել ռուսներին, մոտ`   ամերիկացիներին, ընկճված`   գերմանացիներին»: Պաշտպանական այս կառույցի նպատակները, սակայն, նախորդ դարից ի վեր որոշակիորեն վերաձեւակերպվել են: Դաշինքի համար բեկումնային էր մասնավորապես Սառը պատերազմի ավարտը, երբ հակառակորդ գլխավոր ուժի`   Վարշավյան պայմանագրի կազմակերպության փլուզումը զարկ տվեց Հյուսիսատլանտյան դաշինքի մինչև օրս շարունակվող ընդլայնմանը: 21-րդ դարում ՆԱՏՕ-ն գլխավոր մարտահրավերն է սահմանված ահաբեկչությունը:

Այժմ միջկառավարական այս կազմակերպությանը անդամակցում է 26 երկիր: Դաշինքում որոշումներն ընդունվում են համընդհանուր համաձայնությամբ`   կոնսենսուսով: Դաշինքի որոշումներ կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան Խորհուրդն է, որը գործում է երեք մակարդակներով`   մշտական ներկայացուցիչների, արտգործնախարարների կամ պաշտպանության նախարարների, պետությունների ղեկավարների: Երեք մակարդակում էլ Խորհուրդը որոշումներ կայացնելու նույն լիազորվածությունն ունի`   որոշումները համարժեք են`   կարգավիճակով եւ իրավական ուժով: Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումները վարում է կազմակերպության գլխավոր քարտուղարը, այժմ`   Յաապ դե Հոպ Սհեֆերը:
 
ՆԱՏՕ-ի ռազմական հիմնական մարմինը Զինվորական կոմիտեն է`   կազմված անդամ-երկրների զինված ուժերի ներկայացուցիչներից: Կոմիտեն պարտավոր է հանձնարարականներ ներկայացնել կազմակերպության քաղաքական կառույցներին պաշտպանության բնագավառում անհրաժեշտ միջոցառունների շուրջ: Պաշտպանության ծրագրավորման կոմիտեում 1966 թվականից ներկայացված չէ Ֆրանսիան: Գործնականում դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի հիմնական անդամների հավանությանն արժանացած, սակայն Ֆրանսիայի համար անընդունելի որոշումները կարող են ուղարկվել Կոմիտե`   առավել նպատակահարմար եզրակացության մշակման նպատակով: 
     
Կառույցն ունի նաև Խորհրդարանական Վեհաժողով. այս ձևաչափում կազմակերպության անդամ-երկրների պատգամավորները հնարավորություն ունեն քննարկել անվտանգության խնդիրներ: 
ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները ղեկավարվում են Զինվորական կոմիտեի նախագահողի և իրականացվում են ռազմավարական երկու`   Ատլանտյան ու Եվրոպական հրամանատարությունների կողմից. վերջինները գործում են Միացյալ Նահանգների բարձրագույն պաշտոնյայի հրամանատարությամբ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.